«Զգայուն մակերեսներ»
Ջորջ Կասսաբյանի և Տիգրան Դադերյանի աշխատանքները «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում օրերս բացված «Զգայուն մակերեսներ» խորագրով ցուցահանդեսը Կանադայում և Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներ Ջորջ Կասսաբյանի և Տիգրան Դադերյանի գեղանկարչական գործերի մի մաս է ներկայացնում: Ցուցահանդեսի նախաձեռնությունը և կազմակերպումը Ջորջ Կասսաբյանինն է: Դադերյանի մեկ այլ ցուցահանդես՝ գրաֆիկական աշխատանքների, նա այստեղ կազմակերպել էր այս տարվա մարտի կեսերին, իսկ իր քանդակային գործերի ցուցադրությունն անցած տարվա մեջ կայացավ:
Ծնունդով Բեյրութից, Մելգոնեան վարժարանի ուսումնառությունից հետո Տիգրան Դադերյանը մեկնել է Փարիզ, սովորել տեղի Գեղարվեստի ուսումնարանի փայտագրության արվեստանոցում, ապա Ռանսոնի ակադեմիայում: Ֆրանսիական մշակութային կյանքի մեջ լիովին ինտեգրված արվեստագետը լայն շփումներ է ունեցել ժամանակի նշանավոր մտավորականների՝ գրող, բանաստեղծ, սյուռեալիզմի հիմնադիրներ Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի և ուրիշների հետ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լիբանանում, նրա աշխատանքները պահվում են Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Գալուստ Գյուլբենկյանի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում:
Ջորջ Կասսաբյանը ծննդավայր Հալեպը թողել է երիտասարդ տարիքում և մեկնել Կանադա: Մասնագիտական սկզբնական ընտրությունը՝ ճարտարագիտություն, ապա համակարգչային ծրագրավորում, ավելի ուշ նրան թեքեցին արվեստի ուղղությամբ. կրթությունը շարունակեց Կանադայի Արևմտյան Օնտարիոյի Գեղարվեստի համալսարանում: Նրա արվեստում արտահայտություններ են գտել տարբեր ուղղություններ. սկզբնական շրջանում տուրք է տվել կուբիզմին, սյուրռեալիզմին, կոնստրուկտիվիզմին, ավելի ուշ մինիմալիզմը դարձել է տիրապետող: Արվեստագետի համար կարևոր հանգամանքը՝ ինտեգրվածությունը միջավայրին, որտեղ ապրում, ստեղծագործում է, նրա համար բարդություն չի ներկայացրել, շատ արագ է մտել կանադական մշակութային իրականություն, յուրացրել գեղարվեստական ձևեր ու մոտեցումներ, ձևավորել տեղին բնորոշ մտածողություն: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում: Իր բազմաթիվ աշխատանքներ ներկայացված են կանադական մի շարք պատկերասրահներում:
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կազմակերպած այս և մարտյան ցուցահանդեսները նրա մտահղացված ծրագրի սկիզբն են: Ջորջ Կասսաբյանը մտահոգ է սփյուռքի արվեստագետների ժառանգության ճակատագրով, մտահոգված է նրանց արվեստին հայաստանցի արվեստագետների, արվեստաբանների, երիտասարդների անտեղյակությամբ։ «Այստեղ՝ հայրենիքում,- ասում է Կասսաբյանը,- նրանցից շատերին, որոնք օտար երկրներում հաջողություններ են ունեցել, ծանոթ չեն»: Նա տալիս է անուններ՝ Ասատուր Պզդիկյան, Գրիգոր Նորիկյան, Տիգրան Դադերյան, մեկ ուրիշ հարցազրույցում՝ խոսում է Փոլ Կիրակոսյանի, Լևոն Թյությունջյանի, Մարկոս Գրիգորյանի մասին: Ահա այս կապը սփյուռքում գործող մեր արվեստագետների և հայաստանյան հանրության, մասնավորապես ուսանողների, երիտասարդության մեջ նրանց ճանաչելի դարձնելու նպատակով, Ջորջ Կասսաբյանը նախաձեռնել է ծրագիր՝ տարեկան մեկ, երկու սփյուռքահայ արվեստագետի գործեր բերելու Հայաստան, դրանք նաև հայրենիքում թողնելու մտադրությամբ: Ասում է՝ ցուցահանդես այցելող երիտասարդը նվազագույնը եթե արվեստագետի անունը մտապահի, ֆորմաները, ներկայացման ձևերը, սա արդեն որոշակի տեղեկություն, պատկերացում կտա ժամանակակից արվեստում կատարվող արտերկրյա իրականության, դրա զարգացումների, նորարարական մոտեցումների մասին:
Բացառությամբ ամենահայտնի մի քանի անուններից, տեղացի երիտասարդները տեղյակ չեն սփյուռքում ստեղծագործող մեր հայրենակիցներին: Սփյուռքի կապը հայրենիքի հետ այլ հարթություններում, այլ ոլորտներում է կայանում (ֆինանսական-բարեգործական և այլ), մինչդեռ կյանքի առաջընթացը ապահովողը, զարգացնողը արվետագետը, գիտնականը, ստեղծագործ մտքի մարդն է, և նաև սոցիալական փոփոխությունների հիմքն է սա. «Արվեստագետը որքան ազատ մտածե, սանձարձակ անգամ, ազատ մարդ լինի բնության, տիեզերքի հետ կապված, այնքան ճշմարիտ է նրա ստեղծածը»: Ինքը՝ Ջորջ Կասսաբյանը արդիական մտածող արվեստագետ է, կարծրատիպերը քանդելու կողմնակից, սա նախևառաջ՝ կրթության ոլորտում, նրա համար գեղարվեստի կրթությունը ուսանողի անհատականության բացահայտմանը, նրա ինդիվիդուալ հատկանիշների զարգացմանն ուղղված աշխատանք է: Կրթական համակարգը փոխելու նրա առաջարկը՝ կամ դրսից մասնագետներ հրավիրելը, կամ մեր մասնագետներին հիմնավոր վերապատրաստման ուղարկելն է:
«Զգայուն մակերեսներ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետների ներկայացրած գործերը արտահայտչաձևերի, մոտեցումների ակնհայտ տարբերություններով հանդերձ, այս ընդհանուր խորագրի ներքո ներդաշնակելի են. բացահայտվում է մի ներքին կապ՝ ոչ միայն զուտ վերաբերմունք արտաքին աշխարհի ձևերին, այլև՝ վերացարկման միջոցն իբրև ձևի սեփական դիտարկում՝ ներքին վիճակի թելադրանքով: Դադերյանի այս աշխատանքները, ըստ Ջորջ Կասսաբյանի, վերևից դիտված իրականություն է, ասել կուզի՝ սեփական ինքնությունից դիտված: Դրանք առաջին հայացքից թվում են գունային որոշակի տեղափոխությունների հերթագայություն, գույնի զարգացումների, կտավին հայտնվող նշանների, հետքերի, կետասփռումների մեկ ամբողջություն, որոնք թերևս տարբեր պահերի՝ արվեստագետի ունեցած վերաբերմունքի արտահայտություններ են. գույնի հանդեպ իր վերաբերմունքն է, աշխարհի գույնին իր գույնի հավելումը, ներաշխարհային արձագանքը: Այս պատճառով միայն մակերեսները կարող են լինել զգայուն…
Մելանյա Բադալյան