ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Սույն թվականի հոկտեմբերի 14-19-ը ԷՐԱԶՄՈՒՍ+-ը նշում է իր ընդգրկվածությունը աշխարհի տարբեր ծայրերում, որի ընթացքում տարբեր բուհեր, հաստատություններ և կառույցներ իրականացում են տարաբնույթ միջոցառումներ։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես անմասն չմնաց նմանատիպ միջոցառումների իրականացումից և հոկտեմբերի 18-ին կազմակերպեց հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2023/2024 ուս․տարվա առաջին կիսամյակի ընթացքում բուհից դեպի գործընկեր հաստատություններ կարճաժամկետ ուսման մեկնած ուսանողների արձանագրած արդյունքների և տպավորությունների շնորհանդեսը։
Հանդիպմանը ներկա էր նաև ԷՐԱԶՄՈՒՍ+ ազգային գրասենյակից Անի Համբարձումյանը։
Հանդիպումը համեմված էր գունեղ և տեղեկատվական շնորհանդեսներով և անցավ բավականին անմիջական մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխաններով և քննարկումներով։
by Safa22.10.2024 «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի նորություններ, Exhibition hall: news, Նորություններ0 comments
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՈՒՐԱՏՈՐԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների, մասնավորապես արվեստաբանութուն, արվեստի պատմություն ուսումնասիրողների համար ուսանելի և օգտակար կլինի այն նոր նախաձեռնությունը, որ կոչվում Կուրատորական սեմինար. հանրային բանախոսությունների շարք, և որի առաջինը` «ՀԱՄԱԴՐՈՂԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ. ԾԱԳՈՒՄԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՈՒՄԸ` ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», կայացավ երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։ Հյուրը արվեստի քննադատ, համադրող, ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանն էր։ Ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը, միջոցառման նպատակների, խնդիրների մասին խոսելով, տեղեկացրեց, որ այն լինելու է շարունակական, նաև որ բանախոսները հասարակական հիմունքներով են հրավիրվում, անվճար տրամադրում են իրենց մասնագիտական ռեսուրսներն ու ժամանակը` «կարևորելով կրթությունը, հանրային խոսքը, հանրային գործը»։
Լինելու են մասնագետներ արտերկրից, նաև թանգարանային կուրատորներ, ապա և նա ներկայացրեց օրվա հյուրին։
Նազարեթ Կարոյանի խոսքը` կառուցված տեսությունից դեպի պրակտիկա, պատմական անցյալից մինչ այս այսօրերը, համաշխարհային փորձից մինչ մեր իրականություն, ուղղված էր կուրատորի գործունեության նկարագրությանը, կուրատորական ոլորտի տարբեր աասպեկտներին. ե՞րբ է առաջացել, ինչո՞վ է պայմանավորված եղել անհրաժեշտությունն այդ ոլորտի, ինչ զարգացումներ է ունեցել, արդյոք այն առանձին մասնագիտություն է, նաև ինչպե՞ս է ստեղծվել կուրատորի հայերեն համարժեք` համադրող բառը։
Համադրումը, ինչպես ներկայացրեց բանախոսը, նախնական իմաստով բնութագրական է եղել թանգարաններին։ Գործունեության այս ասպարեզն ի հայտ է եկել առաջին թանգարանների առաջացումով, նախ` բրիտանական, ապա ֆրանսիական (Լուվր)։ «ժամանակակից իմաստով հասկացողությունը վերաբերում է ոչ թե հիմնարկային գործունեությանը, այլ սուբյեկտին` կապված պրակտիկա բառի հետ, այդ աշխատանքի ետևում կանգնած է որոշակի մարդը»։
Նա խոսեց առհասարակ ժամանակի մեջ կատարվող քաղաքական, սոցիալ ֊ տնտեսական, տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված որոշ մասնագիտությունների անհետացման և նորերի ի հայտ գալու մասին։ Կուրատորական գործունեության անհրաժեշտությունը սկսվել է անցած դարի 70֊ականներից արևմուտքում, երբ արտադրության փոխարեն կամ դրան զուգահեռ տնտեսությունը առաջ է շարժվում ծառայությունների տրամադրմամբ, երբ «պետությունն իր գործունեությունից առանձին էլեմենտներ պատվիրակում է հասարակական ակտիվությանը, և այդպես առաջանում է ինքնազբաղ մասնագետների շերտ»։
Քանի որ արվեստը բնականորեն մասն է կատարվող փոփոխությունների, նոր ավանգարդ արվեստի ի հայտ գալով համադրողական գործունեության պահանջ է առաջանում։ «Արվեստը իր զարգացման օրինաչափությունների փոփոխության պատճառով իր մեջ գեներացնում է կուրատորի անհրաժեշտություն»։
Նա ներկայացրեց պատմության մեջ ընդունված առաջին կուրատորին` շվեյցարացի Հերալդ Զեեմանին, որ լինելով թանգարանային աշխատող, 1969 ֊ ին կազմակերպում է մի ցուցահանդես, որից հետո հեռանում թանգարանից և դառնում անկախ համադրող։ Դրսի երկու ավանգարդիստ արվեստագետների աշխատանքների օրինակով ներկայացվեց առաջին կուրատորի դերն արվեստի գործեր դրանք համարելու։ «Արվեստագետները իրենց ստեղծագործությամբ հասնում են մի տեղ, երբ կարիք է լինում մեկի, որ վկայություն տա իրենց գործի արվեստ լինելու մասին։ Բայց նա չպիտի լինի պատահական մեկը, այլ մեկը հաստատված իր գիտելիքներով, փորձով, ստեղծած հասարակական իմիջով»։
Անդրադառնալով հայկական իրականության 90֊ականներին, երբ այստեղ էլ ներթափանցեց այդ մշակույթը, նա հիշատակեց Հենրիկ Իգիթյանի և Սարո Սարուխանյանի գործունեությունը։
Հետաքրքրական էր կուրատորի և արվեստագետի միջև ձևավորված հարաբերությունների նկարագրությունը` պայմանավորված ցուցահանդեսների կազմակերպման ընթացքում արվեստագետների, արվեստի գործերի ընտրությամբ, երբ ստացվում է այնպես, որ արվեստագետի` երկրորդական պլանում հայտնվելը կուրատորին դարձնում է առաջնային, նրան տալիս իշխանություն։ «Ստեղծագործությունները դառնում են աղյուսիկների այն մեծ պատը, որ ուզում է ստանալ համադրողը և ցուցահանդեսը անկախ նկարիչների քանակից, որակից, բովանդակությունից, ունենում է իր ինքնուրույն ուղերձը, և այդ ուղերձը համադրողն է ստեղծում։ Այս իրադրությունը ընդվզում է ստեղծում արվեստագետների մեջ։ Կուրատորական պրակտիկան, անձը ոչ միայն ձևավորվել, այլ թրծվել է այդ ընդդիմության գործընթացում»։
Արդյոք առանձի՞ն մասնագիտություն է կուրատորությունը. հարցը մեկնաբանվեց կուրատորությունը մի շարք մասնագիտությունների միաձուլման արդյունք լինելու տեսանկյունից. ինչպես` արվեստի պատմաբանի, մարդաբանի, հոգեբանի, քաղաքագետի, ճարտարապետի, էքսպոզիցիոների, հաշվապահի, հանրային կապերի մասնագետի, բնականաբար դրանց միջև ներքին պայքարի անխուսափելիությամբ։ Կախված թե դրանց հարաբերակցության մեջ որն է տվյալ անձի համար առաջնայինը, ցուցահանդեսը համապատասխան ուղղվածություն է ստանում։ Օրինակ, «եթե դա հոգեբանն է, ու նա տարված է Կառլ Յունգով, ապա ցուցահանդեսը ուղղվում է դեպի արքետիպեր, կոլեկտիվ նախապաշարումներ և այլ»։
Հընթացս նա հիշատակեց նախընթաց տարիների իր կազմակերպած մի շարք ցուցահանդեսներ Հայաստանի ամերիկյան համալսարանում, Նկարիչների միությունում, Մոսկվայում։
