Շնորհանդես՝ Վիգեն Ղազարյանի պատկերագրքի
Վիգեն Ղազարյանը տասնյակ տարիների աշխատանքային գործունեությամբ, գիտական աշխատություններով, բազմաթիվ հրապարակումներով հայ մշակութային կյանքը, արվեստաբանական միտքը հարստացնողներից է, մեր լավագույն արվեստաբաններից: Նրա ուսումնասիրությունների, հետազոտությունների հետաքրքրության շրջանակը ընդգրկում է հայ միջնադարյան կերպարվեստի, մասնավորապես Կիլիկյան մանրանկարչության դպրոցից մինչև ժամանակակից հայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններ: Առաջին մենագրությունը նվիրված է միջնադարի հայ մանրանկարիչ Սարգիս Պիծակի արվեստին: Հեղինակ է «Խորանների մեկնություններ», «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում» մենագրությունների, Հրավարդ Հակոբյանի, Արարատ Աղասյանի և Մուրադ Հասրաթյանի հետ համահեղինակ է «Հայ արվեստի պատմություն», Հրավարդ Հակոբյանի հետ՝ «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» աշխատությունների, հրապարակել է բազմաթիվ գիտական հոդվածներ:
Կյանքի տարբեր հանգրվաններում աշխատանքային զբաղվածությունն ընդգրկել է մշակութային ամենատարբեր ոլորտներ՝ սկսած պարբերական մամուլից ու ռադիոհեռուստապետկոմից մինչև Հայկական սովետական հանրագիտարան, Հայաստանի պետական պատկերասրահ, Մատենադարան, ԳԱԱ արվեստի ինստիտուտ և կյանքի հիմնական մասը նաև մանկավարժական գործունեություն է ծավալել (մանկավարժական ինստիտուտ, պետհամալսարան)՝ հիմնականում Գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ նա գրեթե երկու տասնամյակ (1999-2018) ղեկավարել է կերպարվեստի պատմության և տեսության, ապա արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնը:
Ակադեմիական, գիտական գործունեությունից բացի նա ազատ ստեղծագործական գործունեությամբ է նաև զբաղվում՝ թարգմանական, նկարչական, գրական-գեղարվեստական: Մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժնի ուսանողի համար իր սկզբնական մասնագիտությունը, չնայած պրոֆեսիոնալ զբաղվածության չվերածվեց, սակայն բնավ երկրորդական չմնաց. Վիգեն Ղազարյանը միշտ է զբաղվել նկարչությամբ և դա արվել է սիրով և անկեղծ մղումով: Ունեցել է մի քանի ցուցահանդեսներ, վերջինը՝ 2015-ին՝ Նկարիչների միության ցուցասրահում, տպավորիչ, բազմաքանակ աշխատանքների, որոնք աչքի էին ընկնում ոճական ու թեմատիկ բազմազանությամբ, արտահայտությունների անմիջականությամբ և շատ նուրբ հումորով: Նրա նկարչական աշխատանքները ամբողջացվել և հրատարակվել են ծավալուն պատկերագրքի մեջ, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճում:
Տարիներ նման գործունեություն ծավալող մասնագետը, գիտնականը միջավայրում բնականաբար հարգանք է վայելում: Գնահատելով այն մեծ ավանդը, որ նա ունեցել է և ունի ՀԳՊԱ-ում՝ երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում, ռեկտոր Արամ Իսաբեկյանը, երկար տարիների համատեղ աշխատանքային փորձի, շփումների տպավորությունների մասին խոսելով, առանձնացրեց գեղանկարչության հանդեպ Վիգեն Ղազարյանի վերաբերմունքի անկեղծությունը, առանձնահատուկ ընդգծեց Վերածննդի ժամանակներին բնորոշ այն բազմաշնորհությունը, որ տրվել է նրան, և նա այդ տաղանդը բաշխում է մաս առ մաս. նկարչության բոլոր դրսևորումներում՝ դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, գրաֆիկական գործեր, անկեղծությունն է հիմնական հատկանիշը, կոմպոզիցիոն գործերում ընդգծվեց մտածելակերպի յուրահատկությունը: Արամ Իսաբեկյանը, որպես մեր ժամանակի լավագույն պորտրետիստ, իր գործերից մեկի՝ Վիգեն Ղազարյանի դիմանկարի մասին խոսելիս, ասաց, որ գործի հաջողությունը նկարելու ընթացքում նրանց միջև կայացած զրույցներով է պայմանավորված, երբ ինքը հնարավորություն է ունեցել ավելի խորը ծանոթանալու նրա ներքին հարստությանը, հոգու գեղեցկություններին: Վաստակած աշխատանքային փորձ, կոչումներ, պարգևներ, այս ամենով միայն ստեղծագործական կյանքին նվիրված մարդը բավարարվել չի կարող: «Նա պիտի շարունակի անել այն, ինչ իր կյանքի գործն է՝ պիտի նկարի, պիտի գրի. դա այդպես է, որովհետև նա այլ կերպ ապրել պարզապես չի կարող»:
