Յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՀԳՊԱ-ի բոլոր ուսանողները մասնակցում են ռոտացիային (փոխատեղմանը): Առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն ունեն զբաղեցնել տեղերը անվճար ուսուցման համակարգում` մրցութային կարգով:
Գերազանց և լավ առաջադիմություն, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար յուրաքանչյուր տարվա կտրվածքով ՀԳՊԱ-ի ուսանողներին տրվում է կրթաթոշակ:
Պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցում
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ խմբերին`
- առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին, ծնողներին, ամուսնուն (կնոջը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
- պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Պետության կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցում
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է.
- Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողներին:
Բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստներ
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից ուսանողը կարող է օգտվել ՀԳՊԱ-ի կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:
ՀԳՊԱ-ն իր միջոցների հաշվին իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով:
Վարձավճարի զեղչման դիմումները ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողները.
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս,
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս,
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս,
- Քառօրյա պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս,
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս,
- ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0,1 միավոր տարբերությամբ,
- սիրիահայ ուսանողներին՝ մինչև 50 տոկոս,
- այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն։