Գեղարվեստի ակադեմիայի սաները փայլեցին «Yerevan Fashion Week»-ի ժամանակ
Օրերս մայրաքաղաքի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Yerevan Fashion Week. Golden Lace» ցուցադրությունը: Դիզայներական հագուստ, ոսկերչական զարդեր. նորաձևության ու գեղեցիկի սիրահարները հնարավորություն էին ստացել իրենց աչքերով տեսնել և գնահատել արտասովոր հավաքածուները:
Ներկայացնելով ճանաչված դիզայներների, ինչպիսին, օրինակ, ռուսական նորաձևության լեգենդ Վյաչեսլավ Զայցևն է, «Yerevan Fashion Week. Golden Lace»-ն իր աջակցությունն է ցուցաբերում նաև սկսնակ դիզայներներին: Այսպես, հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների ցուցադրությունը։ Հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո հարթակում իրենց աշխատանքները ներկայացրեցին Աշխեն Չալիկյանը, Արփինե Սիմոնյանը, Սուսաննա Գրիգորյանը, Մարթա Խաչատրյանը, Լեյլա Ղազամփուրը, Անի Մուրադյանը, Կարինե Ղարախանյանը, Սարա Հարությունյանը, Ալիսա Յայլախանյանը, Բոգդանա Նահապետյանը, Քրիստինե Հովսեփյանը, Մարիամ Մանասերյանը, Լարիսա Սիմոնյանը, Աստղ Գրիգորյանը, Հաջի Մարտիրոսյանը, Նազելի Մալխասյանը, Արփի Գրիգորյանը, Մերի Բալոյանը, Գարուն Յարալյանը, Սիմա Ջանիբեկյանը և Վերա Մխիթարյանը։
Նշենք նաև, որ «Yerevan Fashion Week. Golden Lace» ցուցադրության առաջին օրը ներկայացել էին «Fashion Campus Armenia» նորաձևության դպրոցի և Վլադիկավկազի (Ռուսաստան) «ALMAST studio by LISSA»-ի դիզայներները։ Իսկ նորաձևության շաբաթը եզրափակվեց «Kids Fashion Day» նախագծի ցուցադրությամբ: