ՀԳՊԱ-ն միտված է խթանելու ուսանողների ուսումնական ձեռքբերումները, նրանց ստեղծագործական մտքի մասնագիտական զարգացումը: Ակադեմիայում ստեղծված գեղարվեստական մթնոլորտը նպաստում է յուրաքանչյուր անհատի տաղանդի և գեղագիտական արժեքների բացահայտմանն ու զարգացմանը: ՀԳՊԱ-ն ջանում է ուսանողների կրթական փորձառությունն ավելի հետաքրքիր և դինամիկ դարձնել արտալսարանային ծրագրերի, բացօթյա դասընթացների մշտական կազմակերպման շնորհիվ: ՀԳՊԱ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ուսանողների ներգրավվածությանը հաստատության կառավարման գործընթացին: Ուսանողները ներկայացուցիչներ ունեն ՀԳՊԱ-ի կառավարման մարմնում, գիտական խորհրդում, ստորաբաժանումների խորհուրդներում և ռեկտորատում, այսինքն այն մարմիններում, որտեղ կայացվում են կարևորագույն որոշումներ: Ուսանողները ակտիվորեն ընդգրկված են նաև որակի ապահովման գործընթացներում՝ տարեցտարի ՀԳՊԱ-ն դարձնելով ավելի ուսանողակենտրոն հաստատություն: ՀԳՊԱ-ի ուսանողական խորհուրդը ևս մեծ աջակցություն է ցուցաբերում ուսանողներին՝ նրանց ներգրավելով հասարակական գործունեության մեջ, պարբերաբար օժանդակելով նրանց մասնակցությունը մրցույթներին ու ցուցահանդեսներին, ինչպես նաև կազմակերպելով տարբեր միջոցառումներ:
Ուսանողական խորհուրդ
ՀԳՊԱ-ի Ուսանողական խորհուրդը (ՈւԽ) ուսանողներին միավորող, նրանց շահերը պաշտպանող ընտրովի ներկայացուցչական կառույց է: Որպես ուսանողական ինքնակառավարման մարմին՝ այն ձևավորվել է 1993-ի սեպտեմբերին:
Խորհրդի առաքելությունն է․
- նպաստել ուսանողության մեջ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ազգային և բուհական ավանդույթների պահպանմանը;
- համախմբել ՀԳՊԱ-ի ուսանողությանը աջակցելու և մասնակցելու բուհի գործունեությանն ու ուսումնական գործընթացին:
Խորհուրդն ապահովում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը (ՀԳՊԱ կառավարման մարմիններում ուսանողները կազմում են 25%) և կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
Կառավարման բարձրագույն մարմինը Ընդհանուր ժողովն է, որն ընտրվում է 2 տարի ժամկետով` ուսանողների մասնակի շրջափոխության սկզբունքով: Ընդհանուր ժողովի անդամները՝ լիազոր ներկայացուցիչները, ընտրվում են 2 ֆակուլտետների ուսանողներից, յուրաքանչյուր կուրսից մեկական ներկայացուցիչ:
Նախագահության անդամ են ՈւԽ-ի նախագահը, փոխնախագահը, քարտուղարը, ֆակուլտետների համապատասխան կառույցի նախագահները, ուսանողական թերթի խմբագիրը և մշտական հանձնաժողովների պատասխանատուները:
Ուսանողների կարիերայի աջակցում և զարգացում
Դիմորդների մասնագիտական կողմնորոշման, ուսանողների ու շրջանավարտների կարիերայի ուղորդման, բուհի հետ մշտական կապի ամրապնդման նպատակով ակադեմիայում 2012-2013 ուս. տարվանից գործում է ՀԳՊԱ Կարիերայի կենտրոնը:
Կարիերայի կենտրոնի առաքելությունն է․
- դիմորդներին մասնագիտական կողմնորոշման աջակցումը,
- ուսանողների և շրջանավարտների կարիերայի զարգացմանը նպաստող խորհրդատվության տրամադրումը,
- շրջանավարտ-բուհ կապի ամրապնդումը:
Ուսանողները կարող են օգտվել կենտրոնի մատուցած հետևյալ ծառայություններից.
- Ուսանողները և շրջանավարտները ՀԳՊԱ պաշտոնական կայքի (www.safa.am), ակադեմիայի ֆեյսբուքյան էջի, Կարիերայի կենտրոնի ֆեյսբուքյան էջի, ինչպես նաև կենտրոնի բազայում առկա էլեկտրոնային հասցեների միջոցով տեղեկատվություն են ստանում ոլորտի նորությունների, տեղի ունեցող միջոցառումների, աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի, կամավորական ու կրթական ծրագրերի, կազմակերպվող տարատեսակ դասընթացների մասին:
- Կենտրոնը կազմակերպում է դասընթացներ, որոնք զարգացնելով ուսանողի ոչ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, օգնում են վերջինիս մուտք գործելու աշխատաշուկա, հավուր պատշաճի ներկայանալու գործատուին և զարգացնելու սեփական կարիերան: Դասընթացները ընդգրկում են հետևյալ թեմաները՝ «Ինքնակենսագրություն, ուղեկցող և մոտիվացիոն նամակներ գրելու հմտություններ», «Աշխատանք որոնելու և հարցազրույցին մասնակցելու հմտություններ», «Հաջողակ ներկայացում (PPT) կազմելու հմտություններ», «Բանակցություններ վարելու արվեստ», «Ժամանակի կառավարում», «Հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ» և այլն:
- Կենտրոնն իրականացնում է «HEN-GEAR» հարթակի շահագործումը: Հարթակը ուսանողներին հնարավորություն է տալիս գրանցվել ու ստեղծել սեփական էջը, ինչպես նաև տվյալները լրացնելուց հետո ունենալ եվրոպական չափանիշներին համապատասխանող CV և թարմացնել այն: Անմիջական կապի մեջ լինել գուրծատուների հետ, ովքեր գրանցվելով հարթակում, հնարավորություն ունեն տեղադրել աշխատանքի հայտարարություններ և ըստ իրենց անհրաժեշտ չափորոշիչների ընտրել ապագա աշխատակիցներ:
Կենտրոնի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր խորհրդատվության կարիք ունեն մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման ու զարգացման հարցերում:
Կոնտակտներ՝
ՀԳՊԱ Կարիերայի կենտրոն
Հեռ.՝ (+37410) 56 36 08
Էլ․ փոստ՝ ysafa.careercenter@gmail.com, career_center@yafa.am
Ուսանողները որակի ապահովման գործընթացներում
Որակյալ կրթության ապահովումը ՀԳՊԱ-ի կարևորագույն խնդիրներից է: ՀԳՊԱ-ի արդյունավետ գործունեությանը և դրա շարունակական բարելավմանը մշտապես հետևում է Որակի ապահովման կենտրոնը, որը մշակել և պարբերաբար գործարկում է մի շարք գործիքներ ու մեխանիզմներ գնահատելու կրթական միջավայրը, ուսանողների և աշխատակիցների կարիքները: Այս գործընթացում մեծ է նաև բուհի ուսանողների դերը: Նրանց ներգրավածությունը կենտրոնի աշխատանքներում հնարավորություն է տալիս վերհանել արդի կարիքները և արձագանքը լսելի դարձնել՝ նպաստելով հնարավոր բարեփոխումներին:
Ուսանողների շրջանում անցկացվող հարցումները թույլ են տալիս գնահատելու նրանց բավարարվածությունը կրթական գործընթացներից, միջավայրից, ռեսուրսներից՝ նպաստելով հետագա բարելավումներին:
Ուսանողների հետ պարբերաբար հանդիպումները, զրույցները և աշխատաժողովները հնարավորություն են տալիս լսել նրանց առաջարկությունները և դիտարկումները:
ՏԵՄՊՈՒՍԻ դրամաշնորհային ESPAQ ծրագիրը հնարավորություն է տալիս մշակելու գործիքներ, որոնք կապահովեն ուսանողների ակտիվ ներգրավածությունը որակի ապահովման գործընթացներում:
Ֆոկուս խմբերը նպաստում են հասկանալու բուհում բարեփոխման ենթակա խնդիրները և ապահովելու ուսանողների ներգրավվածությունը կրթական ծրագրերի մշակումներին:
Ուսանողների մասնակցության և ներկայացրած արձագանքի շնորհիվ վերամշակվել են կրթական ծրագրերը, արդիականացվել ու վերազինվել են կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման, համակարգչային գրաֆիկայի և դիզայնի լաբորատորիաները, ինչպես նաև վերանայվել է գնահատման համակարգը:
Կոնտակներ՝
Որակի ապահովման կենտրոն
Ղեկավար՝ Նունե Մինասյան
Հեռ. (+37410) 56 36 08
Ուսանողական համայնք
ՀԳՊԱ ուսանողական համայնքի ձևավորմանը նպաստել է ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ՝ «Հայաստանում որակի ապահովման գործընթացներին ուսանողների ներգրավածության զարգացումը» եռամյա ազգային ծրագիրը, որին մասնակցում են հայաստանյան 8 գործընկերներ, այդ թվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և ևս 4 ԵՄ անդամ երկրների հաստատություններ Շոտլանդիայից, Ռումինիայից, Ավստրիայից, Իտալիայից և Բելգիայից:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ներգրավելու հաստատության Որակի ապահովման գործընթացներին, որտեղ նրանք կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ (ուսանող-փորձագետներ):
Կարճ ժամանակահատվածում Ուսանողական համայնքն իր շուրջ համախմբել է կամավոր ուսանողներ ՀԳՊԱ-ից՝ ստեղծելով յուրօրինակ ու ստեղծագործ միջավայր նույնիսկ բավական բարդ թվացող Որակի ապահովման գործընթացում իր ներդրումն ունենալու և կառավարման վերին օղակում ուսանողի ձայնը լսելի դարձնելու:
Ծրագրի մեկնարկից ի վեր Ուսանողական համայնքը պարբերաբար հանդիպում-քննարկումներ է անցկացնում՝ բարձրացնելու ուսանողի իրազեկվածությունը կրթության որակի ապահովման և դրան մասնակից դառնալու գործընթացում:
Հանդիպումների ընթացքում ուսանողներն իրենք են վեր հանում այն խնդիրները, որոնց առերեսվում են ուսումնառության ընթացքում, իսկ քննարկումներն ու արտերկրի փորձի ուսումնասիրությունն էլ հնարավորություն է տալիս առաջարկություններ ձևակերպելու և ներկայացնելու համապատասխան օղակներ:
Եվ այսպես, ուզո՞ւմ եք մեր Ուսանողական համայնքի լիիրավ անդամ դառնալ ու մասնակցել մի շարք միջոցառումների, ինչպես նաև դրանց կազմակերպչական թիմում լինել: Ուզո՞ւմ եք խթանել ՀԳՊԱ ակադեմիական փոփոխություններին՝ բարձրաձայնելով ուսանողի խնդիրներն ու առաջարկությունները: Ուզո՞ւմ եք ուսանելու տարիներին փորձ ձեռք բերել ու հարստացնել ձեր ինքնակենսագրականը:
Եթե այո, ապա ուղարկեք մոտիվացիոն նամակը մեզ communitysafaa@gmail.com հասցեով, և մենք կապ կհաստատենք ձեզ հետ:
Հարգանքով և հանդիպման սպասումով՝ ՀԳՊԱ Ուսանողական համայնք: