Սոցիալական և գովազդային պլակատի ցուցադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի 3-րդ ա կուրսի ուսանողների սոցիալական և գովազդային պլակատների աշխատանքները՝ ցուցադրվող «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, առաջին կիսամյակի արդյունքն է, որ նաև ծրագրային ու նպատակային է: Այս ցուցահանդեսը տարբերվում է մյուսներից գործնական նշանակությամբ: Ցուցահանդեսին ներկա էին ուսանողական աշխատանքները հովանավորող և ամբիոնի հետ հաջող համագործակցություն սկսած «Երանի Թրավել» տուրիստական գործակալության ներկայացուցիչները: Աշխատանքները արված են նկատելի խնամքով, սոցիալական թեմատիկայով ստեղծված բոլոր պլակատները ունեն հստակ ուղղվածություն և ասելիք՝ անդրադարձող հանրային կյանքի տարբեր ոլորտներին:
Կուրսի ղեկավար Նարեկ Փայասլյանն ասում է, որ ուսանողների առաջ դրված է եղել սոցիալական ոլորտի շուկայի ուսումնասիրություն, պահանջվել է ցուցաբերել անհատական մոտեցում. ինչպես է նրանցից յուրաքանչյուրը տեսնում այս կամ այն սոցիալական խնդիրը և ինչպես է ձևակերպում, արտահայտում պլակատի լեզվով: Ուսանողների ուշադրության կենտրոնում հիմնականում բնապահպանական, առողջ ապրելակերպի, շրջակա միջավայրի պահպանության, տուրիզմի ոլորտներն են, նաև ընթերցանության մշակույթի գովազդումը: Բնության հանդեպ մարդու անարդար, բարբարոս վերաբերմունքը, վերջին շրջանի անտառահատումները, ջրային ռեսուրսների անխնա, ոչ նպատակային օգտագործումը, պլաստիկ շշերի վտանգը շրջակա միջավայրին, գրքի ընթերցանության պակասող հետաքրքրությունը, այսպիսի գաղափարների շուրջ են աշխատանքները:
Տուրիզմի թեման գերիշխող է և՝ ոչ պատահական: Նարեկ Փայասլյանն ասում է, որ տուրիզմի ոլորտի գովազդային պլակատների ուսումնասիրությունը, դրանց ոչ բավարար մակարդակը իրենց մղել է նորի որոնումների՝ թարմ, արդիական գաղափարների ներմուծման, նոր ծրագրերի մշակման: Սա է եղել առիթը ծանոթանալու, ապա և համագործակցելու «Երանի Թրավել» տուրիստական գործակալության հետ: Ուսանողների ներկայացրած աշխատանքները հավանության են արժանացել այնպես, որ գործակալությունը առանց ակնկալիքի ստանձնել է պաստառների տպագրության հովանավորությունը, ըստ որում՝ ոչ միայն տուրիզմի թեմատիկայով արվածների, որոնք 21-ն են՝ ցուցադրության կեսը, այլ նաև՝ մնացածի: Ինչպես ասաց գործակալության պատասխանատու Էդուարդ Մանուկյանը, պայմանավորվածություն կա ուսանողական լավագույն աշխատանքների ընտրության՝ մրցանակաբաշխության և դրանց՝ այս ասպարեզում կիրառման, որոնք կտարածվեն նաև իրենց կայքում: Այսպիսի հաջող համագործակցության պատճառն ուսանողների, դասախոսների բարեխիղճ աշխատանքն է, մոտեցման նորությունը, և իհարկե կատարման որակը: Նա առանձնացրեց աշխատանքներից՝ Արենի գինու պաստառը, նշելով, որ այնտեղ գեղանկարչական աշխատանք է կատարված, որը նորություն է, ի տարբերություն հաճախակի սովորություն դարձրած, այս ու այնտեղից վերցված, պատրաստի կլիշեների համադրության:
Ցուցահանդեսի աշխատանքների մասին դրվատանքով արտահայտվեցին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը: Արամ Իսաբեկյանը ուշադրություն դարձրեց համապատասխան կազմակերպությունների, ընկերությունների հետ կապեր հաստատելու, համագործակցություն ձևավորելու խնդրին, ուսանողներին ոգևորելու ոչ միայն ցուցահանդեսներով, նաև նմանատիպ գործնական առաջարկներով: Հայկ Փայասլյանը խոսեց դատախազության հետ ունեցած համագործակցության՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի թեմայով ստեղծված պլակատների և մրցանակաբաշխության, ուսանողական աշխատանքների կիրառման, տարածման ուղղությամբ Բնապահպանության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին արված առաջարկների մասին:
Մելանյա Բադալյան