«Գաղափարների գիշեր 2020»
Բնապահպանական խնդիրների քննարկում` քաղաքապետարանում
Շրջակա միջավայրի՝ կենդանի բնության և կենսաբազմազանության պաշտպանության թեման 2020-ին առանցքային կլինի ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս պաշտպանել բնությունը: Ի՞նչ ծրագրեր են այդ նպատակով իրականացվում աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում: «Գաղափարների գիշեր 2020» միջոցառումը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունն այս տարի անցկացրել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Բացմանը մասնակցել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, միջազգային և տեղական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Ծրագիրը նախաձեռնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը 2016-ից՝ նշելու գաղափարների և գիտելիքների ազատ շրջանառությունը: 2019-ին միջոցառումը համախմբել էր 200 000 մարդ Ֆրանսիայում և աշխարհի 65 երկրներում, այդ թվում առաջին անգամ՝ Հայաստանում: Հրաչյա Սարգսյանը ողջույնի իր խոսքում, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը: «Այս միջոցառումը լավ հարթակ կհանդիսանա բնապահպանության թեմաներով փորձի փոխանակման և քննարկումների համար: Շրջակա միջավայրի պաշտպանությունն ու վտանգավոր թափոնների կառավարումը այն մարտահրավերներն են, որոնց լուծման ուղղությամբ Երևան համայնքն իրականացնում է հետևողական քաղաքականություն: Քաղաքապետարանն այսօր ունի մի շարք ծրագրեր՝ ուղղված էներգախնայողության բարձրացմանը, թափոնների տեսակավորմանը»,- մասնավորապես ասել է նա:
«Սա առանձնահատուկ միջոցառում է, որի նպատակն է միավորել ստեղծարար մարդկանց՝ մտքերի և գաղափարների փոխանակման շնորհիվ միասին գտնելու մեր ժամանակների մարտահրավերների լուծումները: «Գաղափարների գիշերն» այս տարի անցկացվում է աշխարհի 187 քաղաքներում: Ուրախ եմ, որ Երևանում այն անցկացվում է քաղաքապետարանի հարկի ներքո»,-իր հերթին ասել է Կլեր Լը Ֆլեշեն:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է բնապահպանական խնդիրների քննարկում, ներկայացվել են Հայաստանում հաջողված նախագծերը, այդ թվում՝ «էկո աղբ» ՀԿ-ի և քաղաքապետարանի համագործակցությունը աղբի տեսակավորման նախաձեռնության բնագավառում: Մասնակիցները մտքեր են փոխանակել և առաջ քաշել նոր գաղափարներ, որոնք առաջիկայում հնարավոր է նաև վերածվեն ծրագրերի: Մինչ ուշ երեկո շարունակված միջոցառման ընթացքում ցուցադրվել է բնապահպանական թեմայով տեսաֆիլմ, ներկայացվել «60 լուծում՝ կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար» լուսանկարների ցուցահանդեսը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներն էլ ստեղծագործել են տեղում՝ օգտագործելով նաև պոլիէթիլենն ու պլաստիկը: Իսկ Մնջախաղի պետական թատրոնի արտիստներն իրենց խաղով են ընդգծել բնության պահպանության կարևորությունը:
Yerevan.am