ՀԳՊԱ-ի դասախոսներն այցելեցին Կլուժ-Նապոկա
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և ռումինիական Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ վերակնքված Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 1-8-ը ՀԳՊԱ-ի երկու դասախոս մեկշաբաթյա դասախոսությամբ հանդես եկան վերոնշյալ համալսարանում՝ կիսվելով իրենց փորձառությամբ և ձեռք բերելով նոր փորձ ու գիտելիք, նոր մոտեցումներին ու մեթոդներին տիրապետելու հմտություններ։
Ստորև ներկայացնում ենք նրանց տպավորությունները վերոնշյալ բուհից, քաղաքից, կրթական միջավայրից։
Gayane Poghosyan
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Էրասմուս+ ծրագրի շրջանակներում համագործակցելով Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ, ինձ և իմ գործընկեր՝ խեցեգործ-նկարիչ Գուրգեն Վաչյանին հնարավորություն ընձեռեց դասախոսություններով հանդես գալ վերոնշյալ համալսարանում: Արվեստաբան-դասախոսներին և ուսանողներին իմ կողմից ներկայացվեց Հայկական լեռնաշխարհի արվեստը նախնադարյան ժամանակաշրջանից մինչ 21-րդ դար: Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն ստացա ծանոթանալ տեղի արվեստագետների հետ, ռումինացի գործընկերների հետ այցելել թանգարաններ և պատկերասրահներ, բացահայտել տեղի մշակութային կյանքը:
Էրազմուս+ ծրագրի շնորհիվ հնարավորություն ստացա ծանոթանալ Տրանսիլվանիայի մշակույթին, պատմությանը, արվեստագետներին: Տեղի դասախոսների հետ հանդիպումների արդյունքում կիսվեցի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում իմ դասախոսական փորձառությամբ, ծանոթացա իրենց դասավանդման մեթոդներին, դասընթացների կազմակերպման առանձնահատկություններին: Բավական մեծ տպավորություն ստացա Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի արվեստաբանության ֆակուլտետի մասնաշենքի պատմա-ճարտարապետական յուրօրինակ կառուցվածքից, լսարանների կազմակերպման յուրահատուկ ձևաչափից, հագեցված գրադարանային պայմաններից, դասերին ուսանողների ներգրավվածությունից, դասախոսների պրոֆեսիոնալիզմից և համալսարանում տիրող արվեստային ջերմ և ստեղծագործական մթնոլորտից:
Բավական տպավորիչ էր նաև համալսարանի խեցեգործության ֆակուլտետի գեղարվեստական միջավայրը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Շատ շնորհակալ եմ Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի անձնակազմից ջերմ ընդունելության համար: Ինչպես նաև անչափ շնորհակալ եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից, որը մեզ հնարավորություն տվեց Էրազմուս+ ծրագրով մեկնել Ռումինիա և ձեռք բերել նոր մասնագիտական փորձառություն: Այս ծրագրի շնորհիվ ես հնարավորություն ստացա մասնագիտական փորձի փոխանակության արդյունքում վերադառնալ հրաշալի տպավորություններով և նոր գաղափարներով, որոնք կօգտագործվեն իմ հետագա դասախոսական աշխատանքում»։
Gurgen Vachyan
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համագործակցելով Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի հետ, ինձ և իմ գործընկեր՝ արվեստաբան Գայանե Պողոսյանին հնարավորություն ընձեռեց դասախոսություններով հանդես գալ Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանում: Ծրագրի շրջանակում հնարավորություն ստացա ծանոթանալ Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի խեցեգործության ֆակուլտետի դասախոսների և վարպետների հետ, ռումինացի գործընկերների հետ քննարկել տեղի խեցեգործության առանձնահատկությունները, դասավանդման ձևաչափը, մեթոդները:
Հանդիպումների արդյունքում կիսվեցի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում իմ փորձառությամբ: Պատիվ ունեցա անցկացնել նաև վարպետաց դաս, որի ընթացքում տեղի ուսանողներին ներկայացրեցի խեցեգործական իմ վարպետությունն ու կավի հետ աշխատելու մեթոդները, ինչպես նաև դասախոսություն վարեցի հայկական խեցեգործության առանձնահատկությունների մասին:
Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի անձնակազմի կողմից մեզ համար կազմակերպվել էր այցելություն պատմամշակութային մի շարք վայրեր, որի արդյունքում ծանոթացանք տեղի մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին: Կարևորում եմ համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձառությունն ու նոր գաղափարները: Շատ շնորհակալ եմ Կլուժ-Նապոկայի Արվեստի և դիզայնի համալսարանի անձնակազմից ջերմ հյուրընկալության համար»:
Արտաքին կապերի բաժին