Իտալերենը բեմի վրա
Ամենամյա իտալերենի շաբաթն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 21-ին. այս անգամ այն անցնում է «Իտալերենը բեմի վրա» խորագրի ներքո: Նպատակը, իհարկե իտալական մշակույթի, իտալերենի տարածումն է: Միջոցառմանն իր մասնակցությունն է բերում հայաստանյան յուրաքանչյուր բուհ, որտեղ ուսուցանվում է իտալերեն: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն յոթերորդ տարին է Անահիտ Մկրյանի ղեկավարությամբ ուսանողները սովորում են աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից մեկը։ Սկսնակների խումբը ավելի քան 30 ուսանողից է բաղկացած, 2-րդ կուրսում նրանք տասն են:
Իտալիան թատերայնացված մատուցելու համար ակադեմիայի ուսանողները՝ Անահիտ Մկրյանի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնի նորավարտ Մարիամ Կարապետյանի ղեկավարությամբ փորձել էին ստեղծել համապատասխան միջավայր, նախևառաջ իտալական մթնոլորտի ամենաբնորոշ երաժշտությամբ և իհարկե՝ բեմական համապատասխան դեկորացիաներով, հետաքրքիր դետալներով: Մասնակից ուսանողները վեցն էին, նրանցից բեյրութահայ Բապ Կադամյանը իտալերենի կատարելագործման կուրսեր է անցել Ֆլորենցիայում, այժմ սովորում է քանդակագործության բաժնի մագիստրատուրայում:
Աշխարհի ամենամեծ մշակույթներից մեկը կրող երկիրը, որտեղ, ինչպես ասում են, աչքդ ուր թեքես՝ արվեստ է ու գեղեցկություն, որտեղ առատորեն հոսում են ճարտարապետական, քանդակագործական, երաժշտական մտքի հարուստ ու շքեղ դրսևորումները, որտեղ քարի գույնն անգամ նկարչություն է ու բնությունը՝ շռայլորեն բազմազան, դժվար է շատ կարճ ժամանակամիջոցում ներկայացնել: Եվ ուսանողները որոշել էին դա անել այս ամենը խտացնող իտալական ամենանշանավոր քաղաքների միջոցով՝ Հռոմ, Ֆլորենցիա, Վենետիկ, Միլան, Պոմպեյ, Նեապոլ: Էկրանին խոշոր պլանով հիշյալ քաղաքներից ցուցադրվող տեսարժան վայրերի հատվածների և երաժշտության միջոցով ստեղծվում էր իտալական տրամադրություն, ապա տեքստային միջամտությամբ ներկայացվում դրվագներ այդ քաղաքների պատմական անցյալից, ներկայից: Ուսանողներին հաջողվեց ներկաներին փոխանցել թե՛ տրամադրություն, և՛ թե իտալական կյանքի գեղեցկություններ: Անշուշտ, այս ամենում նախևառաջ լեզվի իմացության դրսևորումն էր ընդգծվում:
Հետաքրքրական զուգահեռներ էին անցկացված Վեզուվի հրաբխային ժայթքումից կործանված հնագույն Պոմպեյի և նույն Վեզուվի մոտ գտնվող իտալական մեկ այլ քաղաքի՝ Նեապոլի միջև: Ուշադրության էր արժանի ակնարկը հնագույն քաղաքակրթություն կրող երկու երկրների՝ Իտալիայի և Սիրիայի համեմատությանը՝ ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված, որով ուսանողներն իրենց վերաբերմունքն էին արտահայտում երբեմնի ծաղկուն քաղաքների՝ Հալեպի, Դամասկոսի ավերակումների, բարբարոսությունների ու պատերազմների դեմ: Հին աշխարհի երկու քաղաքները՝ Հռոմը և Դամասկոսը՝ մեկը կյանքի, մյուսը մահվան մեջ, ինչպե՞ս է աշխարհն արձագանքում մարդկային այս ողբերգությանը. ըստ Մարիամ Կարապետյանի, ենթատեքստը սա էր:
Բեմական կերպարներում ուսանողներն ազատ էին, անկաշկանդ, արտիստիկ մաներաներով և հաճելի էր. բեմականացումն ընդունվեց ջերմորեն: Ավարտին ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին և հյուրերին մասնակցության համար: Ներկա էր Հայաստանում Իտալիայի փոխդեսպանը: Արամ Իսաբեկյանն ասաց, որ գոհացնող իրողություն է ակադեմիայում իտալերենի ուսուցման հնարավորությունը, և որ կարևոր է կերպարվեստի կրթություն ստացող ուսանողների համար տիրապետել այս հնագույն ու հրաշալի մշակույթ կրող երկրի լեզուն:
Մելանյա Բադալյան