Միջազգային ճանապարհորդություն արվեստի աշխարհում
Նոր տեսարժան վայր Եգիպտոսում, ինչպես են համակարգչային սկավառակները դիմանկարների վերածվում, և կաշալոտ՝ Մադրիդի կենտրոնում։
Օրերս եգիպտական գիտնականները հանրությանն են ներկայացրել ավելի քան երեք հազար տարի առաջ ստեղծված երկու արձան և երկու կոթող։ Արտեֆակտերի բեկորները հայտնաբերել են եգիպտացի հնագետները Սան Էլ Հագար տարածաշրջանում, որտեղ պահպանվել են պատմական Տանիս քաղաքի պալատական շենքերի և մի քանի տաճարների ավերակներ։ Պեղումների ամբողջ տարածքը ծրագրվում է վերածել թանգարանի՝ բաց երկնքի տակ։ «Մենք արդեն վերականգնել ենք քսան կոտրված կոթողներից երկուսը։ Դրանք կործանվել են հարյուրավոր տարիներ առաջ, բեկորները ծածկված էին ավազի հաստ շերտով։ Եվ ահա, մենք վերականգնել ենք դրանք, ինչպես նաև Ռամզես II-ի հսկայական երկու արձանները։ Հիմա իրենց հերթին են սպասում բազմաթիվ այլ հուշարձաններ»,- հայտարարել է Եգիպտոսի հնությունների գործերի նախարար Հալեդ Ալ Անանին։
Մինչ եգիպտացիները զբաղված են հնություններ վերականգնելով, երիտասարդ բրիտանացի նկարիչ Նիկ Ջենթրին՝ ոգեշնչվելով տեխնիկական առաջընթացով, համակարգչային սկավառակներով և լուսանկարչական ժապավենների նեգատիվներով դիմանկարների շարք է ստեղծել։ Նիկը սկավառակները ներկում է յուղաներկով՝ ստեղծելով ստվերներ և կիսատոներ։ Նկարիչը հատուկ տարբեր նեգատիվներ է ընտրում, որպեսզի կարողանա ակնառու պատկերել դիմագծերը։ Նիկի խոսքով, իր աշխատանքները ներկայացնում են ինֆորմացիան անցյալում, երբ այն դժվարամատչելի էր և պահպանվում էր անհատական կրիչների վրա։
Մինչդեռ Մադրիդի կենտրոնում․․․ կաշալոտ է հայտնվել։ 15-մետրանոց հիպերռեալիստական քանդակը ստեղծել է բելգիացի քանդակագործների խումբը։ Գիշերը նրանք տեղադրել են քանդակը քաղաքի կենտրոնական կամուրջներից մեկի մոտակայքում, և երբ առավոտյան հայտնվել են առաջին անցորդները, փրկարարների հագուստով դերասաններն սկսել են ջուր լցնել կաշալոտի վրա։ Նախագիծը, որն արդեն ցուցադրվել է Փարիզում, Լոնդոնում և Անտվերպենում, կոչ է անում մարդկանց մտածել բնապահպանության խնդիրների մասին։