Ֆոտոփառատոնի ճապոնական ներկայություն «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Օգոստոսի վերջերին մեկնարկած հայաստանյան առաջին միջազգային ֆոտոփառատոնի ծավալումները շարունակվեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ֆոտոփառատոնի մտահղացման և իրականացման հեղինակը՝ լուսանկարիչ Տաթև Մնացականյանը ՀԳՊԱ-ի նախկին սան է, իր միջազգային առաջին մրցանակն ստացել է հենց ուսումնառության տարիներին իտալական Թուրին քաղաքի մի մրցույթում: Հետագայում բազմակի մասնակցությունները միջազգային ցուցահանդեսներում, նաև եվրոպական մի շարք երկրներում աշխատանքների անհատական ցուցադրությունների փորձը հանգեցրին նրան այսպիսի ծրագրի մտահղացման և իրականացման: Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը մասնակիցների բավական լայն աշխարհագրական մասնակցություն է ապահովել․ արվեստագետներ են ժամանել Ճապոնիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Բելառուսից:
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված են ճապոնացի լուսանկարիչներ Շոթա Նագասեի և Ջուն Սատոի և ֆրանսահայ արվեստագետ Դավիթ Ապիկյանի աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էր Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան: Տարիներ արդեն ՀԳՊԱ-ն համագործակցում է Ճապոնիայի դեսպանատան հետ, ճապոնական մշակույթը ուսանողների շրջանում տարածելու ուղղությամբ բավական աշխատանքներ են տարվել: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը դեսպանին պատմեց ճապոնացի վարպետների՝ ակադեմիայի դահլիճում իկեբանայի, սումի-է գեղանկարչության, ճապոնական կալիգրաֆիայի վարպետաց դասերի, թեյախմության արարողության մասին: Նա նաև ասաց, որ ինքն էլ տարիներ առաջ հրավիրվել է Տոկիոյի հայտնի Սոկա համալսարան, պատվավոր դոկտորի կոչման է արժանացել: Դեսպանը գոհունակությամբ անդրադարձավ հայաստանյան ֆոտոփառատոնին ճապոնացի լուսանկարիչների մասնակցությանը՝ ցուցադրության մեջ առավելություն տալով հայ-ճապոնական համատեղ ներկայությանը:
Նախասրահում ցուցադրված Դավիթ Ապիկյանի աշխատանքը հետաքրքրական նախապատմություն ունի: 1984-ից Փարիզում բնակվող հայ արվեստագետը զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, մուլտիպլիկացիոն արվեստով: Ներկայացված City BWR J-N գործը նվիրված է 17-րդ դարի իտալացի նկարիչ Մատտեո Ռոսելիին և ներշնչված երկու դիմանկար աշխատանքից՝ «Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին» և «Սան ֆրանչեսկոն և Սանտա Շիարան»։ Այս գործերը պահվում են իտալական Սան Ջիմինյանո քաղաքի եպիսկոպոսական թանգարանում: Կիրառված տեխնիկական հնարանքի իմաստը որոշակի ռակուրսի տակ հավաքված նկարի ընկալման տարբերություններն են՝ տարբեր կետերից դիտված: Նրա քաղաքը համանման վիզուալ տեսարան է, ցերեկային և գիշերային համաժամանակյա քաղաքից ածանցվող մի երրորդ իրականությունը նկատվում է որպես արդի ինդուստրիալ դրաշրջանի փոխհարաբերություն:
Դավիթ Ապիկյանի անիմացիոն աշխատանքները միանգամայն այլ բնույթի են. մարդու ենթագիտակցական շարժը երազի մեջ, մարդու հոգու ճամփորդությունը, հավերժական պտույտը՝ լուսային կետերի միոցով:
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Տաթև Մնացականյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, Արամ Իսաբեկյանին՝ փառատոնին, առհասարակ արվեստին, երիտասարդ սերնդին մշտապես աջակից ու նեցուկ լինելու նրա պատրաստակամության համար, Ճապոնիայի դեսպանատանը՝ համագործակցության համար: Նա նաև տեղեկացրեց օրեր առաջ «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում կազմակերպված իտալացի, ֆրանսիացի և վրացի լուսանկարիչների ևս մեկ ցուցադրության մասին, որի ընթացքում ներկայացվել է Վարպետի արխիվային եզակի լուսանկարներ:
Մելանյա Բադալյան