Նազարեթ Կարոյանը խոսքն ավարտեց կուրատոր բառի հայերեն համադրող համարժեքի իր առաջարկության պատմությամբ։ 1995 թվականի Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի ներկայացման քննարկումների ժամանակ տաղավարին անհրաժեշտ երկու պաշտոնների` հանձնակատարի և կուրատորի աշխատանքների առիթով կուրատորի համար նա հանպատրաստից առաջարկում է համադրող բառը, որն էլ շրջանառության մեջ է մինչև այսօր։ Նաև ասաց, որ բառի բուն ստուգաբանության հետ (հոգ տանել, խնամել, խնամակալ) կապ չունի, բայց բովանդակային, կատարած աշխատանքի իմաստով մոտ է։ «Իրականությունը առաջ է գնում սխալների հաշվին, կամ թե չմտածված քայլերի հաշվին։
Հայերեն լեզուն անաղարտ պահողները սիրում են համադրող բառը, ոչ` կուրատոր, և սա թույլ է տալիս, որ մենք ունենանք երկու տարբերակ»։
Մելանյա Բադալյան
«ԻՏԱԼԵՐԵՆԻ ՇԱԲԱԹ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին «ԻՏԱԼԵՐԵՆԻ ՇԱԲԱԹ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ամենամյա միջոցառման շրջանակում մեր բուհում ներկայացվեց «ԳԻՐՔԸ, ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ, ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ» խորագրով ցուցադրությունը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իտալիայի դեսպանատան երեք ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ ու շրջանավարտներ։
Բուհի պրոռեկտորի ողջույնի խոսքից հետո ուսանողները հյուրերին ներկայացրեցին ցուցադրության նմուշները, որոնց շարքում կային գրաֆիկայի, գեղանկարչության և հագուստի մոդելավորման բաժինների ուսանողների կողմից կատարված աշխատանքներ՝ նկարազարդումներ, մանրանկարներ, հագուստի մոդելավորման ոլորտի տարրեր և այլն։
Ցուցադրված էին նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության կողմից հրատարակված հնագույն գրքեր, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1801թ․ տպագրությունը, «Գեղունի» հանդեսի 1927թ․ տպագրությունը, «Հայկական մատենագրություն» ալբոմի 1966թ․ տպագրությունը, Ջաննի Ռոդարիի գրքի հայերեն թարգմանության նկարազարդումները՝ իրականացված նկարիչ Գրիգոր Աղասյանի կողմից, նույն հեղինակի կողմից արված ճեպանկարների շարքը՝ արված Հռոմում իտալական հանրահայտ «Քաղցր կյանք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Ցուցադրության շարքում էին նաև Շաբոյանի՝ 2015թ․ Վենետիկում հրատարակված «Վենետիկը՝ հայ նկարիչների աչքերով» և 2019թ․ «Զարե Պրինտ» տպարանի կողմից հրատարակված հայ բանաստեղծների՝ Վենետիկին նվիրված «Վենետիկը մունջ անուրջ․․․» բանաստեղծությունների հավաքածուն։
Ներկայացված հավաքածուի ցուցադրությունից հետո ներկաները շրջայց կատարեցին նախ՝ Գրաֆիկայի բաժնի արվեստանոցում, որտեղ ուսանողները գունավորում էին միջնադարյան շրջանի գրադարանում ձեռագրեր կրկնօրինակող վանականի պատկերով նկարազարդման գծանկարը։
Այնուհետև շրջայցը շարուանկվեց գրաֆիկայի բաժնի տպարան-լաբորատորիայում, որտեղ նույն բաժնի ուսանողները ցուցադրեցին լինոտիպային և օֆորտ մեթոդներով տպագրության գործընթացը։ Վերջինիս ընթացքում ներկայացվեցին 15-16-րդ դարերի իտալացի հանրահայտ տպագրիչ-հրատարակիչների՝ Ալդո Մանուցիոյի և Ուգո Դա Կարպիի ներդրումը հայ տպագրության մեջ։