Այսպես են որակում ինստիտուտի տարիները 70-80-ականների շրջանավարտները, որոնցից շատերն այսօր դասավանդում են սիրելի բուհում: Այդ տարիներն ընդհանրապես հայ մշակութային կյանքը հագեցած էր բուռն ու նշանակալի իրադարձություններով: Հայոց Մեծ եղեռնի 50-ամյա տոնակատարությանը հետևած հետապնդումներին ու աքսորներին որպես հակազդեցություն՝ ազգային զարթոնքի շարժումը, Խորհրդային Միությունում առաջին՝ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը, «լճացման տարիների» մացառուտներում ազգային-հայրենասիրական տրամադրությունների վերալիցքավորումն ու հայկական ավանդական ոգու և կերպարի փնտրտուքը, վերջապես՝ Բրեժնևի մահով երկրում մեծ փոփոխությունների նախազգացումն ու Գորբաչևի գալստյամբ քաղաքական-գաղափարական տեղաշարժերի հետևանքով հասարակության ընդերքից բարձրացած ազատության հովերը, որ մեզանում վերածվեցին «Ղարաբաղյան շարժման» փոթորիկի, և ի հավելումն՝ ԽՍՀՄ փլուզմամբ հայ ժողովրդի դարերով երազած անկախ պետության հռչակումը. իրադարձություններ, որ հատկապես խոր ազդեցություն էին թողնում մտավորականների, արվեստագետների մտքի և գործունեության վրա:
Այդ տարիներին Գեղարվեստի մայր բուհը հիրավի այն հազվագյուտ կղզյակներից էր, որտեղ ոչ միայն կրթական համակարգի առանցքն էր համարվում ուսանողին նախ և առաջ մտածել սովորեցնելը, մտածողության մշակույթ ձեռք բերելը, այլ որտեղ հատկապես ազատ մտածողություն էր ձևավորվում, և որտեղ կարող էիր «ազատ շնչել»: Խորհրդային ժամանակներում չապրած երիտասարդների համար դժվար է պատկերացնել այդ զգացողության արժեքը և մեր ինստիտուտի արժեքը, նրանում տիրող «բոհեմական» մթնոլորտի ձգողական մեծ ուժը բոլոր «այլերի», ազատամիտների, ազատ ստեղծագործողների համար: Բացի այդ, թեև արվեստի երկու բուհերի միավորումից հետո տարբեր անհարթություններ և խնդիրներ են եղել, հատկապես՝ կառավարման, առաջնահերթությունների, պայմանների, տարածքի ծայրաստիճան սղության, լսարանների բաշխման առումներով, այդուհանդերձ, անհնար է անտեսել թատերական և կերպարվեստի աշխարհների խառն համագոյությամբ գեներացվող ստեղծագործածին էներգիան, որով լցված էր ամբողջ շենքը՝ մուտքից սկսած մինչև ներքին բակ: Այս իսկապես պատմական բակը, ուր գտնվում էր «բուֆետը» և որը սեզոնային ամիսներին Ֆրիդ Սողոյանի երբեմնի դիպլոմային աշխատանք քանդակով պսակված ավազանի և «հռչակավոր» ցայտաղբյուրի շուրջ վերածվում էր հաճախ մինչև ուշ երեկո աշխատող բացօթյա «սրճարանի»՝ ինստիտուտի, և ոչ միայն, եռուզեռի սիրտն էր, փոխադարձ շփումների, մտերմացման, կյանքի ու արվեստի մասին զրույցների, ինտելեկտուալ դեբատների և զգացմունքների ծավալման էպիկենտրոնը, քաղաքային վերջին անեկդոտների, սրամիտ պատմությունների, «թեժ» կատակների փոխանակման հարթակը:
Այստեղ բոլորը բոլորին ճանաչում էին, պրոֆեսոր թե բեմի բանվոր, ուսանող թե բնորդուհի՝ այս տարածքում բոլորը հավասար էին: Փոքր բուհի մեծ ընտանիքը: Այդ ընտանիքի անբաժանելի մասն էին կազմում բնորդներն ու բեմի բանվորները, որոնցից անհնար է չհիշել կյանքով լի, լեգենդար Իվետին ու Արթուրին, որոնք ինստիտուտի հիմնադրման տարիներից աշխատել են՝ շատ հաճախ աշխատաժամերից դուրս մնալով մինչև ուշ երեկո, և իրոք բեմական կերպարներ Լյովային ու Վահիկին:
Որքան մարդ կար այդ «կաֆեում», այդքան էլ կերպար, յուրաքանչյուրը՝ անկրկնելի, յուրաքանչյուրը՝ հարազատ… Բոլորը հրաշալի կատարում էին իրենց դերն այդ բեմում, որ կոչվում էր ինստիտուտի բակ, որտեղ ռեժիսորը բուֆետի Էմման էր, ասիստենտը՝ լվացարար Սիրուշը»,- մի առիթով գրել է այդ տարիներին սովորած Սահակ Պողոսյանը:
Կերպարվեստի ու թատրոնի այդ համախառն մթնոլորտում էր ձևավորվել «Տիտանիկ ջազ բենդ» հումորիստական թատերական խումբը, որի հիմնադիրներն ու գլխավոր դերակատարները նկարիչներ էին` դիզայնի բաժնի ուսանողներ Սուքիաս Թորոսյանը, Վարդան Պետրոսյանը (հայտնի «Ոզնիների» հիմանդիրը), Արմեն Խաչատրյանը, Տիգրան Աղաջանյանը: Նրանց հետո միացան թատերական ֆակուլտետի ուսանողներ Քրիստ Մանարյանը, Ֆրեդ Դավթյանն ու Արմեն Մազմանյանը: Այդ տարիներին ինստիտուտում կազմակերպվող բոլոր տոնական միջոցառումներին հիմնականում նրանք էին գրավում մեծ դահլիճի բեմը` պայթուցիկ մանրապատումներով, դասախոսների երգիծական նմանակումներով ու ինքնահան համերգներով, որոնք աստիճանաբար վերածվեցին ավելի մեծ ներկայացումների և դուրս եկան ինստիտուտի շրջանակներից: Հատկապես նշանավոր դարձան «Չարիադնա» օպերան` Թումանյանի «Չարի վերջը» պոեմի այլափոխված մոտիվներով, և «Ջութակ և խարտոց» ներկայացումը:
«Ոսկեդարյան ժամանակների» հիշողությունն անբաժան է պրոռեկտոր Մանուկ Հովսեփյանի կերպարից, ում անվան շուրջ բազում անհավատալի ծիծաղաշարժ պատմություններ կային: Բարձրահասակ, սև մազերով, հետաքրքիր արտաքինով, աշխույժ ու հարաշարժ, յուրահատուկ շեշտադրություն ու բառապաշար ունեցող խոսվածքով նշանավոր Մանուկ Կարպիչը, կարելի է ասել, «ինստիտուտի տերն ու տնօրենն էր». մշտապես ներկա էր շենքում և ամենուր էր, անընդհատ բարձրանում-իջնում, շրջում էր հարկերով, դասաժամերին հաճախ դռան միջից հայտնվում էր նրա մեծ խալով համակրելի դեմքը` ստուգում էր: Նրան կարելի էր հանդիպել անգամ երեկոյան շատ ուշ ժամերի, թվում էր` այստեղ է գիշերում: Մանուկ Կարպիչի անձին առանձնահատուկ հմայք էր հաղորդում շենքի բոլոր բանալիների խուրձը, որ միշտ հետն էր, ու սիրում էր զնգզնգացնել` միջանցքներով իր «շրջայցերի» ժամանակ: Ուսանողները հասկացել էին, որ միգուցե այդ զնգզնգոցը պատահական չէր. դրանով նա զգուշացնում էր միջանցքում հավանական ծխողներին, որ հետո ստիպված չլիներ ի պաշտոնե պատժել:
Արտաքին պաշտոնական խստության տակ իրականում թաքնված էր շատ բարի, ուսանողներին սիրող Մարդ,- պատմում է Սահակ Պողոսյանը։- Նա իսկական կերպար էր, ու կերպար բացատրելու իր արտասովոր ֆրազն ուներ. նու, ղամմազ, պանիմա՞եշ չտո տակոյե խարակտեր. վոտ պասմատրի` խալ կա` Մանուկ կա, խալ չկա` Մանուկ չկա»:
