Հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեկը մյուսին հերթագայող բավական բարձր մակարդակի ուսանողական ցուցահանդեսներ է կազմակերպում, որոնցից վերջինը դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների ամենամյա հաշվետու ցուցահանդեսն է:
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, որ մշտապես մասնակցում է բոլոր ցուցահանդեսներին և դրանց էքսպոզիցիոն աշխատանքներին, բացմանը իր վերաբերմունքն ու նկատառումներն անկեղծորեն հայտնում է ուսանողներին և դասախոսներին, և սա, խթան և ոգևորող հանգամանք է մասնակիցների համար: Նա նկատեց, թե որքան է ակտիվացել ցուցասրահի աշխատանքը ոչ միայն ցուցահանդեսների հաճախականության, այլև որակային առումով: «Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ միայն սովորում են, գիտելիք ստանում, նաև ստեղծագործում են: Պրոֆեսիոնալ աշխատանքներ են, որ ուզածդ ցուցասրահը կզարդարեն, կազմակերպված է շատ լավ և մատուցված պատշաճ մակարդակով»:
Արդեն ավանդույթի վերածված ֆակուլտետի ամենամյա հաշվետու ցուցահանդեսի աշխատանքների մասին խոսեց դեկան Ավետիք Ավետիսյանը և տեղեկացրեց, որ հաջորդը լինելու է 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների ցուցահանդեսը: Այս երկու ցուցահանդեսների հերթագայությունը կպարզի, «թե սխալ է այն մոտեցումը, որ նատյուրմորտը մեր ուսանողներին անհրաժեշտ չէ, քանի որ հստակ կերևա, թե ինչպես են նրանք նատյուրմորտից հասել կոմպոզիցիոն նման մտածողության»: Նա ուշադրություն հրավիրեց ըստ մասնագիտությունների (համակարգչային գրաֆիկա, դիզայն) ներկայացված աշխատանքներում եղած տարբերություններին:
Գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը խոսեց տարիներ առաջ նախաձեռնած ծրագրային փոփոխությունների մասին, ներկայացրեց դրա առավելություններն ու արդյունքը, և թե ինչ ազդեցություն է ունեցել հիշյալ մասնագիտությունների ուսուցման վրա գունանկար և գծանկար առարկաների ազդեցությունը, որը նախկինում բացակայում էր: Նա նաև ընդգծեց դասախոսների հոգատար վերաբերմունքը և աջակցությունը ուսանողներին՝ որպես ստեղծագործող անձ նրանց ձևավորաման վրա: Անդրադառնալով նախատեսվող ցուցահանդեսին՝ նշեց, որ առաջադրանքային (նատյուրմորտ, ֆիգուր) այդ ցուցահանդեսը կդերսևորի այն աճը ստեղծագործական զարգացումների, որ ունենում են ուսանողները այսպիսի փոփոխության, նման բազայի առկայությամբ: Նա շնորհակալություն հայտնեց ռեկտորին, ցուցասրահի աշխատակիցներին՝ աշխատանքային ջերմ մթնոլորտ ստեղծելու համար:
Սովորաբար մասնակից ուսանողները ելույթների առումով զուսպ են, սահմանափակվում են շնորհակալական պարզ խոսքերով: Այս անգամ մի փոքր տարբեր էր. հաճելի էր լսել ուսանողուհիներից մեկի գեղեցիկ խոսքը՝ ուղղված ռեկտորին, դասախոսներին, ընկերներին: «Մենք բոլորս կտավ ենք, կտավ, որ գույն չունի: Դուք գույներ եք հաղորդում դրան: Նկարիչը չի կարող ստեղծագորել առանց էմոցիայի, առանց ներշնչանքի, առանց սիրո, դուք դա եք մեզ տալիս»:
Կարեն Աղամյանը, որ 1960-ականներից՝ նախ որպես ուսանող, ապա որպես դասախոս կապված է ակադեմիայի և հատկապես դիզայնի բաժնի հետ, համեմատության մեջ դնելով քսան, երեսուն տարիներ առաջվա ուսանողների աշխատանքները ներկայի հետ, շատ մեծ փոփոխություններ է նկատում, նոր մոտեցումներ, ձև ու գիծ, և հատկապես ոգևորություն: «Դասական արվեստի և դրա ուսուցման ակադեմիական հիմքը, որ պահպանում է կրթական այս օջախը, այն գիտելիքը, որ այստեղ փոխանցվում է երիտասարդներին, հնարավորություն է տալիս զարգացնել, հարստացնել դրանք նորարարական հետաքրքիր մոտեցումներով: Եթե ունեք ակադեմիական այդ հիմքը, կարելի է անել ամենահամարձակ քայլերը»:
Մելանյա Բադալյան