ՀԳՊԱ-ն յուրաքանչյուր ուսանողի համար, ընդունման պահից սկսած, վարում է ակադեմիական ամփոփագիր, որտեղ գրանցվում են ուսանողի ուսումնառության արդյունքները և առաջադիմության ցուցանիշները` ուսումնասիրած դասընթացները/մոդուլները, վաստակած կրեդիտները և ստացած գնահատականները՝ ըստ կիսամյակների։ Դրանք կուտակվում և մնում են ուժի մեջ նրա ուսումնառության ողջ ընթացքում: Եթե կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, ուսանողը չի հավաքել տվյալ դասընթացի կամ մոդուլի համար սահմանված կրեդիտները, ապա համարվում է, որ ուսանողը ունի ակադեմիական պարտք։
Քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելը համարվում է ակադեմիական անբավարար առաջադիմություն։
Ուսանողի ակադեմիական առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական ամփոփագրում յուրաքանչյուր քննաշրջանից հետո նշվում են՝
- գումարային կրեդիտների (Կ) քանակը` կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումար,
- գնահատված կրեդիտների քանակը (ԳԿ)` գումարային կրեդիտների մաս, որը գնահատված է թվային միավորներով,
- վարկանիշային միավորները (ՎՄ)` յուրաքանչյուր կրեդիտի համար ուսանողի ստացած գնահատականների գումար, որը հաշվարկվում է որպես առանձին դասընթացների/մոդուլների գնահատված կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումար,
- միջին որակական գնահատականը (ՄՈԳ)` կրեդիտներով կշռված գնահատականների միջին, որը հաշվարկվում է բաժանելով վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների գումարի վրա,
- կիսամյակային/տարեկան ՄՈԳ՝ մեկ ուսումնական կիսամյակի/տարվա կտրվածքով հաշվարկած ՄՈԳ,
- կուտակային ՄՈԳ՝ բոլոր կիսամյակների ընթացքում վաստակած ընդհանուր վարկանիշային միավորների գնահատված կրեդիտների ընդհանուր գումարի վրա բաժանելու արդյունք։
Ակադեմիական տեղեկագրում գրանցվում են ուսանողի բոլոր ուսումնառած առարկաները և ստացած գնահատականները, կիսամյակի և տարվա կտրվածքով հաշվառված վարկանիշային միավորները և ՄՈԳ-երը:
ՀԳՊԱ գնահատման և ակադեմիական ազնվության քաղաքականությանը ավելի մանրամասն կարելի է ծամոթանալ համապատասխան էջերում։
ՄՈԳ-ը ինքնուրույն հաշվարկելու համար կարող եք օգտվել տվյալ ձևաչափից։