Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի եվ մագիստրոսի «ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» կրթական ծրագրի ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն
ՀԳՊԱ տարբեր ֆակուլտետների ուսանողների տարվա ընթացքում ունեցած ցուցահանդեսները` «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կազմակերպվող, նրանց ստացած գիտելիքների և հմտությունների զարգացման արտահայտություններն են` որպես դասախոս-ուսանող հարաբերությունների, նրանց համատեղ աշխատանքի արդյունք։ Այդպիսին են մասնավորապես հաշվետու ցուցահանդեսները։ Իհարկե արդյունավետ են նաև հետցուցահանդեսային քննարկում ֊ վերլուծությունները, նպաստավոր ուսանողին` սեփական աշխատանքը գնահատելու, դիտել-դիտարկելու ավելի ուշադիր, ուրիշների հայացքով նաև, իր առավելություն-թերությունները գիտակցելու և դրանց վրա կենտրոնանալու առումներով։ Բոլոր այս ցուցահանդեսները, որոնք իհարկե ոգևորող հանգամանք ունեն, ստեղծագործական խթան հանդիսանալով, կարևորը սակայն` նախապատրաստում են ուսանողներին ավարտական քննական ցուցադրությանը` յուրաքանչյուր տարվա մայիսի վերջերին կայացող։
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ տեղի ունեցավ Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը` ցուցահանդեսային ներկայացմամբ։
Տպավորիչ, էսթետիկ առումով գրավիչ էքսպոզիցիա, որտեղ աչքի էին ընկնում կերամիկական շատ հետաքրքիր հորինվածքներ` ժամանակակից ոճավորմամբ, շատ լավ էին դիտվում ձեռագործ ` գորգագործական և կարպետագործական աշխատանքները` գունային ճաշակավոր մատուցմամբ, ընտրված դետալների, նախշազարդերի գեղեցիկ զուգակցմամբ, աչք շոյող նուրբ, մեղմ տոնայնությամբ։