Ինտերիերի դիզայն մասնագիտությամբ ՀԳՊԱ բակալավրիատ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար և գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1․ «Գծանկար և գունանկար»
Առաջադրանք №1. Գծանկար
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ, A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ, պահպանելով կոնստրուկտիվ կառուցման կանոնները հեռանկարում, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը: Լույսի ու ստվերի միջոցով լուծել տարածության և ծավալի խնդիրները:
Անհրաժեշտ նյութերը. կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի կոմպոզիցիոն տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-2 միավոր);
բ) դրված առարկաների կոնստրուկտիվ կառուցում, արտաքին ձևերի պահպանում, համաչափություններ և հարմոնիկ կապը առարկաների միջև (0-2 միավոր);
գ) առարկաների ծավալային ներդաշնակությունը միմյանց հետ (0-2 միավոր);
դ) լույս, ստվեր, ծավալ, հեռանկարում հարմոնիկ կապը միմյանց հետ (0-2 միավոր);
ե) գծանկարչական տեխնիկա, կատարման որակը (0-2 միավոր):
Առաջադրանք №2. Գունանկար
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ, բարդ երկրաչափական մարմինների, կենցաղային առարկաների համադրությամբ: A2 չափի թղթի վրա ջրային ներկերով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ տեղավորելու, հեռանկարի և իրերի համաչափությունները կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով և գունային ներդաշնակությունը իրական կազմակերպելու խնդիրները (ըստ միջավայրի):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ), մատիտ, ջրի բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) Նատյուրմորտի կոմպոզիցիոն տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-2 միավոր);
բ) առարկաների համաչափությունը, առխիտեկտոնիկ կապը միջավայրի հետ (0-2 միավոր);
գ) հեռանկարի խնդրի լուծումը (0-2 միավոր);
դ) առարկաների, նյութականության և ծավալի լուծումները (0-2 միավոր);
ե) գունային ներդաշնակությունը (0-2 միավոր):
2․ «Կոմպոզիցիա»
Առաջադրանք №1. գծագրություն
Գծագրության գիտելիքները բացահայտելու նպատակով դիմորդին առաջադրվում է գծագրել գլան, կանոնավոր պրիզմա, բուրգ, կոն, որի մեջ բացված է «Y» կամ «Z» կոորդինատային առանցքին զուգահեռ, այլ կանոնավոր մարմնի հատումով գոյացած անցք: Տրվում են երկու պրոյեկցիաները, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը` ցույց տալով չերևացող գծերը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի գծագրական թուղթ, 50×70 չափի պլանշետ, գծագրական պիտույքներ, երկու եռանկյուն քանոն (45 և 60/30 աստիճան անկյուններով), կարկին, ջրային ներկեր (գունավոր մատիտներ և/կամ ֆլոմաստերներ), վրձին:
Գնահատման չափանիշները
ա) Տրված պրոյեկցիաների լրացում (չնշված տարրերի գծագրում ըստ նշված չափերի) (0-2 միավոր);
բ) երրորդ պրոյեկցիայի գծագրում (0-3 միավոր);
գ) ակնառու պատկերի (աքսոնոմետրիայի) կառուցում (0-3 միավոր);
դ) գծագրական տեխնիկան (կատարման որակը) (0-2 միավոր):
Առաջադրանք №2. գունային և ծավալատարածական կոմպոզիցիա (ստեղծագործական աշխատանք)
Գունային և ծավալատարածական կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտելու նպատակով դիմորդին առաջադրվում է երկրաչափական մարմիններ (օգտագործելով ոչ պակաս, քան 6 երկրաչափական մարմին), այդ մարմինների համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կատարել ծավալատարածական գունային կոմպոզիցիա:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի գծագրական թուղթ, 50×70 չափի պլանշետ, գծագրական պիտույքներ, երկու եռանկյուն քանոն (45 և 60/30 աստիճան անկյուններով), կարկին, ջրային ներկեր (գունավոր մատիտներ և/կամ ֆլոմաստերներ), վրձին:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):
Գնահատման չափանիշները
ա) Ստեղծագործության կոմպոզիցիոն տեղադրումը թղթի վրա (0-2 միավոր);
բ) ստեղծագործության մեջ երկրաչափական մարմինների բազմազանությամբ արտահայտված դիմորդի երևակայությունը (0-2 միավոր);
գ) կատարված հորինվածքի գույների ներդաշնակությունը (0-3 միավոր);
դ) աշխատանքի կատարողական հմտությունները և որակը (0-3 միավոր):