Ուսանողական հաշվետու ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Ուսանողական հաշվետու ցուցահանդեսները ուսումնական որոշակի ընթացքի, դասախոսական աշխատանքի արդյունքի ներկայացումն է՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն ավանդույթ դարձած: Այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ներկայացնում է Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների ձմեռային քննաշրջանի առաջին կիսամյակի աշխատանքները:
Ցուցահանդեսային աշխատանքների հանդեպ դրական վերաբերմունք արտահայտելով՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանը վերհիշեց տարիներ առաջ դիզայնի և գծանկարի ու գունանկարի բաժինների տարանջատման մասին իր առաջարկն ու որոշումը։ Չնայած մի քանիսի դեմ լինելուն, տարիների փորձը ցույց տվեց դրա արդյունավետությունը, որն ակնհայտորեն նկատելի է թե՛ ամբիոնում ստեղծած ավանդույթներից, թե՛ այնտեղ տիրող մթնոլորտից՝ սկսած առաջին իսկ տարիներից, ամբիոնի առաջին վարիչ՝ տաղանդավոր նկարիչ և մանկավարժ Սարո Գալենցի օրերից մինչև հիմա: «Շատ շնորհալի, տաղանդավոր երիտասարդներ ունենք, կարևոր է, որ նրանք չեն գնում նեղ ուղիով։ Երևում է, որ կա լայն հետաքրքրություն և ստեղծագործական մեծ ջիղ, որի համար կարելի է միայն ուրախանալ և աջակցել»:
Ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը շնորհավորելով մասնակիցներին՝ ուշադրություն հրավիրեց անցնող երեք տարիներին ուսումնական ծրագրերում կատարված փոփոխությունների դրական արդյունքին: Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը նույնպես անդրադարձավ ծրագրային փոփոխություններին և դրա տեսանելի արդյունքին, մասնավորապես՝ ակադեմիականը տրանսֆորմացնելու և այն մեկ այլ հայացքով տեսնելու մեթոդի հակազդեցություններին, երբ այն մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողների մոտ: Այս միջոցը, հնարավորություն տալով դուրս գալ ընդունված կաղապարներից, նրանց մղում է ստեղծագործական ավելի ազատ ու լայն մոտեցումների, նպաստում գտնելու անհատական ճանապարհը, սեփական ոճը: Նա շնորհակալությամբ ընդգծեց ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի հոգատար վերաբերմունքն ու աջակցությունը, ուսանողների միմյանց օգնելու և սատարելու պատրաստակամությունը: Գասպարյանը բարձր գնահատեց ակադեմիայի ռեկտորի՝ ավանդույթները պահպանելու ջանքերը, ինչը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորելու ընթացքում տեսնել սեփական կարողություններն ու անելիքները:
Հաշվետու ցուցահանդեսի գնահատականը դրական էր: Արամ Իսաբեկյանը նաև նկատեց, որ ուսանողական աշխատանքների այս որակը բացառապես ակադեմիայի արդյունքն է, Թերլեմեզյանի անվան քոլեջում և որևէ նկարչական այլ կրթօջախում նրանք չեն սովորել: Միաժամանակ ռեկտորն անդրադարձավ ուսանողական որոշ շրջանակների այն տրամադրություններին, թե կան ուսանողներ, որ տեղյակ չեն ցուցասրահի մասին, և կամ հնարավոր չէ այնտեղ ցուցադրվել: «Հավատացնում եմ ձեզ, դա այդպես չէ,- ասաց ռեկտորը,- այս ցուցասրահը ստեղծվել է ձեզ համար, ու դա այդպես է առաջին իսկ օրերից: Մենք աջակցում ենք բոլոր նման նախաձեռնությունները՝ ոչ միայն ամբիոնների, ֆակուլտետների, դասախոսների կամ կուրատորի ներկայացրած, այլև՝ անհատականի: Եվ սա լավ հնարավորություն է ներկայացնելու ձեր ծրագրերը, մտահղացումները, գործերը՝ որպես ստեղծագործական ճանապարհի վրա գտնվող արվեստագետներ»:
Մելանյա Բադալյան