1970-80-ականներին կերպարվեստի ամբիոններում աշխատանքի անցան միջին և երիտասարդ սերնդի նկարիչները: Դժվար է ընտրություն կատարել թվարկման մեջ՝ այնքան վառ ու ինքնատիպ, խիստ տարբերվող են նրանցից յուրաքանչյուրի ասելիքն ու արտահայտչաձևերը: Գեղանկարիչներ Փարավոն Միրզոյան, Էդիկ Վարդանյան, Արամ Իսաբեկյան: Քանդակագործներ Տարիել Հակոբյան, Դավիթ Բեջանյան, Արա Հարությունյան, Գետիկ Բաղդասարյան, Ֆրանց Սիմոնյան, Արշամ Շահինյան, Լևոն Վարդանյան: Նրանցից ոմանք գնացին արդի ձևերի ու արտահայտչամիջոցների այլընտրանքային որոնումների, գեղարվեստական լեզվի բարդացման ճանապարհով և հայկական ժամանակակից կերպարվեստը հարստացրին նոր թեմաներով ու ասելիքով, ձևավորեցին գեղագիտական նոր ճաշակ ու չափանիշներ։ Դրանում, իհարկե, դեր ունեցավ 1972-ին Երևանում Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը, որն իր բնույթով եզակի երևույթ էր Խորհրդային Միությունում և շուրջ 20 տարի այդ տեսակի միակ կենտրոնն էր տարածաշրջանում: Թանգարանի և դրա բովանդակության, «ազգային մոդեռնի» սահմանման շուրջ և՛ գեղարվեստական, և՛ գաղափարաբանական առումով սուր բանավեճեր, կարելի է ասել՝ ճակատամարտեր ծավալվեցին արվեստագետների և արվեստաբանների շրջանում:
Այդ ստեղծագործական միջավայրը ձևավորվել էր 60-70-ականների շրջանավարտների մի ամբողջ համաստեղության առկայծող ներկայությամբ՝ Ռուբեն Ադալյան, Հենրիկ Սիրավյան, Էդուարդ Խարազյան, Սեյրան Խաթլամաջյան, Ռոբերտ Էլիբեկյան, Վրույր Գալստյան, Նոնա Գաբրիելյան, Հաղթանակ Շահումյան, Ֆրիդ Սողոյան, Գրիգոր Բաղումյան, Արա Շիրազ, Լևոն Թոքմաջյան, Բենիկ Պետրոսյան, Արտո Չաքմաքչյան, Մարտիրոս Մանուկյան, Ալբերտ Ավետիսյան, Վան Սողոմոնյան, Վարուժան Վարդանյան: Արվեստագետներ, որոնց լավագույն աշխատանքները նշանավորեցին հայկական կերպարվեստի հաջորդ փուլի ձեռքբերումները՝ հեղինակներին բերելով միջազգային ճանաչում։ Նրանցից ոմանք այժմ ապրում և ստեղծագործում են աշխարհի տարբեր երկրներում, որոշ քանդակագործների աշխատանքները զարդարում են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի, Եվրոպայի, Արևելքի շատ երկրների քաղաքները։
1980-ականների սկզբին գեղանկարչության և քանդակի ամբիոններում ներդրվում է մասնագիտական առարկաների ուսուցման արվեստանոցային համակարգը, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է ավագ սերնդի մեկ անվանի արվեստագետ: Այստեղ կուրսերի բաժանում չկա, տվյալ արվեստանոցն ընտրած ուսանողներն ամբողջ տարին միասին են աշխատում: Նման ուսուցման առավելությունն այն է, որ արվեստանոցը լսարանից վերածվում է որոշակի ուղղվածություն ունեցող դպրոցի, ուր մասնագիտական հմտությունը, տեխնիկան ու գիտելիքը փոխանցվում են առանձին վարպետի կողմից, և ուր ուշադրությունը կենտրոնացվում է ուսանողի ստեղծագործական ներաշխարհի ու անհատականության դրսևորման, նրա մոտ ուրույն ձեռագրի բացահայտման և գեղարվեստական ազատ մտածողության զարգացման վրա: Բացի այդ՝ դասախոս-ուսանողներ հարաբերության փոխարեն վարպետ-աշակերտ առավել անմիջական ու ամուր կապը արվեստի բարձր միջավայր է ձևավորում, նաև՝ օգնում է ընդլայնել աշխարհայացքի, իմացության, կյանքի փիլիսոփայության սահմանները:
Առաջին արվեստանոցների ղեկավարներն են եղել գեղանկարի բաժնում՝ Էդուարդ Իսաբեկյանը և Արա Բեքարյանը (որին 1984-ին փոխարինել է Անատոլի Պապյանը), քանդակի բաժնում՝ Թերեզա Միրզոյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Արա Հարությունյանը: Անուններ, որոնք մթնոլորտ են ստեղծել, հետք են թողել բուհի պատմության մեջ, որոնք մեծ պրոֆեսիոնալներ էին, լայն էրուդիցիայի տեր անձինք և իրենցով արդեն հայտնի են դարձրել այն միջավայրը, որտեղ ձևավորվում էր ապագա արվեստագետների գեղարվեստական մտածողությունը: Նրանք անփոխարինելի են եղել ոչ միայն մանկավարժական մեթոդների կամ փոխանցած գիտելիքի առումով, այլև մարդկային նկարագրի. այդպես են հիշում իրենց ուսուցիչներին այսօրվա հայ արվեստի ճանաչված վարպետները:
Մեզ թվում էր՝ կոչումներով, տիտղոսներով, հեղինակություն վայելող մարդիկ էին, որոնց հետ շփումը սահմաններ ուներ, որ անհնար էր անցնել: Բայց զարմանալիորեն այդ սահմաններն իրենք ջնջեցին, դարձան մտերիմ, ընկեր, հարազատ: Գրականություն, արվեստ, պոեզիա, ամեն ինչի մասին խոսում էինք: Մեծ դպրոց էր, որ անցանք,- նշում է կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը,- ավելի երանելի օրեր չեմ տեսել, ինչպե՞ս բնութագրեմ՝ ոսկեդար ասեմ… Նրանցից ոչ մեկը հիմա մեզ հետ չի, և այդ մթնոլորտը կարծես պակասում է:»
Այս առումով իր աշակերտների մեջ մեծ հիշատակ է թողել խոշորագույն վարպետ Էդուարդ Իսաբեկյանը, որ հայ արվեստը հարստացրել է յուրահատուկ՝ բարոկյան հախուռն, փոթորկոտ հորինվածքներ ու ռոմանտիզմի հայրենասիրական շնչով հագեցած բովանդակային լուծումներ ունեցող պատմական և առասպելական մեծադիր, բազմաֆիգուր ստեղծագործություններով:
Նա Գեղարվեստի ինստիտուտի ստեղծման օրից, սերնդակից դասախոսների հետ իր ուսերին է տարել և՛ սկզբնական շրջանի դժվարությունները, և՛ հետագա զարգացումների պատասխանատվությունը: Մինչև կյանքի վերջին տարիները, ավելի քան կես դար, Իսաբեկյանը մեծագույն նվիրումով ու ստանձնած գործի կարևորության խոր գիտակցությամբ է աշխատել, իր աշակերտների համար եղել ոչ միայն ուսուցիչ, այլև բարեկամ ու խորհրդատու: Մարդկային առինքնող կերպարը, կամային հատկությունները, հեղինակությունն ու հարգանքը նրան դարձրել էին իսկապես սիրված ու փնտրված, ընդօրինակելի դասախոս: Նա երբեք չէր պարտադրում իր նկարելաոճը ուսանողին, չէր ճնշում, ընդհակառակը, փորձում էր գտնել-վերհանել նրա մեջ իսկական նկարչին` անկախ նրա ստեղծագործելու նախասիրություններից, և երբ հավանում էր