Սարգիս Բաբայան․ «Որքանով անկեղծ ես՝ այնքան հաջողված ես արվեստում»
Երևանի Մարզահամերգային համալիրը՝ մեզ համար կարևորագույն ու ամենախորհրդանշական վայրի՝ Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող, թեև տպավորիչ ճարտարապետական լուծումներով, այդուհանդերձ, ամբողջանալու անհրաժեշտություն ուներ։ Այսօր արդեն համալիրի ողջ միջավայրը փոխված է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումով և ոչ պակաս կարևոր՝ արձանի ընդարձակ տարածքի ճաշակավոր ձևավորումով։ Խորհրդային Հայաստանի ամենասիրված ղեկավարի, ավելի ուշ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի՝ Կարեն Դեմիրճյանի արձանի՝ Երևանում տեղադրելու գաղափարը դեռ տարիներ առաջ կար. շրջանառվում էին քանդակագործների անուններ, կային նախագծեր, առաջարկվում էին տեղադրման տարբեր վայրեր։
Սակայն ավելի համապատասխան, քան իր ղեկավարման տարիներին կառուցված և իր անունը կրող այս համալիրի միջավայրում է, թերևս չէր կարող լինել։ Մարզահամերգայինի դիմաց՝ պողոտային հարող հատվածի դատարկ, ոչինչ չասող տարածքը բոլորովին փոխված է, այն իսկապես շուք ու կենդանություն է առել։
3,2 մ բարձրությամբ (պատվանդանով՝ 4,3 մ) բրոնզաձույլ արձանը ուշադրություն գրավում է նախևառաջ ներքին դինամիզմով, քանդակը քայլում է, շարժվում, գործողության, ընթացքի մեջ է։ Հեղինակին՝ Սարգիս Բաբայանին հաջողվել է ստեղծել ամբողջական կերպար, ոչ միայն զուտ արտաքնային հատկանիշներով նման, այլև կերպարին ամենից բնորոշ հատկանիշները քանդակի մեջ մարմնավորելու, արտահայտելու առումով. որ է՝ հաստատակամությունը, կամքը, ուժը, նպատակայնությունը, հեռատեսությունը։ Այս պարագայում շատ ավելի բարդ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ վաղ անցյալի պետական-քաղաքական գործչի կերպարին, հանրահայտ, ճանաչված մարդուն, որ սիրված ու գնահատված էր ժողովրդի կողմից։
Անկասկած է, որ արձանի շրջակա տարածքի ընդարձակությունը՝ հեռավորության զգացում փոխանցող, լայն տեսադաշտ է ստեղծում, լրացնում, ամբողջացնում է կերպարը, բաց, շնչող մթնոլորտ գոյացնում շուրջը։ Կատարված շինարարական աշխատանքները գոհացնող արդյունք են տվել. ձևափոխելով տարածքը, որոշակիորեն բարձրացնելով այն, փոխել են լանդշաֆտը, թեքություն հաղորդել, ինչն իսկապես տպավորիչ է դարձնում դիտումը, նաև երեկոյան ժամերին՝ արձանը բոլորակող հատուկ լուսարձակների տեղադրումով։
2019-ին ՀՀ Կառավարության նիստում է հաստատվել արձանի հեղինակի անունը՝ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ուսանող, ներկայում Քանդակագործության ամբիոնի դասախոս Սարգիս Բաբայանի, որին վիճակված էր ստեղծագործելու հատկապես առաջին տարիներին հաղթահարել լրջագույն խոչընդոտներ․ նախ համավարակը մարդկային գործունեության գրեթե ամբողջական սահմանափակումներով, դրա հոգեբանական հետևանքներով, կորուստներով, ապա և անմիջապես վրա հասած Արցախյան 2-րդ պատերազմը, որը մարդկային անդառնալի, հողային, նյութական կորուստներով, մտածողության, հոգեբանության վրա առաջացրած ահռելի ճեղքերով շատ բան փոխեց հայ մարդու կյանքում։ Դժվար է ասել՝ ցավից ավելի անտարբերացավ նա, թե ավելի շատ բան սկսեց հասկանալ…
Այս արձանը Երևանում տեղադրված առաջին գործն է Սարգիս Բաբայանի և իհարկե մեծ է եղել պատասխանատվությունը։ Երբ հարցրեցի դժվարությունների, խոչընդոտների մասին, ասաց. «Պատերազմից ավելի մեծ խոչընդոտ չի եղել։ Շատ բարդ էր պատերազմի արհավիրքը, ցավը հաղթահարել ու աշխատել։ Դա ամենակարևոր փուլն էր աշխատանքային, ավելի քան տասը էսքիզ եմ արել այդ ընթացքում, երեքը՝ խոշոր, մեկ մետրանոց, որոնցից էլ ընտրվեց վերջնական տարբերակը մանրակերտի։ Սակայն պատերազմը միաժամանակ ուժ էր տալիս ստեղծելու այնպիսի արձան, որ կարևոր ասելիք փոխանցի սերունդներին, պետականամետ, հարցեր լուծող, ուժ ու կամք փոխանցող առաջնորդի կերպար մարմնավորի։
Կան բաներ, որ մարդկային իմ ուժերով գիտեմ՝ չեմ կարող հաղթահարել, կարևորը նաև ճիշտ ճանապարհին կանգ առնելն է։ Սա իրոք մեծ աշխատանք էր, ու այնպես չէ, որ ես փորձառու եմ։ Աղոթքով, Աստծո ողորմությամբ հաղթահարեցի»։
– Ստեղծագործության հիմքում դրված գլխավոր գաղափարը ո՞րն է, ինչ է նա փոխանցում հայ մարդուն, անցորդին։
– Արձանները կարևոր հաղորդագրություններ են փոխանցում, նրանց վրա ֆունկցիա կա դրված՝ ոչ միայն ճանաչողական կամ էսթետիկ նշանակությամբ են, դաստիարակչական միջոց են նաև։
Ես ունեցել եմ պատկերացում՝ ստեղծելու կերպար, ոչ թե մահարձան։ Միշտ եմ դեմ եղել մահարձաններին։ Շատ բարդ ու պատասխանատու է եղել Դեմիրճյանին քանդակել։ Բավական հանգամանալի ուսումնասիրել եմ խորհրդային՝ նրա ղեկավարման շրջանը։ Ինչի՞ն էր հիմնականում ուղղված ներքին քաղաքականությունը, ինչի վրա էին ավելի կենտրոնացնում նյութական ռեսուրսները, ուշադրությունը, ինչպիսի նշանակություն ուներ կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Ես չեմ եղել խորհրդային կրթության կրող, բայց հետքերն եմ տեսնում՝ որակը, էսթետիկան, ճաշակը. ինչ արժեքներն են ուղղորդել մարդկանց, արվեստի չափանիշները ինչպիսին էին, ովքեր են եղել այն ժամանակների հեղինակությունները, ինչպիսի գիտնականներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ ենք ունեցել և ինչպիսին է եղել երկրի ղեկավարի վերաբերմունքը, Դեմիրճյանի վերաբերմունքը գիտությանը, արվեստին։
Պատմում են, որ շատ հաճախ էր գնում Արա Հարությունյանի արվեստանոց` տեսնելու ինչ ընթացքի մեջ է Կոմիտասի քանդակը, որն այժմ Կոնսերվատորիայի դիմացի այգում է դրված։ Հենց ինքն է ցուցահանդեսի ժամանակ նկատել, ուշադրություն դարձրել էսքիզին։ Եթե չնկատեր, չգնահատեր, չէր լինի այն այսօր։ Նույն վերաբերմունքը նաև Մարզահամերգային համալիրի ճարտարապետների նկատմամբ է ունեցել, նրանց գործուղել է Դիլիջան՝ պայմանով, որ Երևան չեն վերադառնա մինչև նախագծի աշխատանքները չավարտեն։
Նմանապես հոգատար վերաբերմունք է եղել քաղաքաշինությանը, ճանապարհաշինությանը, երկրի տնտեսական զարգացմանը. վկա՝ թողած հետքերը՝ Երևանի մետրոն, Մարզահամերգայինը, Զվարթնոց օդանավակայանը, ստրատեգիական կարևոր ճանապարհները երկրի։ Մտածող, ստրատեգ, հեռուն տեսնող մարդ է եղել, ճիշտ խորհրդականներ է ունեցել, բայց ամենակարևորը՝ երկիրը սիրել է։
Սարգիսը բավարար ուսումնասիրել է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը. ասում է այդպիսին իր աշխատելաոճն է, ուսումնասիրության ժամանակը բուն գործից շատ ավելի երկար կարող է երբեմն տևել։ Շատ օգնել են հանդիպումները ընտանիքի անդամների, զրույցները կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ, նրա գրքի ընթերցումը, փաստագրական ֆիլմերի, լուսանկարների դիտումները, այցելությունները թանգարան։
Մեր զրույցի ընթացքում անհնար էր չնկատել արվեստագետի մի շատ կարևոր հատկանիշ՝ ուրիշի աշխատանքը, ստեղծածը գնահատելու ունակությունն ու ցանկությունը արտահայտվելու։ Երախտագիտությամբ է խոսում բոլոր նրանց մասին, ովքեր օգնել են իրեն անցնելու այս ճանապարհը, գործը ավարտին հասցնելու՝ ճարտարապետ Լևոն Առաքելյանի, տարածքը բարեկարգող, վերափոխող շինարարների ու նրանց ղեկավարների, ձուլման ու զոդման աշխատանքներն իրականացնող Նարեկ Ստեփանյանի, Մանվել Մաթևոսյանի, ձուլարանի տնօրեն Վահագն Ավետիսյանի, աշխատանքներին աջակցող քաղաքապետարանի պաշտոնյաների։
Ամեն ինչ, իհարկե, սկսվում է ակադեմիական կրթությունից, մինչ այդ՝ Թերլեմեզյանի արվեստի քոլեջի։ Այս անթաքույց ակնածանքը, երախտիքի զգացումն իր ուսուցիչների, ավագ սերնդի արվեստագետների, վարպետների, իր արվեստակից ընկերների, օգտակար խորհուրդներով աշխատանքին աջակցողների հանդեպ, երիտասարդ քանդակագործի առավելություններից, ներքին հարստություններից է։ Խորագույն հարգանքով է խոսում Գեղարվեստի ակադեմիայի իր դասախոսների մասին՝ Գարեգին Դավթյանի, Գետիկ Բաղդասարյանի, Գագիկ Ղազարյանի, Գագիկ Ստեփանյանի. «Գարեգին Դավթյանն է ինձ սովորեցրել կոմպոզիցիա, ճաշակ, էսթետիկա զարգացրել, իր դպրոցն է, իրենից եմ եկել։ Դասախոսներիս գնահատականն է ինձ համար կարևոր։ Իրենք չեն կարող կեղծել, արվեստի նվիրյալներ են, քանդակագործության սիրահարներ։ Եթե չհավանեն, կասեն, չեն մտածի, թե ուսանողս է եղել՝ խնայեմ։ Եթե իրենք չգային, չտեսնեին աշխատանքիս ընթացքը, չնկատեին շատ բաներ, հնարավոր է՝ չստացվեր»։
Սարգիսը պարբերաբար լինում է արձանի շրջակայքում, արդեն որպես դիտորդ, կողմնակի աչքով է նայում իր գործը։
– Հետաքրքիր է, ինչպե՞ս կքանդակեիր, եթե նորից սկսեիր աշխատել,- հարցնում եմ։
– Նորից նույն ոճով կանեի։ Ես փորձել եմ կոմպոզիցիա անել, որ ասելիքով քանդակ լինի, հնարավորինս բնորոշ կերպարին, ինչը շատ բարդ էր ստանալը։ Որպես կերպար՝ պետական-կուսակցական գործչի համար շատ սիմվոլիկա չես կարող օգտագործել, կերպարի բացահայտման միջոցները սահմանափակ են, գործիքներ չկան շատ, շրջանակի մեջ է դնում երևակայությունդ, միտքդ՝ պիտի նման լինի և էլի ուրիշ բաներ։ Փորձել եմ հնարավորինս ընդհանրացնել դետալները՝ հագուստ, փողկապ։ Կարևորը վերջույթներն են, որ ինչ-որ բան կփոխանցեն, աշխատել եմ դրանց վրա՝ գործող, աշխատող մարդուն բնորոշ ձեռքը քանդակել բացված, ոտքերն ամուր հողին, հայացքը հեռուներին, որով և քանդակն ամբողջությամբ շարժման մեջ է դիտվում։
Եվս մի բան, որի մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում, ինքս իմ մեջ եմ մտածել իմ հոգևոր սկզբունքներից ելնելով՝ այնպես անել, որ թեքություն հաղորդվի կոմպոզիցիային, ուղղվածությունը՝ դեպի ներքև, որ խոնարհումի նշան է։ Ասված է՝ եթե խոնարհվես, Աստված կբարձրացնի…
Սարգիս Բաբայանի համար «քանդակագործությունը խոսք է, աղոթք է, երկխոսություն է։ Քանդակագործության մեջ հաղթահարելու շատ բան կա, բայց ամեն ինչ կապված է սիրելու հետ։ Ծանր է, բայց լավ բան է, ճիշտ ուղի է»։
Նա գտել է իրական արվեստին հասնելու ճիշտ ուղին. «Որքանով անկեղծ ես` այնքան հաջողված ես արվեստում։ Եթե սկսում ես կեղծել, հանգիստ չես լինում ներքուստ, դա քոնը չէ, դա դու չես, քո իրական ապրումները, հույզերը չէ, որ փոխանցում ես ստեղծագործությանդ։ Ես չեմ կարող կեղծել, եթե պատերազմ է, դա չի կարող չանդրադառնալ գործիս վրա։ Այդ շրջանում սկսեցի «Ասպետների շարքը», երբ հայր դարձա, ընտանիքին, հայրությանը նվիրված շարք մտահղացա իրականացնել։ Քանդակագործությունը կյանքը հաղթահարելու միջոց է, նեցուկ է։ Մտնում ես արվեստանոց ու երկխոսությունը կավի հետ սկսվում է. ինքդ քեզ հետ, քո մտքերի, ապրումների հետ…»։
Մելանյա Բադալյան