Յուրահատուկ հայացք ներսից
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց «Հայացք ներսից» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է «Արվեստի պատմության և տեսության» բաժնի մագիստրոսական ավարտական կուրսի ուսանողների միջոցով ներկայացնել մագիստրոս գեղանկարիչների, քանդակագործների և գրաֆիկների ՀԳՊԱ-ում ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների զուգորդումը իրենց անհատական մտածողության հետ:
Այս ցուցահանդեսը առանձնանում է նաև նրանով, որ հնարավոր է դարձնում մեկ խորագրի ներքո համախմբել արվեստաբան և ստեղծագործող ուսանողներին: Գեղանկարչության բաժինը ներկայացնում են՝ Լիլիթ Մարտիրոսյանը, Արամ Պարունակյանը, Կարոլին Սեմիրջյանը, Արթուր Սարգսյանը, Յան Էն Վենը և Լուսինե Բաղդասարյանը: Նրանց հիմնականում հետաքրքրում են կենցաղային և քաղաքային տեսարանները, որոնցում նկատվում է իրականության ընկալման սեփական մոտեցումների փորձը:
Ներկայացված են նաև քանդակագործներ Գրիգոր Դարբինյանի, Եղիազար Միրզոյանի, Ալիսա Գևորգյանի և Մհեր Ավագյանի բրոնզե, գրանիտե և բազալտե աշխատանքները: Մագիստրոս քանդակագործների աշխատանքներում տեսնում ենք նրանց մտքի արտացոլումը, որոնք դրսևորվում են բազմաֆիգուր կոմպոզիցիա ստեղծելու հմտությամբ, իրական կյանքի համադրմաբմ երևակայականի հետ:
Ցուցահանդեսում ընդգրկվել են նաև գրաֆիկայի բաժնի ուսանողներ Աննա Մանուկյանի, Մարիետա Արզումանյանի, Ռիմա Նանյանի և Վիկտորիա Շահբազյանի փորագրանկարները, որոնք երբեմն ակտիվ, մաքուր գույների համադրությամբ, երբեմն էլ շեշտված կամ նուրբ ու փափուկ գծերի միջոցով ներկայացնում են իրենց ներաշխարհի հույզերը:
Այս ցուցահանդեսը կարևորում է սերտ կապն ու համագործակցությունը երիտասարդ արվեստաբանների ու ստեղծագործող արվեստագետների միջև, և հուսով ենք, որ Գեղարվեստի ակադեմիայում ավանդույթ կդառնա։ Նշենք նաև, որ ցուցահանդեսի համադրողներն են Օֆելյա Ազիզյանը, Տաթևիկ Պետրոսյանը և Սոնա Կյուրեխյանը։