Մի ուրիշ սեպտեմբերի 1
Նոր իրականությունը կենսակերպի նոր ձևեր է թելադրում՝ բոլոր ոլորտներում: Կրթական պրոցեսներն արդեն մեկ անգամ անցան թելադրված նոր ճանապարհով: Իհարկե նման սեպտեմբերի 1 առաջին անգամ տեսան ուսանողները՝ առաջին անգամ բուհ ոտք դրած երիտասարդներ: Նրանք այս մասին տպավորություններ կպատմեն շատ տարիներ հետո և այդ ժամանակ գուցե լինի տպավորիչ: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան էլ մյուս բուհերի նման սեպտեմբերի 1-ին միայն առաջին կուրսեցիների համար էր բաց: Մնացածները դասերը կվերսկսեն ամսի 15-ից: Ուսանողների մուտքը կազմակերպված էր ըստ բաժինների, անունների ընթերցումով, անհատական ջերմաչափումով: Եվ իհարկե՝ նրանք դիմակներով էին:
«Մենք ողջունում ենք մեր առաջին կուրսեցիներին՝ իրավիճակից ելնելով իհարկե ներողություն ենք խնդրում մեր ուսանողներից, որ այս անգամ ավանդույթը խախտում ենք: Սովորաբար հավաքվում էինք մեր դահլիճում, ուսանողներին ծանոթացնում ակադեմիայի ընդհանուր կառուցվածքին, անցուդարձին, ղեկավարությանը: Մեզ համար էլ սա մի նոր փորձաշրջան կլինի՝ նոր ձևով աշխատելու: Կաշխատենք գտնել արդյունավետ ճանապարհներ՝ հնարավորինս լավ ընթացքի»,- մեր զրույցում ասաց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Ներկայում բուհի երկու՝ Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների բոլոր բաժինների համար մշակված են դասերի կազմակերպման հատուկ ընթացակարգ և ժամանակացույց՝ ռեկտորի կողմից հաստատված: Մասնագիտական բոլոր դասերն անց են կացվելու առկա, ընդհանուր հումանիտար և հասարակագիտական առարկաներն անց են կացվելու հիբրիդային ձևով՝ ըստ առարկայի առանձնահատկության: Հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն առարկաները ևս կանցկացվեն հիբրիդային ձևով։ Առկա են անցնելու դասերը արվեստի տեսության և պատմության մասնագիտությունների՝ խմբերում ուսանողների սակավաքանակությամբ պայմանավորված: Ակադեմիական ուսուցման մի զգալի մաս անցնում է լաբորատոր պայմաններում. դասընթացներն այստեղ կլինեն փոքր խմբերով և հերթով:
Բուհական շենքի ներսում պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը՝ համաճարակային կանոններին համապատասխան՝ ախտահանող սարքեր, նյութեր, միջոցներ:
Մելանյա Բադալյան