ՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսին
Ապրիլի 5-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց եռօրյա «Կրթություն և կարիերա EXPO 2023» ցուցահանդեսը։ 22-րդ միջազգային մասնագիտացված այս ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և արտասահմանում գործող 80-ից ավելի հաստատություններ՝ բուհեր (այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան), քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան «Կրթություն և կարիերա EXPO 2023»-ի ընթացքում բոլոր հետաքրքրվողներին տրամադրում է ՀԳՊԱ-ի մասին անհրաժեշտ տեղեկատվություն: Բացի այդ, բուհի լավագույն ուսանողները ներկաներին են ցուցադրում իրենց մասնագիտական հմտությունները:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նա ողջունել է էքսպոյի մասնակիցներին՝ հատկապես կարևորելով դպրոցականների ներգրավվածությունը. «Սա մի հարթակ է, որտեղ մեկտեղվում են կրթության և աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները: Արդեն իսկ դպրոցական տարիքից աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքային հեռանկարներին և կողմնորոշվելու կրթություն ու մասնագիտություն ընտրելու հարցում՝ հետագայում իրենց ներուժը ծառայեցնելու մեր պետության տնտեսության զարգացմանը»:
Փոխնախարարը հավելել է, որ կրթության ռազմավարության գերակայություններից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը, և այս ցուցահանդեսը լայն հարթակ է նաև օտարերկրյա կազմակերպություններին ներկայացնելու ՀՀ կրթական հնարավորություններն ու դրա գործնական ապագան, ուրվագծելու համագործակցության հեռանկարները և մեծացնելու հետաքրքրությունների շրջանակը: Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին: