ՀԳՊԱ-ի ուսանողներին ներկայացվեցին միջազգային համագործակցության և փոխանակման ծրագրերի արդյունքները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արտաքին կապերի բաժնի նախաձեռնած տեղեկատվական օրերը ուսանողների հետ անմիջական շփումների միջոցով նպատակ ուներ իրազեկելու վերջին տարիներին արտերկրյա ուսումնական հաստատությունների հետ իրականացված համագործակցության ծրագրերի մասին: Բաժնի ղեկավար Մերի Պատվականյանը և աշխատակցուհի Նաիրա Ստեփանյանը Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ նոյեմբերի 19-ին և 21-ին ունեցած հանդիպումների ընթացքում հանգամանորեն ներկայացրեցին վերջին մի քանի տարվա արդյունքները, տարբեր երկրների շուրջ 26 բուհերի հետ ունեցած փոխանակման ծրագրերի, մասնավորապես «Էրազմուս +»-ի հետ կապված տարաբնույթ խնդիրներ:
Դեռևս 2007-ից Փարիզի նշանավոր «Cite՛ Internationale Desarts»-ում («Արվեստների միջազգային ավան») 25 տարի ժամկետով ձեռք բերված ստուդիան ակադեմիայի արվեստագետ- դասախոսներից բացի ուսանողներին ևս տվել է հնարավորություն այնտեղ աշխատելու: Միայն ֆինանսական սղության պատճառով է, որ առայժմ դրանից օգտվել է մեկ ուսանող: Բնականաբար, ինչպես ասաց Մերի Պատվականյանը, միջազգային դրամաշնորհային ծրագրերը նախընտրելի են, որոնցից «Էրազմուս +»-ի շրջանակներում 2017-ից սկսած ուսանողների և դասախոսների փոխանակումներ հաջողությամբ իրականացվել են Չեխիայի, Ռումինիայի, Հունգարիայի համալսարանների հետ: Ընդհանուր փոխանակման ծրագրերի շրջանակներում վերջին շրջանում շուրջ 70 ուսանողի և դասախոսի փոխանակում է իրականացվել․ այս երևույթն ակտիվացավ, մասնավորապես, երբ «Էրազմուս +»-ը սկսեց ուշադրություն դարձնել արվեստի բուհերին:
ՀԳՊԱ-ն կապեր ունի նաև Ռուսաստանում գործող բուհերի հետ, մասնավորապես, ակտիվ փոխանակում է կատարվում Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի հետ, իհարկե՝ ոչ «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում, քանի որ ՌԴ-ում սա չի գործում: Մեր ակադեմիայի ուսանողները մասնակցություն են ունենում մոսկովյան ամենամյա քանդակային փառատոնին, Ղրղստանում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ուսանողների քանդակի և նկարչության ցուցահանդեսներին: Արտաքին կապերի բաժինը պարբերաբար համագործակցում է Հայաստանում Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի դեսպանատների հետ, կազմակերպվում են տարբեր ցուցահանդեսներ, հանդիպումներ:
Նաիրա Ստեփանյանը մանրամասն ներկայացրեց ընթացիկ տարիների ուսանողների և դասախոսների փոխանակման արդյունքները՝ թվային պատկերով։ Մոտ մեկ ամիս առաջ հունգարական Էգեր քաղաքի Էսթերհազի Կարոլի համալսարանի պրոֆեսոր Իսթվան Էրոսը «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում հրավիրվեց Երևան, նա հանդես եկավ դասախոսություններով և վարպետության դասեր ունեցավ այստեղ: Մինչ այդ ակադեմիայի դասախոս Արթուր Հովհաննիսյանն էր մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել Էսթերհազի Կարոլի համալսարան: Համագործակցության հաջող փորձ եղել է նաև աշխարհի հնագույն համալսարաններից Բոլոնիայի համալսարանի հետ, հույս կա հետագա տարիներին դրա շարունակության: Առհասարակ նախատեսվում է ընդլայնել համագործակից երկրների ցանկը՝ ընդգրկելով նոր ուսումնական հաստատություններ: Ուսանողներին տեղեկացվեց, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է միջազգային կրեդիտային համակարգով, ինչը ենթադրում է, որ արտագնա ուսուցման մեկնող ուսանողը հիմնական կրեդիտները պիտի ստանա դրսի համալսարաններից: Առաջնահերթ պայմաններ իհարկե կան, նախ՝ ուսանողի ՄՈԳ -ի բարձր չափանիշը և, իհարկե, օտար լեզվի՝ հիմնականում անգլերենի իմացությունը: Փոխանակման բանակցությունների արդյունքների մասին տեղեկացվում է ամբիոններին, որոնք էլ ընտրում են արտերկրյա ուսման մեկնող ուսանողներին, հայտարարությունները տեղադրվում են ակադեմիայի կայքում և ֆեյսբուքյան էջում:
Այս հանդիպումների նպատակը վերոնշյալ ծրագրի նկատմամբ ուսանողների ակտիվությունն ու հետաքրքրությունը բարձրացնելն էր։ Ծրագիրը ոչ միայն արտերկրյա որևէ բուհի կրթական համակարգին, միջավայրին, մեթոդներին ծանոթանալու հնարավորություն է ընձեռում, նաև՝ նոր ծանոթությունների ու նոր կապերի. պակաս կարևոր չէ նոր մշակութային իրականության հետ հարաբերվելն ու ճանաչելը:
Մելանյա Բադալյան