Հայրենիք՝ բնություն
Վահե Բաղումյանի անհատական ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է Վահե Բաղումյանը: Նրա համար նկարչությունը ինքնաարտահայտման միջոց չէ միայն, ներքին պահանջ է: Շատ փոքր տարիքից նկարչության հանդեպ սեր է ունեցել, ինչպես գրեթե բոլոր երեխաներն են իրենց առաջին պատկերացումները սիրում նկարել թղթերին, նա՝ նույնպես, միայն թե ինքը տան պատերին է նկարել, և ոչ թե մատիտով, այլ՝ շրթներկով, երբ երեք տարեկան էր: Ծնողների ուշադրությունից չի վրիպել, հետևողականություն են ցուցաբերել. ասում է՝ ընտանիքի, հատկապես մոր շնորհիվ է նկարչության ուղին բռնել։ Վեց տարի սովորել է գեղարվեստի դպրոցում, հետո Թերլեմեզյանի անվան քոլեջում, հիմա արդեն՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում:
2016-ին Վահե Բաղումյանը ժամկետային ծառայության մեջ էր Արցախում, քառօրյա պատերազմի մասնակից է: Ծառայության ընթացքում մրցութային երկու ցուցահանդեսի հաղթող է ճանաչվել. առաջինը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, հաջորդը՝ պատերազմը և կյանքը թեմատիկ կոնտեքստում. շահել է, խրախուսանքի արժանացել՝ տուն արձակուրդի եկել:
Բնության կապը նկարչի հետ հատկապես ավելի սերտ է, ավելի մտերիմ. նկարչական արվեստը անմիջականորեն դրանից է սնվում: Մեծ նկարիչները այդ մասին շատ են խոսել՝ գնացեք դեպի բնություն, սովորեք նրանից: Վահեն դա լավ գիտի, նա հայացքը ուղղում է հենց այդտեղ՝ հասկանալու, զգալու բնության խորհուրդը՝ ձևերի ու գույների բազմազանությունը, դրանց զարմանալի փոփոխությունները՝ շարժման, մշտական զարգացումների մեջ գտնելու հայրենի հողի գաղտնիքը, ստանալու կյանքի ճշմարիտ իմպուլսները: Իր համոզմամբ, հենց դա է ձևավորում իրական վերաբերմունք դեպի հայրենիքը: Այս վերաբերմունքը զգացականից միանգամայն տարբեր է, երբ գոյության, լինելության էքստրեմալ վիճակներում է հայտնվում մարդը. պատերազմը այսպիսի զգացողության ամենասուր, ամենադաժան իրականությունն է: Կյանքի ու մահվան պայքարում՝ հողի, հայրենիքի արժևորման մեկ այլ գիտակցություն է արթնանում։ Որքան էլ ծանր հետքեր, ցավ, մարդկային կորուստ, ողբերգություն է բերում պատերազմը, միաժամանակ այս իրականությունը ծնում է ընկալման և վերաբերմունքի տարբեր մակարդակ, տարբեր մոտեցում դեպի երկիրը, հայրենի հողը, մարդը:
Վահեի անհատական առաջին ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կրում է «Իմ Հայաստան» խորագիրը. սա երկրին նկարչի մոտեցումն է, հողի, բնության մեջ գտած սերը և դրա նկարչական դրսևորումը: Մտածում է, որ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում պիտի իր պարտքը, իր մի մասը հայրենիքին տա. իրենը նկարչությունն է, նա դրանով է փորձում իր սերը փոխանցել: Ուսմանը զուգահեռ Վահե Բաղումյանը նաև դասավանդում է Աբովյանի Նոր Գեղի արվեստի դպրոցում: Ասում է՝ «Այլ բան է նկարել, նկարիչ լինել, մեկ ուրիշ բան է գիտելիք փոխանցել, սովորեցնել, այստեղ որակները՝ մասնագիտական ու մանկավարժի, պետք է ավելի բարձր պահել»:
Ցուցահանդեսի բացմանը նրա նկարչության մասին առաջին խոսքը տրվեց ուսանողուհու: Եվա Մալխասյանը ցուցահանդեսի կազմակերպիչն է, արվեստաբանության 2-րդ կուրսի ուսանողուհի, առավելություն տեսնում է Վահեի աշխատասիրության, որոնողի նրա խառնվածքի մեջ, ասում է՝ այն քչերից է, որ կարդացող է, նրա նկարչության հիմնական մոտիվացիան բնության և մարդու կապն է համարում, տարբեր նկարիչներից կրած ազդեցությունը օրինաչափ գտնում: Ինքը՝ Վահեն, ասում է, որ իմպրեսիոնիստների ազդեցությունը իր վրա շատ մեծ է. ցուցահանդեսում ներկայացված Տարվա եղանակներ աշխատանքներն այդպիսին են:
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը անհատական մոտեցում ու վերաբերմունք է տեսնում նրա գրաֆիկական աշխատանքների մեջ: Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը նկատում է, որ Թերլեմեզյանի անվան քոլեջից Գեղարվեստի ակադեմիա եկած ուսանողները որոշակի դժվարություն են ունենում գրաֆիկայի մեջ, օրենքներն այստեղ գեղանկարչականից տարբեր են: Վահեն վերջին շրջանում նկատելի բացվում է այս առումով:
Շնորհակալությամբ՝ ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին և ռեկտոր Արամ Իսաբեկյանին ցուցադրության նման հնարավորության համար, Վահե Բաղումյանը կարևորեց սովորելու ընթացքում ցուցահանդեսներ ունենալը։ Իսկ նրա ավագ եղբայրն ընդգծեց, թե ուսանողի ստեղծագործական ակտիվությունը որքան է բարձրանում, երբ նա զգում է դասախոսի, ռեկտորի ուշադրությունն ու աջակցությունը:
Մելանյա Բադալյան