«Arte Salerno». Գեղարվեստի ակադեմիայի ներդրումը համաշխարհային արվեստում
Մեր շրջանավարտը՝ ժյուրիում, իսկ ուսանողն ու դասախոսները՝ մրցույթի մասնակիցներ
Իտալիայի Սալերնո քաղաքում շուտով մեկնարկում է ժամանակակից արվեստի միջազգային ամենամյա «Arte Salerno» մրցույթը, որի կազմակերպիչն է «Artetra Art» միությունը՝ «Prince Group llc» ընկերության աջակցությամբ և Սալերնոյի իշխանությունների հովանավորությամբ։ Մրցույթի գործընկերներն են, ի թիվս այլոց, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։
«Arte Salerno»-ի նպատակն է բացահայտել տաղանդավոր արվեստագետներին՝ կազմակերպելով ցուցահանդեսներ միջազգային գեղարվեստական պատկերասրահներում, հիմնելով մրցանակներ, հաստատելով կապեր ոլորտում գործող ընկերությունների հետ, որոնք միտված են հրապարակելու, գովազդելու և այլ կերպ հանրայնացնելու արվեստի գործերը։ «Arte Salerno»-ի 2018-ի բացման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, Սալերնոյի պատմական Ֆրուսչիոնե պալատում։ Մրցույթ-ցուցահանդեսն այցելուների համար բաց է լինելու մինչև դեկտեմբերի 9-ը՝ վերոնշյալ պալատում, ինչպես նաև Սուրբ Սոֆիա եկեղեցական համալիրում։
Ցուցահանդեսն ընդգրկում է ինը կատեգորիա. գեղանկար, նկարչություն, քանդակ և ինստալյացիա, ֆոտոարվեստ, կերամիկա, վիդեո և կարճ ֆիլմ, պերֆորմանս, վիրտուալ արվեստ, թվային գրաֆիկա։ Կազմակերպիչները նշում են, որ մասնակիցներին չեն սահմանափակում ո՛չ ներկայացվող աշխատանքների տեխնիկայի, ո՛չ ոճի մեջ, առավել ևս չկա որևէ տարիքային կամ ազգային սահմանափակում։ Յուրաքանչյուր արվեստագետ կարող է ներկայացնել մեկ կամ ավելի աշխատանք, տարբեր կատեգորիաներում: Ներկայացված գործերը կընտրվեն ոլորտի փորձագետների կողմից, որոնք և կորոշեն հաղթողներին։
Պատվավոր ժյուրիի անդամներն են.
- Վերոնիկա Նիկոլի (Իտալիա, Սալերնո, դասախոս և միջոցառումների կազմակերպիչ),
- Ֆեդերիկո Կալոյի (Իտալիա, Միլան, արվեստաբան)
- Ժան Բլանշերտ (Իտալիա, Միլան, գալերիստ և արվեստաբան)
- Ռոսարիո Սպրովիերի (Իտալիա, Հռոմ, արվեստի կուրատոր)
- Ամանդո Պրինցիպ (Իտալիա, Սալերնո, «Prince Group Foundation»-ի նախագահ)
- Վարթ Մեսրոբյան (Հայաստան, Երևան, ՀԳՊԱ շրջանավարտ, նկարիչ և դասախոս)
- Ռոջեր Դե Թանիոս (Լիբանան, Բեյրութ, արվեստագետ)
- Բրունո Պերպետուո (Բրազիլիա, Նիտերոյ, Գլոբալ արվեստի շուկայի մասնագետ)
- Գոնսալո Մեդեիրա (Պորտուգալիա, Լիսաբոն, արտ-տնօրեն)
- Ջովաննի Շիոլլա (Չեխիա, Պրահա, Իտալական Մշակութային Ինստիտուտի տնօրեն)
- Մարկո Բրունելա (Միացյալ Արաբական Էմիրություններ, Աբու Դաբի, «Art Tour» նախագծի համակարգող)
- Անտոնիո Սիերվո (Ֆրանսիա, Նիս, «Մոնտեօլիվետտո» պատկերասրահի տնօրեն)
Մասնակից արվեստագետները պայքարելու են հատուկ մրցանակների համար, որոնց թվում են ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում, հրապարակումներ միջազգային մամուլում, ներկայացված աշխատանքների մասնակցություն գեղարվեստական աճուրդներում։ Հայաստանը ներկայացնում են Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնի ուսանող Միքայել Հարությունյանը, խեցեգործության դասախոս Արա Օհանյանը և քանդակագործության դասախոս Սարգիս Բաբայանը:
Good Luck