Իրականի ու երևակայականի սահմանը
Միսակ Հարթենյանը իր անհատական ցուցահանդեսին՝ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, ներկայացրել է վերջին տարիների շուրջ քառասուն աշխատանք։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի շրջանավարտն այժմ սովորում է ասպիրանտուրայում և ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի հայցորդ է։
Ինչպես ինքը՝ նկարիչն է ասում, և դա այդպես է՝ ստեղծագործողի ձևավորման համար կարևորը միջավայրն է։ Իր համար թե ուսման, թե ընտանեկան միջավայրերը բարենպաստ են եղել. հայրը նկարիչ է, և վաղ հասակից Միսակը առնչվել է արվեստի աշխարհին։ «Ստեղծագործելիս ցանկանում եմ լինել անկեղծ և հնարավորինս անկաշկանդ ներկայացնել այն ինչ տեսնում և զգում եմ։ Շրջապատում կատարվող իրադարձություններն ու երևույթները, մարդիկ ներազդում են իմ աշխատանքների մտահղացման վրա»։
Անկեղծությունն այն առաջին պայմանն է իհարկե, որ արվեստի որևէ գործ դարձնում է հաղորդակցելի, և եթե տաղանդով, բարձր արվեստով է արված, արդեն իսկ՝ ուշագրավ, նշանակելի և այլ։
Իր վերաբերմունքը միջավայրին, հաղորդակցումները երևույթների հետ տարբեր շերտեր ունեն. նա տեսնում է իրերն այլ կերպ, փոխում դրանց կերպարանքը։ Այստեղ արդեն խառնվում է նկարչի երևակայությունը, հեռանալով այսպես ասած բնօրինակից, նա կառուցում է նույնի իր պատկերացրածը, ներկայացնում իր հորինվածքը։ Ընտրված բոլոր թեմաներն այդ եղանակով են արված՝ քաղաքային տեսարաններ, կենդանիներ, բնության երևույթներ, պատրանքներ։ Ավելի ակնհայտ դա երևում է քաղաքային պատկերներում, երբ առօրեական, մեզ ծանոթ առարկան պատվում է երևակայական շղարշով, բարակ մի սահման է անցնում ամենօրյա մեր հայացքի քաղաքի և նկարչի պատկերածի միջև․ այդպիսին է «Տեսարան պատուհանից» նկարը, բազմանշանակ է «Ալեգորիա» վերնագրով աշխատանքը, որտեղ փոքր դետալները՝ իրար հետ կապ չունեցող ասես, ամբողջական պատմություն են ստեղծում։
Միսակ Հարթենյանի մասին խոսելիս կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը և գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը ընդգծեցին նրա հետաքրքրությունների լայն շրջանակը, կիրթ, բանիմաց լինելը, մարդկային դրական հատկանիշները, բարությունը, բացի նկարչությունից հետաքրքրությունը արվեստի պատմությամբ, տեսությամբ։ Եվ պատահական չէ, ինչպես ասաց նրա գիտական ղեկավարը՝ արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը, ուսումը նա շարունակեց այս ուղղությամբ և «շատ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին՝ բարդությունից չխուսախող անձնավորություն, որ ընտրել է հենց այդպիսի ու դեռևս չուսումնասիրված թեմա՝ «Օֆորտը 20-րդ դարի հայ արվեստում»։ Նա հիշատակեց նաև հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի արվեստի տպավորությամբ Հարթենյանի ստեղծած կոմպոզիցիոն մի աշխատանք։ Ցուցահանդեսի մի շարք աշխատանքներում էլ կարելի էր նկատել ոճային որոշակի աղերսներ իսպանացի նկարիչ Խոան Միրոյի հետ։ Եվ դա հետաքրքրական է։
Միսակ Հարթենյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել, մասնակցել միջազգային մրցույթների։ Ինքն ասում է, որ այս ցուցահանդեսը ասես ամփոփումն է ակադեմիական տարիների ստացած գիտելիքի։ «Ճանապարհդ լավ է լինելու, հնարավոր չէ նման մտածելակերպ ունեցող նկարիչը մնա ստվերում»,- նոր, ավելի մեծ ցուցահանդեսների մաղթանքով շնորհավորեց երիտասարդ նկարչին Էդիկ Վարդանյանը։
Մելանյա Բադալյան