50-ականների սկզբին հանրապետությունում շրջանային թատրոնները միավորվեցին, և զգալիորեն կրճատվեց գործող թատրոնների քանակը: Թատերարվեստի ասպարեզում նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտության կտրուկ նվազմամբ՝ Թատերական ինստիտուտում դադարեցվեց ընդունելությունը թատերագիտության և ռեժիսուրայի գծով, որի պատճառով նկատելիորեն պակասեց նաև ինստիտուտի ուսանողների թիվը։ Համապատասխանաբար՝ Գեղարվեստի ինստիտուտում փակվեց բեմական նկարչության բաժինը: Արդ, 1952-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կարգադրությամբ՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության հրամանով (թիվ 482, հոկտեմբերի 8) երկու բուհերը միավորվեցին մեկ հարկի տակ, և ծնվեց Գեղարվեստա-թատերական ինստիտուտը` տեղակայվելով Իսահակյան փողոցի վրա գտնվող 1930-ականներին կառուցված նախկին մի դպրոցի շենքում, ուր և գտնվում է այժմ:
Նորաստեղծ բուհի ռեկտոր նշանակվեց ՀԽՍՀ ժողովրդական դերասան, ռեժիսոր ու մանկավարժ Վավիկ Վարդանյանը, ով սակայն մի քանի ամիս անց նշանակվեց Մշակույթի նախարարի տեղակալ, և ռեկտորի պաշտոնը կրկին ստանձնեց Արա Սարգսյանը: Նրանից հետո ընդհուպ մինչև ինստիտուտների բաժանումը բուհը ղեկավարել են ոչ կերպարվեստի ոլորտի գործիչներ. Կենտկոմի կուսդպրոցի տնօրեն, քաղաքատնտեսության դասախոս Մարտին Չարյանը (1959-74) և գրականագետ, հասարակական առարկաների և լեզուների ամբիոնի դասախոս Վահագն Մկրտչյանը (1974-94): Նախկին Թատերական ինստիտուտի պրոռեկտոր, թատերական գործիչ, գրականագետ Սուրեն Դանիելյանը նոր բուհում ստանձնեց նույն պաշտոնը մինչև 1966-ը: Այնուհետև պրոռեկտորներ են եղել Մանուկ Հովսեփյանը (1966-84), Ռոմանոս Սարգսյանը (1984-85), Ալեքսանդր Քոչարյանը (1985-91), Արամ Իսաբեկյանը (1990-94)։ Ուսումնական մասի վարիչներից ամենահիշարժանը ավելի քան երեսուն տարի այդ պաշտոնը զբաղեցրած Շուշանիկ Կարապետյանն է (ծնվ. 1928-ին), ով բուհում աշխատել է մինչև 2016-ը։ Հայաստանի մասշտաբով լավագույն աշխատանքային ցուցանիշների համար նա պարգևատրվել է Բարձրագույն կրթության մինիստրության պատվոգրով: «Տիկին Շուշիկը» նաև երկար տարիներ բարձր կուրսերում դասավանդում էր «Մանկավարժություն և հոգեբանություն» առարկան, որի առաջին դասը միշտ սկսվում էր նրա մեղմաձայն, բայց հանդիսավոր հայտարարությամբ.
