Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները բիզնես հմտություններ են ձեռք բերում
Դեկտեմբերի 4-ին և 5-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին «Բիզնես հմտություններ» երկօրյա դասընթացները, որոնց մասնակցեցին այն ուսանողները, ովքեր ունեն բիզնես գաղափար և առաջիկա երեք տարվա ընթացքում պլանավորում են հիմնել բիզնես։
Դասընթացների բացման օրը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը։ Նա նշեց, որ այս դասընթացները առավել կարևոր են հենց Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների համար, քանի որ վերջիններս, ուրիշ բուհերի ուսանողների համեմատ, առավել հաճախ են իրենց բիզնեսը հիմնում։ Այվազյանը հաջողություն մաղթեց ներկաներին և հույս հայտնեց, որ «Բիզնես հմտություններ» դասընթացները օգտակար կլինեն ակադեմիայի ուսանողների համար։
Նշենք, որ այս դասընթացների նպատակն է Հայաստանում աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին ձեռք բերելու կյանքի հմտություններ (մասնագիտական հմտությունների իրացման, հաղորդակցման, թիրախավորված աշխատանք փնտրելու և գտնելու հմտություններ) և բիզնես հմտություններ (նախագծերի կառավարում, բիզնես պլանավորում, ֆինանսներ, վաճառքի և բանակցելու հմտություններ)։ Ծրագիրը նախատեսում է մինչև 2020-ը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդների։ Դասընթացները իրականացվում են մենթոր-գործատուների անմիջական մասնակցությամբ ։ Արդեն 1400 երիտասարդ Երևանից, Տավուշի, Շիրակի, Արարտի, Արմավիրի, Լոռու մարզերից մասնակցել են այս դասընթացներին։