Գեղանկարչության բաժնի ուսանողների ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում
ՀԳՊԱ-ի գեղանկարչության բաժնի 2-րդ կուրսի ուսանողների համար երեկվա օրը երկար կհիշվի: Նրանց այս ամառվա դիլիջանյան պրակտիկայի նկարչական աշխատանքները ցուցադրվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սրահում: «Կանաչ ցուցահանդեսը» (այսպես էր խորագրված, քանի որ բնապատկերային ցուցադրություն էր, բնության մեջ արված և նրանով ներշնչված գործեր) նվիրված էր ՄԱԿ-ի օրվան և Կայուն զարգացման նպատակներին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության ներկայացուցիչ Արմինե Հալաջյանը, ՄԱԿ-ի աշխատակիցներ, ՀԳՊԱ-ի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, ուսանողները:
Շոմբի Շարփը ողջունեց ներկաներին՝ օրը առանձնահատուկ համարելով ոչ միայն, որ աշնան առաջին անձրևը եկավ, և իհարկե ՝ որ հոկտեմբերի 21-ից սկսվում է ՄԱԿ-ի շաբաթը: Աշխարհի ամենահայտնի, միջազգայնորեն ամենից շատ ներկայացված և միջկառավարական ամենախոշոր կազմակերպությունը ստեղծվել է 1945-ի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին. մոտենում է ՄԱԿ-ի հոբելյանական 75-ամյակը և տարին կլինի այդպիսին:
Հայ ուսանողների ցուցահանդեսի բովանդակությունը շատ համահունչ էր Կայուն զարգացման նպատակների հիմնական հարցերից մեկին. անհնար է հասնել կայուն զարգացումների առանց մարդկության՝ առայժմ մեկ-միակ բնակավայրի՝ Երկիր մոլորակի մասին հոգ տանելու, առանց բնության, մեր շրջակա միջավայրի պահպանության: Նա գոհունակություն հայտնեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է այդ նպատակները: Շնորհակալությամբ դիմեց ուսանողներին բնության հետ այդպիսի ներդաշնակ կապ ստեղծելու և այն գեղեցիկ ներկայացնելու համար: «Եթե մեզ հարցնեն՝ մեր երկրի, մեր համայնքի ի՞նչն ենք ամենից շատ սիրում, մենք կասենք բնաշխարհը։ Ուստի նրան հոգ տանելն ու պահպանելը դառնում է առաջնային բոլորիս համար: Այնպես, որ ապագայի ուսանողը իր նկարչության համար որպես բնորդ ունենա բնությունը, և ոչ թե հեռավոր մի հիշողություն՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ կերպ պահպանված մի բան: Յուրաքանչյուր նկարչի համար կարևոր է բնանկար ստեղծելը, ինչպես ժամանակին իմպրեսիոնիստ նկարիչներն էին կարևորություն տալիս դրան»:
Իր ելույթում Էդիկ Վարդանյանը ուսանողների համար մեծ պատիվ համարեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ցուցահանդես ունենալու այս հնարավորությունը, որ սկսնակ նկարիչների համար ոգևորիչ իրողություն է: «Հայաստանը շատ նկարչական երկիր է: Ուսանողների կապը բնության հետ նման է դասալսման, բնության մեջ դաս անցկացնելուն: Բնությունը մեծ դպրոց է, որի հետ շփվելով մարդիկ դաստիարակվում են»:
Միաժամանակ նա հույս հայտնեց համագործակցության հետագա շարունակականությանը, տեղեկացնելով, որ ՀԳՊԱ ռեկտորը ողջունում է այսպիսի համագործակցությունը և սատարում դրա հետագա շարունակականությունը: Վարդանյանն առաջարկեց Կայուն զարգացման նպատակների տարբեր խնդիրների շրջանակներում կազմակերպել թեմատիկ ցուցահանդեսներ:
Ուսանողության կողմից Մերի Սահակյանի շնորհակալական խոսքը դարձյալ բնության հանդեպ մարդու վերաբեմունքի կարևորության մասին էր։ «Ինչպես մենք կվերաբերվենք նրան, նույն պատասխանն էլ կստանանք»,- ասաց նա և նշեց, որ ցուցադրված աշխատանքներն արվել են բնության մեջ, պահի տպավորություններով, երբ իրենք փորձում էին կապ ստեղծել արևի, լույսի, օդի հետ և հիմա բնությունից ստացած ջրմությունն են փոխանցում ՄԱԿ-ի օրվան, Կայուն զարգացման նպատակներին:
Ավարտին ցուցահանդեսի մասնակից ուսանողներին Շոմբի Շարփը հանձնեց սերտիֆիկատներ և խորհրդանշական նվերներ, իսկ ուսանող Ստյոպա Գրիգորյանը Շարփին նվիրեց իր բնանկարներից՝ «Աշտարակ, Սուրբ Սարգիս եկեղեցի» գործը:
Մելանյա Բադալյան