մեկին` անկեղծորեն գնահատում էր: Պատահել է, որ նա առաջարկել է ուսանողին գնել իր հավանած կտավները (ինչպես որ ուսանողական տարիներին իր աշխատանքները գնել էր վրաց մեծանուն նկարիչ Լադո Գուդիաշվիլին) և զայրացել է, երբ վերջինս, անակնկալի եկած` ցանկացել է նվիրել. այս դեպքում գնելու և նվիրելու մեջ Իսաբեկյանը մեծ տարբերություն էր տեսնում` լավ նկարչին արժանին հատուցելու և ուսանողին խրախուսելու իմաստով: Իր գործելակերպն ու վերաբերմունքն էլ փոխանցվել է աշակերտներից շատերին և, անշուշտ, որդուն՝ Արամ Իսաբեկյանին, ով սովորել, ապա դասախոսել (1979-ից), իսկ 1994-ից ղեկավարում է բուհը: Էդուարդ Իսաբեկյան մարդու, նկարչի և ուսուցչի բնութագիրն արտացոլվում է նաև իր «Իգդիր» վեպում, որն իր հուժկու զգայականությամբ և կերպարային լուծումների բազմազանությամբ համեմատելի է Չարենցի «Երկիր Նաիրիի», Բակունցի «Կյորեսի» հետ:
80-ականներն ինստիտուտի կյանքում հիշարժան են ևս մեկ կարևոր ձեռքբերումով` կերպարվեստի ֆակուլտետում արվեստի պատմության և տեսության բաժնի ստեղծմամբ: 1978-ին Վենետիկում հյուրընկալված` հայ արվեստի առաջին միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էին նաև Հայաստանի մասնագետները, կարծես առիթ դարձավ, որպեսզի խորությամբ գիտակցվի հայ արվեստաբանական դպրոցի բացը` մայրենի լեզվով մասնագիտական կրթություն ստանալու, հայկական հարուստ նյութի, հուշարձանների և արվեստի գործերի անմիջական միջավայրում ձևավորվելու և աշխատելու անհրաժեշտությունը, և խթան հանդիսացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Մինչ այդ հայ արվեստաբանները կամ Լենինգրադի Ակադեմիայի համապատասխան ֆակուլտետն էին ավարտում, կամ էլ բանասիրական ու ճարտարապետական մասնագիտություններից էին գալիս, հաճախ` նկարչական կրթություն ունեին: Արվեստաբանական բաժնի ծնունդը հասունացել էր մանավանդ այն բանից հետո, երբ 1981-ին թատերական ֆակուլտետում բացվել էր, կրկին Հայաստանում առաջին անգամ, թատերագիտական բաժինը:
Այս գործում մեծ դեր ունեցավ կերպարվեստի ֆակուլտետի դեկան Ազատ Լեյլոյանը, որ Էրմիտաժի տնօրեն, հայտնի ուրարտագետ Բորիս Պիոտրովսկու հետ անձնական կապերի շնորհիվ կարողացավ բավական արագ ձեռք բերել մոսկովյան համապատասխան մարմինների համաձայնությունը: և ահա, 1983-ին կատարվեց առաջին ընդունելությունը: Անվանի հայ արվեստաբաններից շատերի համար արվեստի պատմության առաջին ուսանողների մոտ ունեցած դասընթացները նաև իրենց դասախոսական աշխատանքի դեբյուտն էին: Այդ տարիների շրջանավարտների հիշողության մեջ անմոռանալի հետք են թողել, և՛ որպես բարձրակարգ ու խորագետ մասնագետներ, և՛ որպես վառ անհատականությամբ օժտված անհատներ, և՛ որպես սրտացավ ավագ ընկերներ` Ֆելիքս Տեր-Մարտիրոսովը, Գրիգոր Կարախանյանը, Էմմա Կորխմազյանը, Վիգեն Ղազարյանը, Հասմիկ Փիլիպոսյանը, Ստեփան Մնացականյանը, Վահան Հարությունյանը, Հրավարդ Հակոբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Արարատ Աղասյանը, Լևոն Չուգասզյանը, Կարեն Բալայանը, Բորիս Զուրաբովը, Արտաշես Ղազինյանը, որոնց գիտակից ներդրումն ու խանդավառ նվիրվածությունը քիչ նպաստ չբերեց հայ արվեստաբանական դպրոցի կայացմանը: 1984-ի սեպտեմբերին արդեն Երևանում բացված հայ արվեստի միջազգային երկրորդ սիմպոզիումին ներկա էին նաև հայ արվեստաբան ուսանողները, և դա ուրախալի ու խորհրդանշական իրողություն էր:
Ուսումնառության տարիների ընթացքում մասնագիտական զարգացման համար հիշարժան իրադարձություններ դարձան արվեստաբանների մեկամսյա ամառային պրակտիկաները, որոնք կազմակերպվեցին Հայաստանի պատմա-ճարտարապետական հուշարձաններում, Էրմիտաժում (Լենինգրադ), Պուշկինի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա):
1988-ին բաժինը տվեց առաջին շրջանավարտներին, թվով ութ հոգի, որոնք ընդունվեցին աշխատանքի Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի Հանրագիտարանի խմբագրությունում, Մատենադարանում և, իհարկե, Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Նրանցից երեքը` Նազենի Ղարիբյանը, Էդդա Վարդանյանը, Աննա Լեյլոյանը, 90-ականներին խոշորագույն միջնադարագետ արվեստաբան Սիրարփի Տեր Ներսեսյանի նորաբաց կրթաթոշակի հրավերով հաջորդաբար մեկնեցին Փարիզ` կրթությունը շարունակելու և մասնագիտանալու նպատակով, ապա այնտեղ, Սորբոնին կից Բարձրագույն ուսումնասիրությունների գործնական դպրոցում (որտեղ ուղիղ մեկ դար առաջ սովորել էր անվանի հայագետ, լեզվաբան Հրաչյա Աճառյանը) պաշտպանեցին գիտական թեզերը` ստանալով արվեստի պատմության դոկտորի կոչում: Նազենի Ղարիբյանը, որ 1991-ին դեռևս Խորհրդային Հայաստանից մեկնել էր որպես մեր ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի լաբորանտ և դասախոս, Հայաստան առաջին վերադարձից հետո շարունակել է դասավանդել հարազատ բուհում՝ 1994-96-ին, ապա վերջնականապես վերադառնալով` կրկին հրավիրվել է այստեղ դասավանդելու սկսած 2012-ից՝ համատեղելով Մատենադարանի ավագ գիտաշխատողի աշխատանքի հետ: Էդդա Վարդանյանը Փարիզի Բյուզանդական ուսումնասիրությունների կենտրոնի թղթակից անդամ է և Մատենադարանի ավագ գիտաշխատող, Աննա Լեյլոյանը դասավանդում է Փարիզի Արևելյան լեզուների ինստիտուտում: Երեքն էլ աշխարհում հայտնի «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA) լիիրավ անդամներ են:
Հետագա տարիներին նույն կրթաթոշակով Փարիզ են մեկնել 90-ականների արվեստաբան շրջանավարտներ Ռուզաննա Ամիրխանյանը, Անի Մաթևոսյանը: Իսկ արվեստաբանական բաժնի երկրորդ տարվա ընդունելության խմբից Եվգենյա Քալանթարյանն ասպիրանտուրան ավարտել և թեկնածուական թեզը պաշտպանել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում և 1993-ից դասավանդում է նույն ամբիոնում: Բաժինն այժմ արդեն երկրորդ սերնդի շրջանավարտներն է տվել, որոնցից լավագույնները նույնպես դասավանդում են մայր բուհում և Երևանի պետական համալսարանի արվեստաբանական բաժնում, ինչպես` ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում դասավանդող Սաթենիկ Վարդանյանը, Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Երեմյանը, Ազգային պատկերասրահում գիտական և ղեկավար պաշտոններ զբաղեցնող՝ տնօրեն Արման Ծատուրյանը, Հայկանուշ Հակոբյանը, Արմեն Գասպարյանը, Արմինե Գաբրիելյանը, Մարինա Հակոբյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Գայանե Եղիազարյանը և Լիլիթ Աղաբեկյանը և այլ անուններ, որոնք մշակութային տարբեր կենտրոններում և արվեստի շրջանակներում, ուսումնական հաստատություններում և թանգարանային ոլորտում նպաստել են հայ արվեստաբանական դպրոցի կայացմանը:
Այսօր մեր ինստիտուտի արվեստաբան կադրերից շատերը հայտնի են հայ և միջազգային մասնագիտական շրջանակներում, գրքերի, հոդվածների, գիտական հայտնագործությունների հեղինակներ են, միջազգային մասնագիտական ընկերությունների անդամներ, եվրոպական և ամերիկյան համալսարանների հրավիրյալ դասախոսներ, հայ արվեստին նվիրված միջազգային ցուցահանդեսների հեղինակներ ու մասնակիցներ:
Բուհի շրջանավարտ արվեստաբանների գիտական, ստեղծագործական աշխատանքի հայերեն հիշարժան հրապարակումներից են՝ Լիլիթ Սարգսյանի «Նիկողայոս Նիկողոսյան», Գոհար Չեմենյանի «Արշակ Ֆեթվաճյան», Ավետ Ավետիսյանի «Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցի» (Եր., 2013), Անի Գրիգորյանի «Երևանի մեմորիալ հուշարձանները» (Եր., 2015), Մերի Կիրակոսյանի «Փանոս Թերլեմեզյան» (Եր., 2015) մենագրությունները:
Այդ տարիների մեկ այլ կարևոր իրադարձություն էր Իջևանում քանդակի սիմպոզիումների կազմակերպումը: 1984-ին Էդուարդ Իսաբեկյանը, որ Հայաստանի պետական պատկերասրահի տնօրենն էր, գիտական քարտուղար, արվեստաբան Սարո Սարուխանյանի հետ մեկնում է Իջևան` տեղի շրջկոմի քարտուղար Ջեմմա Անանյանի հետ քննարկելու քաղաքում Պատկերասրահի մասնաճյուղ հիմնելու հարցը: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չի իրականանում, փոխարենը Ջեմմա Անանյանն առաջարկում է 1985-ին կազմակերպել քանդակի սիմպոզիումներ: Ծրագրի իրականացումը հանձնարարվում է Սարո Սարուխանյանին, որն արդեն այդպիսի փորձ ուներ: Առաջին երկու տարիներին միջոցառումը համամիութենական բնույթ ուներ, իսկ 1987-91-ին ստանում է միջազգային կարգավիճակ` քանդակագործներ ներգրավելով Լեհաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Բոլոր տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ինստիտուտի դասախոսները և ուսանողները, որոնց թվում` Լևոն Վարդանյանը, Գագիկ Ղազարյանը, Գետիկ Բաղդասարյանը, Ռուբեն Արևշատյանը,Գարեգին Դավթյանը, Նորայր Կարգանյանը, Բենիկ Պետրոսյանը, Գևորգ Ջավրուշյանը, Հերիքնազ Գալստյանը: Սիմպոզիումների ընթացքում կատարված քանդակները մնում էին Իջևանում, և այսօր էլ մտահղացմամբ ու ոճով բազմազան այդ գործերն իրենց ներկայությամբ պայմանավորում են քաղաքի գեղարվեստական տեսքը: Իջևանյան սիմպոզիումները` որպես արվեստային առանձնահատուկ ու կարևոր երևույթ` ուսումնասիրության է արժանացել բուհի ասպիրանտ Մարգար Հմայակյանի կողմից, որը 2014-ին այդ թեմայով հաջողությամբ պաշտպանեց իր ատենախոսական թեզը:
Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ակտիվ մասնակցություն ունեցավ 1988-ին ծավալված Ղարաբաղյան շարժմանը և դրան հետևած` անկախության ձեռքբերման գործընթացին ու Ադրբեջանի հետ սկսված պատերազմին: Օպերայի հրապարակում ամիսներ տևած նստացույցերին ինստիտուտի ուսանողներն իրենց «տարածքն» ունեին, որը կարևորությամբ զիջում էր միայն Պետական համալսարանին: 1990-91-ին կերպարվեստի ֆակուլտետի ուսանողներ Արթուր Ղարիբյանը, Արամ Պետրոսյանը, Ալեքսան Բաբայանը, Ռոբերտ Աբրահամյանը, Սմբատ Հակոբյանը, Անդրանիկ Ղազարյանը կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Արթուրը և Արամը, ցավոք, զոհվեցին Մարտակերտի և Հադրութի ազատագրման մարտերում։
Արամ Պետրոսյանը (1970-1994)՝ Ակադեմիայի դասախոս, գեղանկարիչ Արկադի Պետրոսյանի որդին, սովորում էր գեղանկարչության բաժնի երկրորդ կուրսում և նոր էր սկսում ձևավորվել որպես ինքնուրույն արվեստագետ: Նա հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» շքանշանով։
Արթուր Ղարիբյանը (1967-1992), որին մարտական ընկերները «Դուդուլ» փաղաքշական անունով էին դիմում, մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության և Գետաշենի, Մարտունաշենի, Շուշիի, Մարտակերտի, Լաչինի ռազմական գործողություններին, եղել է Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը: Նա քանդակագործության բաժնի 6-րդ կուրսի ուսանող էր՝ շնորհալի, խոստումնալից արվեստագետ. այդ են վկայում նրա փոքրաթիվ կոմպոզիցիոն քանդակներն ու գծանկարները:
Թեմաների ընտրության մեջ զգացվում էր ապագա արհեստավարժ արվեստագետը, որը իր ժողովրդի մշակույթը հարստացնող դեռ որքան գործեր կստեղծեր,- նրա մասին գրում է քանդակագործ Արա Հարությունյանը,- եթե ապրեր` կանմահանար որպես արվեստագետ: Այժմ մահացավ որպես մարտիկ»։
Պատերազմի թեմաներով աշխատանքների համար Արթուրը հետմահու արժանացել է «Հայոց բանակին նվիրված գրականության և քանդակի» մրցանակին։ Որպես ազատամարտիկ` պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով և ՀՀ Պաշտպանության նախարության «Վասն հայրենյաց» պատվոգրով։ Նրա անունն է կրում ծննդավայր Ստեփանավանի միջնակարգ դպրոցը, Մարտակերտի դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիան, ինչպես նաև այժմյան Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժնի առաջին կուրսը։ Ի հիշատակ իր հերոս սանի` Գեղարվեստի ինստիտուտը, ռեկտորատի որոշմամբ, Կոմիտաս 42 հասցեում գտնվող իր արվեստանոցների տարածքը հատկացրեց Արթուր Ղարիբյանի թանգարանի ստեղծման համար, որի հանդիսավոր բացումը կայացավ 2001-ին: