Ճապոնական գեղագրության վարպետաց դաս ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և հայ-ճապոնական «Հիկարի» կրթամշակութային կենտրոնի համագործակցությունը տարեց տարի ավելի սերտանում և արդյունավետ է դառնում: Այն բազմաթիվ միջոցառումները, հանդիպումները, վարպետաց դասերը, որ կազմակերպվում են համատեղ, ուսանողներին տրված բացառիկ հնարավորություններ են՝ հաղորդակցվելու հեռավորարևելյան այս երկրի յուրահատուկ մշակույթին և հարուստ ավանդույթներին՝ այդ մշակույթը և ավանդույթները անմիջականորեն կրող վարպետներից: Սումի-է նկարչության, իկեբանայի, թեյախմության վարպետաց դասեր անցկացնելու համար արդեն մի քանի տարի Տոկիոյից Երևան է գալիս իկոնոբո դպրոցի բարձրագույն պրոֆեսոր Միդորի Յամադան: Յուրաքանչյուր անգամ հետևելով դասավանդման ընթացքին՝ մեղմ և խոնարհ այն տոնայնությանը, այն մթնոլորտին, որ ստեղծում է նա իր շուրջը՝ անշուշտ օրինակելի, կարևոր մի բան փոխում է ներսումդ։
Ապրիլի 11-ին և 12-ին ակադեմիայի դահլիճում դարձյալ հանդիպում էր ճապոնական մշակույթի հետ։ Այս անգամ գեղագրության (կալիգրաֆիայի) վարպետության դաս էր անցկացնում Հասեբե Տոմոկոն. նա օրիգամիի, իկեբանայի, թեյախմության, սումի-է նկարչության, գեղագրության վարպետ է: ՀԳՊԱ-ի ուսանողներին միացել էին Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի սաները: Ողջունելով նրանց և ներկայացնելով հյուրին՝ գեղարվեստի ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը ուսանողներին հորդորեց օգտվել տրված հնարավորությունից՝ ծանոթանալու ճապոնական գեղագրական արվեստին և դրա առանձնահատկությունների մասին իմանալ ճապոնացի վարպետից:
Օգտագործվող նյութերը՝ սև տուշ, ճապոնական ավանդական թուղթ, հատուկ վրձիններ, Հասեբե Տոմոկոն իր հետ էր բերել. դրանք սահմանափակ քանակությամբ էին իհարկե, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր, այդ պատճառով ուսանողների մի մասը հնարավորություն ունեցավ վրձնի և թղթի հետ աշխատելու, մյուսները հետևում, ունկնդրում էին: «Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը ուսանողներին խորհուրդ տվեց միտքը ազատ թողնել և կենտրոնանալ, հետևել կատարվող աշխատանքին՝ ասելով, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ է ճապոնական գեղագրության վարպետաց դաս անցկացվում և պետք է առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից:
Գեղագրությունը՝ ճապոնական մշակույթի ավանդական ու կարևոր տեսակներից մեկը, գնահատված արվեստ է այս երկրում, պարտադիր ուսուցման առարկա դպրոցներում, արվեստի համալսարաններում կալիգրաֆիայի ուսումնասիրության հատուկ ֆակուլտետներ են գործում: Ճապոնական կալիգրաֆիան ունի հազարամյակների պատմություն, սկիզբ է առել մ.թ. ա. 2-րդ հազարամյակում, ձևավորվել է չինական ձեռագրարվեստի սկզբունքների հիման վրա, մշակվել, ավելի պարզեցվել է։ Ավելի ուշ ստեղծվել են նոր ոճեր և ուղղություններ: Այս արվեստը պահանջում է առավելագույն կենտրոնացում և կատարման տեխնիկայի գերազանց տիրապետում, տարիների աշխատանք՝ կատարելության հասնելու համար: Կարևոր է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մանրուք՝ նստելու դիրքը, արմունկը սեղանին չհենել, պահել օդում, ձեռքի շարժումները, ռիթմը: Գծերի, շտրիխների, կետերի պահանջվող համակցմանը հասնելու համար շատ կարևոր է վրձնի տիրապետման ավանդական մշակույթի իմացությունը:
Վարպետաց դասի ավարտին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը շնորհակալագիր հանձնեց Հասեբե Տոմոկոյին` իր երախտագիտությունը հայտնելով վերջինիս։ Հասեբե Տոմոկոն մեծ սիրով ընդունեց շնորհակալագիրը և ասաց, որ տպավորված է ակադեմիայի ուսանողների ընդունակություններից։
Մելանյա Բադալյան