Երեխաներ, դուք սովորում եք Գեղարվեստա-թատերական ինստիտուտում»:
Միավորման արդյունքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտը վերակազմակերպվեց երկու ֆակուլտետների՝ կերպարվեստի և թատերական, իրենց հիմնական բաժիններով, իսկ Արվեստի պատմության և տեսության ամբիոնում ընդգրկվեցին նաև թատերագիտական առարկաները: 1977-ից այս ամբիոնի վարիչները եղել են թատերագետ պրոֆեսորներ Լևոն Խալաթյանը և Ռազմիկ Մադոյանը (1985-91): Վերջինիս ԱՄՆ տեղափոխվելուց հետո, նոր ամբիոնի վարիչ է նշանակվում Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան ավարտած և այնտեղ գիտական աստիճան ստացած արվեստաբան Հասմիկ Փիլիպոսյանը:
1955-ին քանդակի և կոմպոզիցիայի ամբիոնում բացվեց խեցեգործության բաժինը, որի հիմնադիր ղեկավարն էր դեկորատիվ-կիրառական արվեստի ճանաչված վարպետ, նույնպես Թբիլիսիի Ակադեմիան ավարտած Հռիփսիմե Սիմոնյանը։
Կարճ ժամանակում ստեղծվեց նաև խեցեգործության լաբորատորիան, որտեղ աշխատել են Ռաֆիկ Մամաջանյանը, Հենրիկ Ներկարարյանը և Յուրի Բուրովը։ Դասախոսներին միացան ինստիտուտի շրջանավարտներ Նորայր Աղաջանյանը և Իոսիֆ Բաբյանը։
1960-ից, երբ բաժինն ունեցավ առաջին շրջանավարտները, Երևանի և հանրապետության այլ քաղաքների հասարակական շինությունների թե՛ արտաքին, թե՛ ներքին ձևավորումն սկսեցին իրականացնել, բացի քանդակագործներից, նաև հայ պրոֆեսիոնալ խեցեգործները, ինչը ձևավորեց գեղարվեստական նոր միջավայր և առավել լայն իմաստով՝ խթանեց Հայաստանում դեկորատիվ քանդակագործության զարգացումը։ Մոնումենտալ խեցեգործության միահյուսումը ճարտարապետական հորինվածքներին քաղաքաշինական հետաքրքիր ոճ ձևավորեց, յուրահատուկ ձեռագիր շնորհեց Երևանի տեսքին՝ ազգայինի ու մոդեռնի միջև, քանի որ այդ քանդակներն ունեին ավանդական հայ արվեստին բնորոշ ֆորմաներ և ժամանակակից շունչ:
Հետագայում այս բաժինը տեղափոխվեց արդյունաբերական դիզայնի ֆակուլտետ:
Ինստիտուտների միավորումից հետո, թատրոնի և գրականության անմիջական կապի թելադրանքով, բացվում է լեզվի և գրականության ամբիոնը՝ նախկին պրոռեկտոր Սուրեն Դանիելյանի ղեկավարությամբ։ Լեզուներից բացի անցնում էին հայ, ռուս և արևմտաեվրոպական գրականության պատմություն։ Այդ առարկաները դասավանդելու են հրավիրվել հանրապետության անվանի գրականագետներ ու լեզվաբաններ։ Հայոց լեզու և գրականություն են դասավանդել պրոֆեսորներ Վարագ Առաքելյանը և Ռուսեթ Հովհաննիսյանը, Մկրտիչ Մկրյանը, Աղասի Սահակյանը, վաստակավոր մանկավարժ Վահագն Ճուղուրյանը, Նորայր Դաբաղյանը, Գևորգ Մաջարյանը, Արամ Բուդաղյանը, ռուսերեն՝ Նինա Ամբակումյանը, անգլերեն՝ Շահեն Համամջյանը, ֆրանսերեն՝ Լուիզա Թոփալյանը՝ հավերժ երիտասարդ, Ֆրանսիայում ծնված ու ֆրանսուհուն վայել հագուկապով, անզուգական մադամ Լուիզը։
Ամբիոնի դասախոսները հաճախ են կազմակերպել գրական երեկոներ ու գիտական կոնֆերանսներ՝ նվիրված, օրինակ, Սայաթ -Նովայի ծննդյան 250-ամյակին կամ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 125-ամյանկին: Հրավիրվել են հանդիպումներ անվանի գրողների հետ, ինչպես՝ Դերենիկ Դեմիրճյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի հետ։ Այդ միջոցառումներին մասնակցում էին նաև Երևանի այլ բուհերի ուսանողները, և որպես մայրաքաղաքի կյանքում կարևոր մշակութային իրադարձություններ՝ անդրադառնում էր ժամանակի մամուլը։
Ինստիտուտի ռազմավարության մեջ առաջնահերթ տեղ ուներ շնորհալի երիտասարդ արվեստագետներից և շրջանավարտներից բոլոր բաժինների համար պրոֆեսիոնալ դասախոսներ պատրաստելու խնդիրը, որ կրթօջախի կայացման գրավականներից մեկն էր։ Բացի այդ՝ հանրակրթական դպրոցներում գեղարվեստական բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչների առկայությունը վստահաբար կբարձրացներ նկարչություն ու գծագրություն առարկաների դասավանդման մակարդակը և կզարգացներ դպրոցականների գեղագիտական դաստիարակությունը: Ուստի այդ տարիների կարևոր փոփոխություններից կարելի է համարել գեղանկարչության և քանդակագործության բաժիններին մանկավարժական թեքում ընձեռնելը։ 1956-ից սկսյալ բարձր կուրսերում ընդգրկվում են մանկավարժության և հոգեբանության դասընթացներ, իսկ դիպլոմը շնորհվում է նկարիչ-մանկավարժի որակավորմամբ:
1956-ին մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ Մոսկվայում կազմակերպվող՝ ԽՍՀՄ հանրապետությունների արվեստի բուհերի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսին մասնակցությունը։ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտից համամիութենական 4-րդ ցուցահանդեսին ներկայացված էին Առաքել Առաքելյանի «Արազի այն ափին», Սլավիկ Պարոնյանի «Միքայել Նալբանդյանի հարցաքննությունը Պետրոպավլովսկում» կտավները, Լիդա Խանամիրյանի «Անահիտ» հեքիաթի նկարազարդումները, Սուրեն Վարդանյանի «Կարբիտագործներ» քանդակը։ Այս աշխատանքները չեն վրիպել արվեստաբանների ուշադրությունից:
50-ականների վերջին, կարելի է ասել, որ հաջողությամբ ավարտին հասավ Գեղարվեստի ինստիտուտի կայացման փուլը: Դառնալով տարածաշրջանում արվեստի լավագույն ուսումնական հաստատությունը՝ այն ուսանողներ էր ընդունում Վրաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, անգամ Արևմտյան Եվրոպայի երկրներից։ Այստեղ 1959-ից մի քանի տարի շարունակ մասնագիտական բարձրագույն կրթություն են ստացել Դաղստանի Ինքնավար Հանրապետության «Դարգինյան» դերասանական ստուդիան ավարտած երիտասարդները, որոնք հետ վերադառնալով՝ հիմնադրել են դարգին ժողովրդի առաջին ազգային թատրոնը։
Ինստիտուտը համագործակցում էր միութենական հանրապետությունների արվեստի բուհերի հետ, դասախոսները վերապատրաստման էին գործուղվում Մոսկվա և Լենինգրադ, հատուկ թեմատիկ դասընթացներ ու ֆակուլտատիվ կուրսեր անցկացնելու համար հրավիրվում էին անվանի պրոֆեսորներ և տվյալ ոլորտի հեղինակավոր մասնագետներ, այդ թվում՝ Ալեքսեյ Ջիվելեգովը, Ալեքսանդր Օսմյորկինը, Զախար Բեկովը, Բորիս Պիոտրովսկին և այլք։
Առաջին երկու տասնամյակների շրջանավարտ արվեստագետների լավագույն ստեղծագործությունները նշանավորեցին հետպատերազմյան շրջանի հայ արվեստի ազգային դիմագծի, գեղարվեստական լեզվի ու թեմատիկ բազմազանության նոր որակները, որի շնորհիվ հայկական կերպարվեստը համաշխարհային ճանաչում գտավ։
60-ականների սկիզբն ինստիտուտի կյանքում նշանավորվեց գեղարվեստական մանվածքի, գորգարվեստի, կիրառական զարդարվեստի և ժողովրդական արհեստների բաժինների ստեղծմամբ, որ, միավորվելով խեցեգործության բաժնի հետ՝ կազմեցին դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը: Հաջորդ նշանակալի իրադարձությունը բոլորովին նոր՝ դիզայնի մասնագիտության ներմուծումն էր: Հիսունական թվականների վերջերին ԽՍՀՄ-ում ստեղծվեցին արդյունաբերական էսթետիկայի գիտահետազոտական ինստիտուտներ և գիտա-կոնստրուկտորական բյուրոներ, որոնց նպատակն էր կազմակերպել տնտեսության բոլոր բնագավառների արտադրանքի գեղարվեստական ձևավորումը։ Այդ ինստիտուտների ու բյուրոների մասնաճյուղեր բացվեցին նաև Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում, ինչը ձևավորեց դիզայներներ և դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետներ պատրաստելու անհրաժեշտությունը: Այսպես կերպարվեստի ֆակուլտետում հիմնադրվեց արդյունաբերական արվեստի բաժինը՝ արդյունաբերական էսթետիկայի ամբիոնով: Ավելի ուշ, վերանվանվելով դիզայնի ամբիոն և միավորվելով դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի հետ` բաժինը կոչվեց դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի:
Նորաստեղծ բաժինը ոտքի կանգնեցնելու համար ներգրավվեցին դասախոսներ Ռոմանոս Սարգսյանը և Արտաշես Բաղդասարյանը։ Վերջիններս գործուղման մեկնեցին Մոսկվա՝ Բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ինստիտուտում որակավորման վեցամսյա դասընթացներին մասնակցելու և ուսման առանձնահատկություններին ու դասավանդման մեթոդիկային ծանոթանալու առաքելությամբ։ Արդյունաբերական արվեստի բաժնի ուսումնական գործընթացը կազմակերպելուն մեծ աջակցություն են ցուցաբերել Մոսկվայի և Լենինգրադի մասնագիտական բուհերի ղեկավարները և ամբոնի վարիչները՝ ի դեմս Զախար Բեկովի, Յուրի Լուկինի, Ալեքսանդր Կորոտկևիչի, Իոսիֆ Վակասի։
Եվ ահա, 1963-ի ամռանը տեղի ունեցավ առաջին ընդունելությունը։ Մասնագիտական կրթությունը տարվում էր մեքենաշինության, տրանսպորտի ու կենցաղային իրերի դիզայնի, արդյունաբերական գրաֆիկայի ու փաթեթավորման, ինչպես նաև խեցեգործության ու գորգագործության ուղղություններով։ Ուսման տևողությունը հինգ տարի էր, գեղարվեստական կրթության համար պարտադիր առարկաներից բացի ներառնված էին նեղ մասնագիտական դասընթացներ, ինչպես՝ ֆունկցիոնալ անալիզ, կոնստրուկտավորում, ինժեներական հոգեֆիզիոլոգիա, գունատեսություն, գծագրություն, հեռանկարչություն: Տեսական գիտելիքների դասավանդումը սերտորեն զուգակցվում էր արտադրական պրակտիկ աշխատանքի հետ, որի համար ստեղծվում են համապատասխան սարքավորումներով կահավորված գիպսաձևավորման, մեխանիկական և փայտամշակման արհեստանոցները: Այստեղ երկար տարիներ աշխատել են ուսումնական վարպետներ Ֆելիքս Ղարիբյանը և Պատվական Պատվականյանը։ Արհեստանոցներում էին իրականացվում նաև կուրսային նախագծերն ու էսքիզները, դիպլոմային նախագծերը։ Ավարտական կուրսի ուսանողները զուգահեռ աշխատում էին արդյունաբերական ձեռնարկությունների պատվերների ու առաջադրանքների նախագծման վրա։ Լավագույն դիպլոմային աշխատանքներից շատերն են պատենտավորում ստացել, և բազմաթիվ նախագծեր կիրառում են գտել արդյունաբերության և արտադրության մեջ, ինչպես, օրինակ՝ Մոսկվայի ժամացույցների գործարանի պատվերով իրականացրած մոդելները (1977-78), Պերմի հեռախոսների գործարանի համար նախագծած ապարատները, որոնք մտել են արտադրություն (1980), Երևանի մեքենաշինական գիտահետազոտական ինստիտուտի և Գյումրու հաստոցաշինական գործարանի համար իրականացրած հաստոցները (1981): Առաջին տարիների շրջանավարտների մեծ մասն աշխատանքի անցան նախագծային ինստիտուտներում ու բյուրոներում, իրենց ստեղծագործություններով նպաստեցին շրջակա միջավայրի, արտադրական և կենցաղային իրերի գեղեցիկ ու հարմարավետ մատուցմանը։ Նրանց ջանքերով էր, որ ստեղծվեց Հայաստանի դիզայներների միությունը։ Ընդհանրապես՝ «դիզայն» հասկացությունը հանրային շրջանառության մեջ մտավ այս ամբիոնի գոյության և գործունեության արդյունքում:
Դիզայնի ամբիոնի առաջին ղեկավարն է եղել Լենինգրադի ակադեմիան ավարտած բեմական նկարիչ, Երևանի Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Միրզոյանը, այնուհետև` արդեն ֆակուլտետի շրջանավարտներ, պրոֆեսորներ Արտաշես Բաղդասարյանը (1976-88), ՀՀ Նկարիչների միության այժմյան նախագահ Կարեն Աղամյանը (1988-95), 1995-ից մինչ 2017-ը՝ նկարիչ-կոնստրուկտոր Գագիկ Գևորգյանը, 2017-ից մինչև այսօր՝ դիզայներ, պրոֆեսոր Ստեփան Գյուլխասյանը։
Դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ղեկավարությունը Հռիփսիմե Սիմոնյանից հետո ստանձնել է Լենինգրադի բարձրագույն գեղարդյունաբերական ուսումնարանի սան, այդ տարիներին կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ազատ Լեյլոյանը (1980 և 1994), ապա՝ գրաֆիկ արվեստագետ, դոցենտ Գուրգեն Արամյանը (1985), 2000-2017-ին՝ արդեն ինստիտուտի շրջանավարտ, երկար տարիներ դիզայն մասնագիտության գծով միակ գիտությունների թեկնածու (Մոսկվա, ВНИИТЭ), պրոֆեսոր Հայկ Փայասլյանը: Իսկ 2017-ից այդ պաշտոնը զբաղեցնում է խեցեգործ, դոցենտ Մարիա Բաբյանը։
Խրուշչովյան «ձնհալի» տարիները ճեղքեր բացեցին խորհրդային երկաթյա վարագույրի վրա՝ իհարկե, շատ զգուշորեն և խիստ վերահսկողության տակ, բայցևայնպես, հնարավորություն տալով ինչ-ինչ տեղեկություններ ստանալ «դրսի» աշխարհից, շփումներ ունենալ, սոցիալիստական բլոկի սահմաններում և անդին գործուղումների մեկնել, ծանոթություններ հաստատել, ուսումնասիրել և տպավորվել: Դա հատկապես բարերար ազդեցություն ունեցավ Հայաստանի բնակչության վրա, որն ուներ աշխարհասփյուռ հայրենակիցներ: 1960-ականներին ինստիտուտում սկսեցին կազմակերպվել որակավորման դասընթացներ՝ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Իտալիայից եկած ստաժորների մասնակցությամբ։ Այդ նույն տարիներին էր, որ ստեղծվեց Սփյուռքահայության պետական կոմիտեն, և Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի սերտ ու համակարգված բնույթ ստացան: Հայկական տարբեր գաղթօջախներից, հատկապես Միջին Արևելքի երկրներից (Սիրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս) բարձրագույն կրթություն ստանալու համար հայազգի երիտասարդները Հայաստան էին գալիս, ուր առավելապես ընդունվում էին Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական ինստիտուտ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Պետական Կոնսերվատորիա, նաև՝ Գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ Հայրենիքում կրթություն ստանալը մեծ դեր խաղաց գաղթօջախների մշակութային կյանքի զարգացման ու հայապահպանման գործում, նպաստեց Հայաստանի հետ կապի ընդլայնմանն ու ամրապնդմանը: