Քաղաքականությունը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը:
Այսպիսով, սույն քաղաքականության նպատակն է սահմանել՝
- գնահատման ճկուն և ուսանողակենտրոն համակարգ, որը կնպաստի ուսանողի գիտելիքի, կարողությունների և հմտությունների անաչառ և օբյեկտիվ գնահատմանը,
- ուսանողների բացակայությունների թույլատրելի շեմը,
- ներառական գնահատման կարևորությունը՝ ապահովելով բոլոր ուսանողների հավասարությունը,
- քննական արդյունքների բողոքարկման, ինչպես նաև ակադեմիական պարտքերի մարման ընթացակարգը՝ ապահովելով ուսումնական գործընթացի շարունակականությունը:
ՀԳՊԱ-ի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը պարտավորվում է գործունեությունն իրականացնել սույն քաղաքականության դրույթներին համապատասխան:
Ուսանողի գնահատում. մոտեցումները և նշանակությունը
ՀԳՊԱ-ն սահմանում է գնահատման համակարգ, որը միտված է ֆորմալ և ոչ ֆորմալ գնահատման ձևերով նպաստել ուսանողի արդյունավետ ուսումնառությանը: Այն ներառում է ուսանողի առաջխաղացման ողջ գործընթացը և ապահովում է ուսանողի ներգրավումը համապատասխան կրթական ծրագրում, նրա լսարանային և ինքնուրույն աշխատանքը, դասախոսի կողմից ուսանողի ուղղորդումը և ուսանողի ամփոփիչ գնահատումը։
Ուսանողի գնահատումը կարող է լինել․
- Ճանաչողական (դիագնոստիկ). այս գնահատումը նպաստում է ուսանողների թույլ և ուժեղ կողմերի բացահայտմանը, կիրառվում է համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող ուսանողների ընտրության, նախապատրաստական դասընթացներում/մոդուլներում ներգրավման, ընդունելության և համապատասխան ծրագրում ընդգրկման ընթացքում։ Այս գնահատումը միտված է նաև նոր ընդունված ուսանողների ուսումնառության գործընթացի ուղղորդմանը՝ բաց կամ թերի գիտելիքի և կարողությունների բացահայտման և լրացման միջոցով։
- Ձևավորող. թվային գնահատականից զատ՝ դասախոսի կամ բարձր որակավորում ունեցող մասնագետի բանավոր կամ գրավոր հայտնած հատուկ կարծիքները նպաստում են ուսանողի գիտելիքների հարստացմանը, ունակությունների բացահայտմանը և մասնագիտության հանդեպ վերաբերմունքի ձևավորմանը:
- Ամփոփիչ. ծառայում է ուսանողի առաջադիմության արձանագրմանը և նպաստում է ուսանողի առաջխաղացմանը կամ որակավորման ժամանակ ուսանողի մասնագիտական ձեռքբերումների մասին պատկերացում կազմելուն։
ՀԳՊԱ-ում գնահատման համակարգը միտված է, առաջին հերթին, ուսուցման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով ուսանողի ստացած գիտելիքի, հմտությունների և կարողությունների (ուսումնառության վերջնարդյունքների) ձեռքբերումը:
Ուսանողի գնահատման հիմնական սկզբունքները
ՀԳՊԱ-ն բուհում ուսումնառությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ուսանողներին պարբերաբար ծանոթացնում է մասնագիտական առաջադրանքներին, ինչպես նաև ամփոփիչ ստուգումների առանձնահատկություններին և գնահատման համակարգին։ Ի նպաստ դրան՝ ՀԳՊԱ գնահատման համակարգը մշակվել է՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.
- Համապատասխանություն. դասընթացի/մոդուլի նպատակների, դասավանդման մեթոդների և նյութերի, ինչպես նաև գնահատման մեթոդների և չափանիշերի միջև ներդաշնակ կապն է։
- Հետադարձ կապ. ուսանողի գնահատման կարևորագույն տարրերից է դասախոսի կողմից ժամանակին, պատշաճ և իմաստալից ներկայացված արձագանքը, որը կնպաստի ուսանողի ուսումնառությանը։
- Հավասարակշռություն. ուսանողի ձեռքբերումների ստուգման և գնահատման ժամանակ ՀԳՊԱ գնահատման համակարգը ապահովում է հավասարակշռություն թեր- կամ գերստուգումներից խուսափելու համար։
Ուսանողի առաջընթացի գնահատում
Ուսանողների գնահատման համակարգը միտված է երկու հիմնական նպատակների․
- Կողմնորոշելու, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքների կարիք ունի նոր ընդունվող ուսանողը։ Այս նպատակով ՀԳՊԱ-ում իրականացվում է ուսանողի ճանաչողական (դիագնոստիկ) գնահատում, ինչը կիրառվում է նոր ընդունված ուսանողների նկատմամբ։
- Նպաստելու ուսանողի ուսումնառությանը։ Բոլոր դասընթացները/մոդուլները գնահատելիս սովորաբար կիրառվում է երկու մոտեցում. ձևավորող գնահատում՝ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում, և ամփոփիչ՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին։ Կախված դասընթացից/մոդուլից` գնահատումը կարող է տեղի ունենալ դիտումների, գրավոր աշխատանքի և բանավոր քննության միջոցով կամ դրանց համակցությամբ։
Ձևավորող գնահատման դեպքում դասախոսը ուսանողի կատարած աշխատանքի վերաբերյալ տրամադրում է բանավոր կամ գրավոր արձագանք։ Քանի որ գնահատման այս մոտեցումն ունի կառուցողական բնույթ, հետևաբար թվային գնահատումը պարտադիր չէ։
Ամփոփիչ գնահատման դեպքում դասախոսը, հիմք ընդունելով դասընթացի/մոդուլի շրջանակներում կատարված աշխատանքը, գնահատում է ուսանողի ձեռք բերած գիտելիքը, կարողությունները և հմտությունները։ Ամփոփիչ գնահատման դեպքում թվային գնահատումը պարտադիր է։
Հաճախում
Ակադեմիական գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀԳՊԱ-ն երաշխավորում է առաջարկվող բոլոր կրթական ծրագրերի դասընթացների/մոդուլների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը՝ համաձայն նախապես հաստատված ուսումնական պլանների: Բուհում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք իրենց տեսական ու գործնական մեծ ներդրումը կարող են ունենալ ուսանողների մասնագիտական աճի վրա: Ավելին, դասընթացները/մոդուլները հաճախ կազմակերպվում ու անցկացվում են լաբորատորիաներում, արվեստանոցներում, որտեղ ուսանողները կատարում են գործնական առաջադրանքներ՝ ձեռք բերելով մասնագիտական կիրառական հմտություններ:
ՀԳՊԱ-ում ուսանողների հաճախումը բոլոր դասընթացներին/մոդուլներին պարտադիր է:
ՀԳՊԱ-ում դասընթացներին/մոդուլներին մասնակցելու, լաբորատորիաներում, արվեստանոցներում, գրադարանում աշխատելու և առաջարկվող այլ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն միայն բուհում գրանցված և բուհի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող սովորողները:
Բացակայություններ
ՀԳՊԱ-ն չի ընդունում դասընթացներից/մոդուլներից ուսանողների բացակայությունը: Սակայն, հաշվի առնելով հիմնավոր մի շարք հանգամանքներ (հիվանդություններ, բժշկական այցելություններ, դժբախտ պատահարներ և այլն), ուսանողները կարող են բաց թողնել դասաժամը: Ուսանողի բացակայությունը կարող է հարգելի համարվել միայն հիմնավորված և դասընթացը/մոդուլը վարող դասախոսին, ամբիոնի վարիչին կամ դեկանին ժամանակին տեղեկացնելու և հիմնավորող փաստաթղթերը դեկանատ ներկայացնելու պայմանով:
Հարգելի բացակայությունները չեն կարող գերազանցել դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 25%-ը: Հարգելի բացակայությունները դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 25%-ից մինչև 50% կազմելու դեպքում ուսանողի գնահատականը իջեցվում է 10%-ով՝ պահպանելով անցողիկ դրական գնահատականը (6 միավոր)։ Երբ հարգելի բացակայությունները գերազանցում են դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 50%-ը, դեպքը քննվում է ֆակուլտետի խորհրդում, ապա՝ ռեկտորատում՝ հիմք ընդունելով ուսանողի բացատրագիրը և ներկայացված հիմնավորող փաստաթղթերը։
Չհիմնավորված բացակայությունները չեն կարող գերազանցել դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 10%-ը։ Չհիմնավորված բացակայությունները դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 10%-ից մինչև 40% կազմելու դեպքում ուսանողի գնահատականը իջեցվում է 20%-ով՝ պահպանելով անցողիկ դրական գնահատականը (6 միավոր)։ Եթե չհիմնավորված բացակայությունները գերազանցում են դասընթացին/մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի 40%-ը, ուսանողը գնահատվում է անբավարար։
Անկախ բացակայություններից ուսանողը պարտավոր է կատարել դասընթացով/մոդուլով նախատեսված բոլոր առաջադրանքները։
Հարգելի և չհիմնավորված բացակայությունները ներկայացված են աղյուսակում.
