ՀԳՊԱ-ի ուսանողներին ներկայացվեց «Վերամտածելով սուտը. լուսանկարչությունը և ճշմարտությունը» թեմայով զեկույցը
Մայիսի 4-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում զեկույցով հանդես եկավ Բրաունի համալսարանի դոկտորանտուրայի ուսանող Սեմյուել Դրայվերը: Զեկույցի թեման էր «Վերամտածելով սուտը. լուսանկարչությունը և ճշմարտությունը ԽՍՀՄ-ում» («Rethinking the Lie: Photography and Truth in the USSR»)։
Սեմյուել Դրայվերը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից է: 2013-ին Բոսթոնի քոլեջում նա ստացել է բակալավրի աստիճան միջդիսցիպլինար փիլիսոփայություն մասնագիտությամբ: 2018-ին ստացել է մագիստրոսական աստիճան Բրաունի համալսարանի Սլավոնական հետազոտությունների բաժնում: Այժմ սովորում է նույն բաժնի դոկտորանտուրայում:
Սեմյուելը «Fulbright-Hays DDRA»-ի գիտաշխատող է, Իլինոյսի համալսարանի Բաց հետազոտական լաբորատորիայի գիտաշխատող և Սթենֆորդի ԱՄՆ-Ռուսաստան ֆորումի անդամ: Ակադեմիական շրջանակներից դուրս նա դասավանդել և հետազոտական աշխատանքներ է կատարել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ժամանակակից արվեստի թանգարաններում՝ միաժամանակ աշխատելով որպես թարգմանիչ Սանկտ Պետերբուրգի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում: Աշխատել է նաև որպես պրոֆեսիոնալ երաժիշտ․ 2013-ից համագործակցում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի երաժիշտների և արվեստագետների հետ: