Անկեղծություն՝ ինքն իր և նկարչության հանդեպ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվել է Րաֆֆի Ղազարյանի անհատական առաջին ցուցահանդեսը: Րաֆֆին սովորում է կերպարվեստի բաժնի ավարտական կուրսում, պատրաստվում է դիպլոմային պաշտպանության: Ցուցահանդեսը խորագրված չէ, խորագրված չեն նաև ներկայացված աշխատանքները: Օտար հայացքի հաղորդակցումը նկարների հետ դժվարություն չի հարուցում, դրանք մերձ են, անկաշկանդ ու անմիջական:
Րաֆֆին գույնի ու մտքի նկարիչ է. օգտագործված են երփնապնակի վառ և պաստելային երանգներ։ Շարքերից մեկում պատկերված բնակավայրերը, քաղաքային տեսարանները մայրամուտի բոսորագույնի մեջ խիստ արտահայտչական են, գունային էմոցիոնալ հնչերանգներով, կոնտրաստները իրար լրացնում են սահուն և ստեղծում շարժման տպավորություն: Ամբողջական մեկ շարք՝ նվիրված բանակային թեմային, արտահայտում է զինվորի առօրյան, միջավայրի հարազատ ու բնական դրսևորումներով: Նուրբ և զգայուն են ճեպանկարները: Բանակային տարիներին արված փոքր չափի գրաֆիկական այս գործերում՝ բնանկար, կամ որևէ այլ տեսարան, նկատելի է նկարչի հոգու շարժը, քնքշություն ու կարոտ կա կարծես: Նրա վրձնի մեջ անթաքույց է ջերմությունը, միջավայրի, կյանքի հանդեպ սերը: Այդպիսին նա տեսնում է աշխարհը, այդպիսին իր հայացքն է՝ ներշնչված ու վարակող:
Րաֆֆին աշակերտում է ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանին և դասախոս Արթուր Հովհաննիսյանին, նրանց փորձն ու վարպետությունն է փոխանցվում երիտասարդ նկարչին: Տաղանդավոր, լավ գործերի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ մշտապես անկեղծ ու շռայլ Արամ Իսաբեկյանն այս անգամ մեկ այլ ոգևորությամբ խոսեց Րաֆֆիի նկարների և նրա մարդկային հատկանիշների մասին՝ բնութագրելով նրան ոսկի տղա ոչ սովորական արտահայտությամբ: «Ուրախ եմ, որ այսպիսի ուսանող ունեմ: Ես շատ փայլուն ուսանողներ եմ ունեցել և հիմա էլ ունեմ: Զարմանում եմ, թե որքան շնորհալի ու նաև լավ մարդիկ են նրանք, սա շատ կարևոր է: Շնորհակալություն իր ընտանիքին, ծնողներին, պապիկին, նրանց, ովքեր իրեն դաստիարակել են այսպիսին՝ լավ մարդ: Րաֆֆին ծառայել է բանակում: Հանդիպել եմ այնպիսիններին, ովքեր մտածում են, թե բանակը խանգարում է նկարչին, նրա ստեղծագործական աշխատանքին: Դա բոլորովին այդպես չէ, չի խանգարում. ահավասիկ այսօրվա ցուցահանդեսը: Բոլոր ճեպանկարները նա արել է բանակում, այդ միջավայրը, բազմաթիվ կոմպոզիցիաները, որ գունանկար են դարձել, հետագայում իրեն կծառայեն որպես հիմնական նյութ: Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի վերաբերմունքի, երբ արվեստագետը բանակից այսքան նյութ քաղի, և որն այսքան հագեցած լինի արվեստով: Րաֆֆին փնտրտուքների մեջ է, և շատ հետաքրքրական զարգացումներ կան: Երբ տաղանդի հետ ճիշտ տեղում նաև աշխատասիրությունն է, այսպիսի արդյունքի է բերում»,- ասաց Արամ Իսաբեկյանը:
Րաֆֆին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, նաև՝ միջազգային, հաջողություններ է ունեցել: Նա ուսումը թողել է կիսատ և բանակ մեկնել կամավոր: Բանակային կյանքի տարիները հիշում է սիրով. «Նկարչությունը պարտադրանք չէ, այն ազատ է, կարող ես անել այն, ինչ ինքդ ես ուզում: Ես ուզում եմ շրջապատող աշխարհը նկարել այնպես, ինչպես ինքս եմ զգում»: Եվ այն գունահագեցված է ու զգացմունքային:
«Վեց տարի է՝ ճանաչում ենք Րաֆֆիին, ականատեսն ենք նրա ընթացքին հենց սկզբից: Այս ողջ ժամանակահատվածում տարակուսանքի տեղ չի թողել, որ ինքը այս աշխարհի, այս առաքելության նվիրյալն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Շնորհալի նկարչին մնում է, ինչպես Արամ Իսաբեկյանը մաղթեց, չկորցնել աշխատանքային լավատեսական մղումը, նաև արվեստագետի բախտ՝ գտնելու իր արվեստը գնահատողին, հասկացողին, որ տալիս է ապահովություն՝ սիրած գործով մշտապես զբաղվելու:
Մելանյա Բադալյան