Թույլատրելի շեմը դասընթացին կամ մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի | Թույլատրելի շեմի գերազնացումը դասընթացին կամ մոդուլին հատկացված կոնտակտային ժամերի | ||
Հարգելի բացակայություններ | Մինչև 25%-ի դեպքում չի ազդում գնահատականի վրա | 25%-ից մինչև 50% կազմելու դեպքում ուսանողի գնահատականը իջեցվում է 10%-ով՝ պահպանելով անցողիկ դրական գնահատականը (6 միավոր) | 50%-ը գերազանցելիս դեպքը քննվում է ֆակուլտետի խորհրդում, ապա՝ ռեկտորատում |
Չհիմնավորված բացակայություններ | Մինչև 10%-ի դեպքում չի ազդում գնահատականի վրա | 10%-ից մինչև 40% կազմելու դեպքում ուսանողի գնահատականը իջեցվում է 20%-ով՝ պահպանելով անցողիկ դրական գնահատականը (6 միավոր) | 40%-ը գերազանցելու դեպքում ուսանողը գնահատվում է անբավարար |
Ներառական գնահատում
Ուսանողների առաջընթացը գնահատելու համար ՀԳՊԱ-ն կարևորում է ներառական մեթոդների կիրառումը և առաջարկում է գնահատման ներառական մոտեցումներ, որոնք գնահատման գործընթացը կդարձնեն բազմազան և ճկուն՝ հաշվի առնելով ուսանողների առանձնահատկությունները:
Ներառական գնահատման հիմնական նպատակն է բոլոր ուսանողների համար ապահովել ակադեմիական հավասար պայմաններ, ներառյալ ուսումնառության և գնահատման ներառական մեթոդներ, որոնք կնպաստեն ուսանողների ուսումնական գործընթացում ակտիվ մասնակցությանը և ձեռք բերված գիտելիքի, հմտությունների և կարողությունների արդյունավետ գնահատմանը: Այսպիսով, գնահատաման մեթոդները մշակելիս, ՀԳՊԱ-ն հաշվի է առել ուսանողների և մասնավորապես թիրախային խոցելի խմբերի (տես «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քաղաքականությունը ներառական կրթության վերաբերյալ») կրթական առանձնահատկությունները:
ՀԳՊԱ-ում ներառական գնահատումը ենթադրում է.
- Մոդուլի/ դասընթացի շրջանակներում գնահատման տարբեր մեթոդների կիրառում, ինչը հնարավորություն կտա ուսանողներին առավել արդյունավետ ցուցադրել ձեռք բերված վերջնարդյունքը:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար քննությունների անցկացման այլընտրանքային մեթոդների կիրառում: Օրինակ, բանավոր հաղորդակցման խնդիր ունեցող ուսանողների համար բանավոր քննությունները կարելի է կազմակերպել գրավոր/փոխարինել գրավոր քննություններով:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում ինչպես դասավանդման, այդպես էլ քննությունների անցկացման ժամանակ: Օրինակ, այն ուսանողները, որոնք հնարավորություն չունեն ակադեմիա հաճախել, նրանց համար կրթությունը կազմակերպել առցանց, ներառյալ՝ առաջադրանքներ կատարել/հանձնել և անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվություն ստանալ:
Ուսանողի գնահատման չափանիշները
ՀԳՊԱ-ն ընդունել է ուսանողի գնահատման այնպիսի չափանիշեր, որոնցով հնարավոր կլինի համեմատել ուսանողի կատարած աշխատանքը նախանշված ուսումնառության վերջնարդյունքների հետ: Ուսումնառության վերջնարդյունքները սահմանում են այն գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք պետք է ձեռք բերի ուսանողը դասընթացի/մոդուլի կամ մասնագիտության կրթական ծրագրի ավարտին:
ՀԳՊԱ-ում ուսանողին գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշերը՝
- ընդհանրական և մասնագիտական գիտելիք և ըմբռնում,
- մասնագիտական կիրառական, ինչպես նաև փոխանցելի և փոխկիրառելի կարողություններ։
Ընդհանրական և մասնագիտական գիտելիքը և ըմբռնումը արտահայտվում է՝
- կատարված աշխատանքի և նրա ներկայացման ժամանակ ձեռք բերված գիտելիքների արտահայտման կարողությամբ,
- աշխատանքի կամ հետազոտության ծավալով և խորությամբ, իրականացման մոտեցումների և մեթոդաբանության հստակությամբ,
- ուսումնասիրվող ոլորտում առկա գաղափարներին, ընդունված արժեքներին և հեղինակավոր կարծիքներին ու քննարկումներին տեղեկացվածությամբ,
- ուսումնասիրվող դասընթացի/մոդուլի և մասնագիտության կրթական ծրագրի համատեքստային և քննադատական գաղափարները հասկանալու ունակությամբ,
- գաղափարների և կիրառվող միջոցների (մեթոդների) վերաբերյալ քննադատական մտածողության դրսևորմամբ,
- որևէ փաստի կամ առաջադրանքի վերլուծության կարողությամբ,
- փաստերը կամ գաղափարները համադրելու կարողությամբ,
- փաստարկի կարևորագույն տարրերը ի մի բերելու կարողությամբ,
- որոշումներ կայացնելիս խնդիրների ձևակերպման ժամանակ գիտելիքն ու փորձը կիրառելու կարողությամբ։
Մասնագիտական կիրառական, ինչպես նաև փոխանցելի և փոխկիրառելի կարողություններն արտահայտվում են՝
- կատարված աշխատանքում ցուցաբերված հմտություններով, ստեղծագործական միջոցների ընտրությամբ, ինչպես նաև նյութերի, տեխնիկայի և տեխնոլոգիայի տեղին կիրառմամբ,
- մտածելակերպի և կատարված աշխատանքի համակցմամբ,
- ձեռք բերված գիտելիքների կիրառմամբ,
- ինքնուրույն ուսուցման կազմակերպմամբ,
- հաղորդակցման հմտությունների տիրապետմամբ և կիրառմամբ,
- տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ,
- խնդիրների լուծման հմտությամբ,
- ինքնավարությամբ ու նախաձեռնողականությամբ,
- թիմով աշխատելու ունակությամբ,
- ժամանակի արդյունավետ օգտագործմամբ,
- այլոց դիտարկումներին պատշաճ արձագանքով:
Այսպիսով՝ յուրաքանչյուր դասընթացի/մոդուլի/կրթական ծրագրի շրջանակում ուսանողին գնահատելու համար կիրառվում են մի շարք բաղադրիչներ՝ ըստ չափանիշերի։ Ուսումնական պլանով նախատեսված դասընթացները/մոդուլները գնահատվում են յուրաքանչյուր դասընթացի/մոդուլի համար սահմանված համապատասխան տոկոսային հարաբերությամբ: Այնուհետև կատարվում է հետևյալ հաշվարկը.
- Յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է 10 բալանոց համակարգով։
- Յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականը բազմապատկվում է նախապես սահմանված տոկոսային միավորով։
- Յուրաքանչյուր բաղադրիչի համար ստացված միավորները գումարվում են և ստացվում է վերջնական գնահատականը:
- Մոդուլը գնահատվում է դրական, եթե յուրաքանչյուր բաղադրիչից ուսանողը ստանում է նվազագույն բավարար միավորը (6 միավոր): Եթե բաղադրիչներից որևէ մեկից ուսանողը ստանում է անբավարար, ապա պարտավորվում է վերահանձնել այն՝ համաձայն ակադեմիական պարտքերի մարման ընթացակարգի:
Տվյալները լրացվում են տեղեկագրում, որից հետո մուտքագրվում են ուսանողների առաջադիմության տեղեկատվական համակարգ:
Ստորև ներկայացվում է օրինակելի ձևաչափ՝ ըստ որի յուրաքանչյուր դասընթացի/մոդուլի համար կատարվում է ընդհանուր գնահատականի տրոհումը:
Չափանիշ | Բաղադրիչ | Գնահատականը %-ով |
Ընդհանրական և մասնագիտական գիտելիք և ըմբռնում | Տեսական ընդհանուր և մասնագիտական գիտելիք և ըմբռնում դասընթացի/մոդուլի վերաբերյալ | 30% |
Մասնագիտական կիրառական, ինչպես նաև փոխանցելի և փոխկիրառելի կարողություններ | Մասնագիտական կիրառական փոխանցելի կարողություններ՝ ինտեգրված տվյալ դասընթացում/մոդուլում | 70% |
Գնահատման բնութագրիչները
Միավոր | Ընդհանրական և մասնագիտական գիտելիք և ըմբռնում | Մասնագիտական կիրառական, ինչպես նաև փոխանցելի և փոխկիրառելի կարողություններ | Հիմնաբառեր/ հանգուցային բառեր |
Ուսանողի կողմից ներկայացված աշխատանքը ցույց է տալիս | Ուսանողի կողմից ներկայացված աշխատանքը ցույց է տալիս | ||
10 | գերազանց և բացառիկ գիտելիքի, մտավոր կարողությունների ձեռքբերում, ըմբռնում, տվյալ մասնագիտության կամ դասընթացի/մոդուլի խորքային մեկնաբանում և մեթոդաբանության խորը և պատճառաբանված ընկալում | տվյալ մասնագիտության, դասընթացի/մոդուլի և մասնագիտական լայն շրջանակների հետ կապված փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների գերազանց կիրառում և բացառիկ կարողությունների դրսևորում, ստեղծագործական և անկախ մոտեցումների ցուցաբերում | գերազանց անկախ ստեղծագործական բացառիկ |
9 | գերազանց և բազմակողմանի գիտելիքի ձեռքբերում և ըմբռնում, տվյալ մասնագիտության կամ դասընթացի/մոդուլի խորքային մեկնաբանում ու մեթոդաբանության խորը և պատճառաբանված ընկալում | տվյալ մասնագիտության, դասընթացի/մոդուլի և մասնագիտական լայն շրջանակների հետ կապված փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների գերազանց կիրառում և կայացած կարողությունների դրսևորում, նոր մեթոդների կիրառում | գերազանց բազմակողմանի կայացած |
8 | հիմնավոր գիտելիքի ձեռքբերում և ըմբռնում, տվյալ մասնագիտության կամ դասընթացի/մոդուլի շուրջ համապատասխան մեկնաբանության կատարում և մեթոդաբանության պատճառաբանված ընկալում | տվյալ մասնագիտության, դասընթացի/մոդուլի և մասնագիտական լայն շրջանակների հետ կապված փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների հաստատուն կիրառում՝ փորձարկման տարբեր մեթոդների կիրառությամբ | հաստատուն մեթոդներով հիմնավորված զգալի պատճառաբանված |
7 | գիտելիքի ձեռքբերում և ըմբռնում, տվյալ մասնագիտության կամ դասընթացի/մոդուլի շուրջ քննադատական և համապատասխան մասնագիտական մոտեցման ցուցաբերում, համապատասխան մեթոդաբանության ընկալում | տվյալ մասնագիտության, դասընթացի/մոդուլի և մասնագիտական լայն շրջանակների հետ կապված փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների կիրառում՝ համապատասխան մասնագիտական մոտեցմամբ, լավ ձևավորված, պատշաճ մեթոդների և վերահսկողական մոտեցումների ցուցաբերում | վերահսկվող համապատասխան քննադատական պատշաճ |
6 | բավարար գիտելիքի ձեռքբերում և կիրառում, տվյալ մասնագիտության կամ դասընթացի/մոդուլի շուրջ իրազեկ մոտեցման ցուցաբերում և մեթոդաբանությանը մակերեսային մոտեցման ցուցաբերում | տվյալ մասնագիտության, դասընթացի/մոդուլի և մասնագիտական լայն շրջանակների հետ կապված փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների բավարար կիրառում, բայց համընդհանուր մոտեցման ցուցաբերում ընտրված դասընթացի/մոդուլի կամ մասնագիտության վերաբերյալ | բավարար մակերեսային |
5 | սահմանափակ, տարրական և ոչ բավարար գիտելիքի ձեռքբերում և ըմբռնում | փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների սահմանափակ կիրառում | սահմանափակ տարրական |
5-ից ցածր | գիտելիքի թերի ձեռքբերում | փոխանցելի, փոխկիրառելի և մասնագիտական կիրառական կարողությունների թերի կիրառում | թերի |
Գնահատման սանդղակ
ՀԳՊԱ-ի ուսանողների ակադեմիական առաջընթացի ամփոփիչ գնահատումը կատարվում է ներքոնշյալ սանդղակով:
Գնահատական | Համապատասխանությունը 4 բալանոց համակարգին | Գնահատական (տառերով) | Մեկնաբանություն |
10 | 4 | A | Գերազանց |
9 | 3,5 | B | Լավ |
8 | 3 | C | |
7 | 2,5 | D | Բավարար |
6 | 2 | E | |
5 | 1,5 | FX | Ոչ բավարար՝ ուսանողը որոշակի աշխատանքներ կատարելու և վերահանձնելու հնարավորություն ունի |
5-ից ցածր | 1,5-ից ցածր | F | Անբավարար՝ ենթակա է դասընթացը կրկնելու |
Ստուգված | Pass | S | Կիրառվում է ոչ մասնագիտական մոդուլների/դասընթացների գնահատման համար և փաստում է, որ ուսանողը ապահովում է դրական գնահատվելու համար անհրաժեշտ պահանջները |
Ստուգարքային կարող են լինել բակալավրիատի ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկի և ընդհանուր բնագիտական կրթաբլոկի դասընթացները/մոդուլները, ինչպես նաև պրակտիկան, իսկ մագիստրատուրայում՝ ընդհանուր կրթաբլոկի դասընթացները/մոդուլները՝ ֆակուլտետի խորհրդի որոշմամբ:
Ուսանողի առաջընթացի հաշվառում
ՀԳՊԱ-ն յուրաքանչյուր ուսանողի համար, ընդունման պահից սկսած, վարում է ակադեմիական ամփոփագիր, որտեղ գրանցվում են ուսանողի ուսումնառության արդյունքները և առաջադիմության ցուցանիշները` ուսումնասիրած դասընթացները/մոդուլները, վաստակած կրեդիտները և ստացած գնահատականները՝ ըստ կիսամյակների։ Դրանք կուտակվում և մնում են ուժի մեջ նրա ուսումնառության ողջ ընթացքում:
Ուսանողի ակադեմիական առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական ամփոփագրում յուրաքանչյուր քննաշրջանից հետո նշվում են՝
- գումարային կրեդիտների (Կ) քանակը` կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումար,
- գնահատված կրեդիտների քանակը (ԳԿ)` գումարային կրեդիտների մաս, որը գնահատված է թվային միավորներով,
- վարկանիշային միավորները (ՎՄ)` յուրաքանչյուր կրեդիտի համար ուսանողի ստացած գնահատականների գումար, որը հաշվարկվում է որպես առանձին դասընթացների/մոդուլների գնահատված կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումար,
- միջին որակական գնահատականը (ՄՈԳ)` կրեդիտներով կշռված գնահատականների միջին, որը հաշվարկվում է բաժանելով վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների գումարի վրա,
- կիսամյակային/տարեկան ՄՈԳ՝ մեկ ուսումնական կիսամյակի/տարվա կտրվածքով հաշվարկած ՄՈԳ,
- կուտակային ՄՈԳ՝ բոլոր կիսամյակների ընթացքում վաստակած ընդհանուր վարկանիշային միավորների գնահատված կրեդիտների ընդհանուր գումարի վրա բաժանելու արդյունք։
Ակադեմիական տեղեկագրում գրանցվում են կիսամյակի և տարվա կտրվածքով հաշվառված վարկանիշային միավորները և ՄՈԳ-երը:
Օրինակ`
Եթե ուսանողը 2, 4, 7 և 5 կրեդիտանոց դասընթացներից/մոդուլներից գնահատվել է համապատասխանաբար 10, 8, 7 և 9 միավոր, ապա դասընթացների/մոդուլների այդ խմբից ուսանողի վաստակած վարկանիշային միավորը հավասար է` ՎՄ = 2 x 10 + 4 x 8 + 7 x 7 + 5 x 9 = 146` 180 հնարավորից (2 x 10 + 4 x 10 + 7 x 10 + 5 x 10)։
Նույն դասընթացների/մոդուլների խմբի համար միջին որակական գնահատականը կլինի` ՄՈԳ = 146/18 (կրեդիտների գումարը) = 8.11 ` 10 հնարավորից:
ՄՈԳ-ը ուսանողի ակադեմիական առաջադիմության գլխավոր ցուցանիշն է:
ՄՈԳ-ը ինքնուրույն հաշվարկելու համար կարող եք օգտվել տվյալ ձևաչափից։
ՄՈԳ | Համապատասխանությունը 4 բալանոց համակարգի ՄՈԳ-ին | Գնահատական (տառերով) | Մեկնաբանություն |
9,5-10 | 3,75-4 | A | Գերազանց |
8,5-9,49 | 3,25-3,74 | B | Լավ |
7,5-8,49 | 2,75-3,24 | C | |
6,5-7,49 | 2,25-2,74 | D | Բավարար |
6-6,49 | 2-2,24 | E | |
5-5,99 | 1,5-1,99 | FX | Ոչ բավարար՝ ուսանողը որոշակի աշխատանքներ կատարելու և վերահանձնելու հնարավորություն ունի |
5-ից ցածր | 1,5-ից ցածր | F | Անբավարար՝ ենթակա է դասընթացը կրկնելու |
Գնահատականների վերահաշվարկի մոտեցումները
Այլ գնահատման համակարգերից գնահատականների ճանաչման անհրաժեշտության դեպքում հաշվարկը կատարվում է մոդիֆիկացված Բավարյան բանաձևով․
x = 10- (ymax-y)*(10-6)/(ymax-ymin)
որտեղ.
x – հաշվարկվող գնահատական,
y – այլ գնահատման համակարգում ստացած գնահատական,
ymax – այլ գնահատման համակարգի առավելագույն հնարավոր գնահատական,
ymin – այլ գնահատման համակարգի նվազագույն անցողիկ գնահատական։
Քննության արդյունքների բողոքարկում
Ուսանողը իրավունք ունի բողոքարկել իր գնահատականը հայտարարելուց հետո մեկ օրվա ընթացքում: Գրավոր բողոքը ներկայացվում է ֆակուլտետի դեկանին, և քննարկումը կազմակերպվում է նույն օրը կամ հաջորդ 3 օրվա ընթացքում:
Դիմումի մեջ պարտադիր նշվում է ուսանողի անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը, հեռախոսահամարը, խնդիրը և դրա հիմնավորումները, դիմումը գրելու ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:
Ուսանողը իրավունք ունի վիճարկելու քննության կամ ստուգարքի գնահատականը և բողոքարկել քննության/ստուգարքի արդյունքները: Ուսանողը բողոքարկելիս պետք է պարտադիր հիմնավորի բողոքարկման պատճառը:
Ուսանողի դիմումը կարող է ընդունվել, եթե՝
- տեղի է ունեցել դասախոսի կողմից քննությունների/ստուգարքների կազմակերպման կարգի խախտում,
- խախտվել են գնահատման նախապես սահմանված չափանիշերը,
- առկա են հանգամանքներ, որոնք խոչընդոտել են օբյեկտիվ գնահատումը:
Դիմումը քննելու համար կազմվում է բողոքարկման հանձնաժողով, որտեղ ընդգրկվում են՝
- ֆակուլտետի դեկանը կամ տեղակալը,
- տվյալ դասընթացը/մոդուլը ապահովող ամբիոնի վարիչը,
- տվյալ դասընթացի/մոդուլի դասախոսը,
- տվյալ ամբիոնի այլ դասախոս։
Ուսանողական խորհրդի ներկայացուցչի և ուսանողի ներկայությամբ հանձնաժողովը՝
- քննարկում է ներկայացված աշխատանքը/ները և կայացնում համապատասխան որոշում (կիրառական դասընթացների/մոդուլների համար),
- կազմակերպում է նոր քննություն (տեսական դասընթացների/մոդուլների համար):
Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ որոշվում է գնահատականը թողնել անփոփոխ, գնահատականը բարձրացնել կամ իջեցնել։
Ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը կցվում է տվյալ դասընթացի/մոդուլի տեղեկագրին: Գնահատականի փոփոխման դեպքում տեղեկագրում կատարվում է փոփոխության մասին նշում:
Ակադեմիական պարտքերի մարում
Սույն կետում օգտագործվող հասկացությունները.
- Ակադեմիական պարտք՝ կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ դասընթացի/մոդուլի համար սահմանված կրեդիտ չհավաքելը։
- Ակադեմիական անբավարար առաջադիմություն՝ քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտներ չհավաքելը։
Անբավարար գնահատված կամ քննությանը չներկայացած ուսանողները հնարավորություն ունեն տվյալ դասընթացից/մոդուլից քննությունը վերահանձնել ևս երկու հնարավորությամբ՝ սահմանված վերահանձնման փուլերի շրջանում, երրորդ վերահանձնումը հնարավոր է միայն ՀԳՊԱ-ի ռեկտորի թույլտվությամբ: Վերահանձնման երկու փուլերի վերջնաժամկետ է սահմանվում մինչև ընթացիկ ուսումնական կիսամյակի երրորդ շաբաթվա ավարտը։
Քննությանը կամ ստուգարքին հարգելի պատճառով (համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում) չներկայացած ուսանողները վերահանձնման փուլերի շրջանում գնահատվելու դեպքում կարող են հավակնել առավելագույն հնարավոր գնահատականի: Անհարգելի պատճառներով քննությանը կամ ստուգարքին չներկայացած ուսանողները վերահանձնման առաջին և երկրորդ փուլերի շրջանում գնահատվում են` ստանալով համապատասխանաբար 10% և 20%-ով ցածր գնահատական: Երրորդ վերահանձնման իրավունք ստանալու դեպքում ուսանողը դրական գնահատվելիս ստանում է նվազագույն դրական գնահատականը (6 միավոր)։ Եթե համապատասխան տոկոսը գնահատականից հանելու դեպքում ստացվում է բացասական գնահատական, ապա ուսանողը ստանում է նվազագույն դրական գնահատական (6 միավոր):
Ընթացիկ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին թույլատրվում է մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնել առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը։ Վերահանձնմանը ենթակա դասընթացների/մոդուլների ցանկը մասնագիտական ամբիոնների ներկայացմամբ հաստատում է ՀԳՊԱ-ի ֆակուլտետի խորհուրդը՝ հաշվի առնելով դասընթացների/մոդուլների շարունակականության սկզբունքը՝ ըստ ուսումնական պլանի:
Քննություններին՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, չներկայացած կամ ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողների ակադեմիական պարտքերի մարումը ՀԳՊԱ-ի ռեկտորի թույլտվության դեպքում իրականացվում է այդ նպատակով ձևավորված քննական հանձնաժողովներում։ Քննական հանձնաժողովները ձևավորվում են տվյալ դասընթացը/մոդուլը սպասարկող ամբիոնի նիստում և ներառում են տվյալ դասընթացի/մոդուլի դասախոսին և տվյալ դասընթացը/մոդուլը սպասարկող ամբիոնի վարիչին։ Քննական հանձնաժողովների միջոցով դասընթացի/մոդուլի պարտքերի վերահանձնումն իրականացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին՝ քննաշրջանի համար նախատեսված ժամանակահատվածում։ Այս դեպքում ուսանողը կարող է ստանալ միայն նվազագույն դրական գնահատական։
Ուսանողին թույլ է տրվում վերահանձնել ակադեմիական պարտքերը, եթե նրանց կրեդիտների հանրագումարը չի գերազանցում 12 կրեդիտը, հակառակ դեպքում ուսանողը հեռացվում է ՀԳՊԱ-ից և կարող է դիմել ուսանողական իրավունքերի վերականգնման համար՝ համաձայն ՀԳՊԱ-ի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգման կարգի։