ՀԳՊԱ-ի ուսանողուհին՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի մրցանակակիր
Դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» ունկնդիրներին: Մրցանակակիրների շարքում են եղել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկա մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանը և Համակարգչային գրաֆիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիլվա Երանոսյանը։
Մրցույթում Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում «Լավագույն պաստառ» (Ոսկեհատ Թադևոսյան) և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում արժանացել են երկրորդ մրցանակների: Դեկտեմբերի 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, ուսանողները մասնակցել են Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Մրցանակներն, ի դեպ, հաղթողներին անձամբ հանձնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան։
Նշենք, որ բոլոր մրցանակակիրները ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով արժանացել են շնորհակալագրերի՝ մրցույթի արդյունքերով մրցանակային տեղեր զբաղեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման աշխատանքներում ակտիվ մասնակցության և այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության հետ ակտիվ համագործակցության համար:
Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց է հանձնել շնորհակալագրերը՝ շնորհավորելով բոլորին և հաջողություններ մաղթելով ուսման, աշխատանքային գործունեության մեջ և գնահատելով կոռուպցիայի անհանդուրժելիության գաղափարի արմատավորման հարցում հետևողականություն և քաղաքացիական ակտիվություն դրսևորելու նրանց ջանքերը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել որակյալ աշխատանքներրով Հայաստանը բարձր մակարդակով մրցույթի շրջանակներում ներկայացնելու համար: Ըստ գլխավոր դատախազի՝ կարևոր է, որ տեսահոլովակների և պաստառների միջոցով արտահայտված գաղափարները դառնան հատկապես մատաղ սերնդի կենսակերպը՝ այդպիսով օգնելով պետությանը կոռուպցիան արմատախիլ անելու առաքելության մեջ:
Ավելացնենք, որ մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել էր լավագույն երեք աշխատանքները: ՀԳՊԱ-ի Համակարգչային գրաֆիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիլվա Երանոսյանն արժանացել էր 2-րդ և 3-րդ մրցանակների, իսկ Համակարգչային գրաֆիկա մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ոսկեհատ Թադևոսյանը՝ 1-ին մրցանակի։