Ջերմ, անկեղծ էր Հրավարդ Հակոբյանի բարեմաղթանքը, վաղեմի, մանկության ընկերոջ՝ Կարեն Աղամյանի խոսքը: Ավելի հանգամանալի արտահայտվեց արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը՝ անդրադառնալով նրա գիտական գործունեությանը, աշխատություններին, գեղարվեստական ստեղծագործություններին՝ այս առումով հետաքրքրական ակնարկ նետելով նրա ընտանիքին: Իր համար անակնկալ չեն եղել Վիգեն Ղազարյանի գեղարվեստական թարգմանություններն ու գրական գործերը, ոչ միայն բանաստեղծական տպագիր ժողովածուն, նաև պատմվածքները, վիպակն ու պիեսները, որոնք դեռևս անտիպ են: Կրտսեր եղբայրը ևս արվեստագետ է, քաանդակագործ Գագիկ Ղազարյանը, նրանք մեծացել են անվանի գրականագետ Հովհաննես Ղազարյանի ընտանիքում, հասակ են առել գրական միջավայրում, գրքին ընտելացած մարդիկ են և օրինաչափ է գրականության, արվեստի հանդեպ այսպիսի վերաբերմունքը: Նա նույնպես Վիգեն Ղազարյանի բազմաոճ, բազմաժանր նկարչության միավորող չափորոշիչը անկեղծությունը համարեց. «Նա խոսում է այն բաների մասին, որոնք խորապես վերապրել և զգացել է, և դրանք արտացոլված են իր ստեղծագործությունների մեջ, հիմնականում մանկական հիշողություններ են՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 50- ականների երևանյան միջավայրը, այնտեղ բնակվող մարդիկ, հումորով, թախիծով արտահայտված տպավորություններ»:
Արվեստաբանական մտքի գնահատման և առհասարակ մտածող անհատի և հասարակության փոխհարաբերությունների համատեքստում հնչեց Մարտին Միքայելյանի խոսքը: «Հայաստանում միտքը չի գնահատվում, և՝ ոչ միայն Հայաստանում: Եթե այդպես չլիներ, 5-րդ դարում Դավիթ Անհաղթը չէր հեռանա Հայաստանից, և 20-րդ դարում էլ՝ Կարեն Սվասյանը չէր հեռանա: Այս ֆոնի վրա Վիգենը մտավ արվեստաբանություն: Արվեստաբանը պիտի ծնվի մայրաքաղաքում։ Դսեղում, Չանախչիում կարող է ծնվել մեծ բանաստեղծը, բայց արվեստաբանը պիտի ծնվի մայրաքաղաքում, և շատ կարևոր ընտանիքում:
Վիգեն Ղազարյանը համակ աշխատանք է, և՛ անցյալում, և՛ հիմա , ինչ որ նա անում է, ոչ ոք չի անում: Ինքը մեծ, հետաքրքիր աշխարհ ունեցող մարդ է: Այն ժամանակ, դեռ պատանի, թարգմանում էր Գյոթեին, շատ լավ գիտեր բանաստեղծություն և գրում էր դեռ այն ժամանակ և հետաքրքիր: Նրան առանձնացրեց Պարույր Սևակը: Գրականության ինստիտուտի աշխատակիցներին Պարույր Սևակին ներկայացրել է Հովհաննես Ղազարյանը՝ իր հայրը: Իր կողքին կար նաև շատ հետաքրքիր մեկը՝ Վիգեն Թադևոսյան անունով…
Վիգեն Ղազարյանի նման մեկը հայության մեջ չկա, իր որոշ գործերով նա միանում է մեր մեծ գիտնականներին»:
Հեղինակը պատահական չէր, որ իր խոսքը կառուցեց հիմնականում մանկության վերհուշի վրա, քանի իր ստեղծագործությունները, ինչպես նշվեց, գալիս է մանկությունից, և անկեղծությունը, մանկական պարզությունը հիմնական հատկանիշներն են: Դա երևանյան մի թաղամաս էր բավական հայտնի, կոլորիտային Սիլաչին՝ հարևան ոչ պակաս կոլորիտային տեղանքներով, որտեղ մարդկային առանձնահատուկ բարքեր, սովորույթներ էին գործում, ու մի առանձնահատուկ դժվար մարդկանց միջավայր կար, և որտեղ հայտնվողի համար ճակատագիրը անակնկալներ կարող էր մատուցել, ու մեղմ ասած՝ ոչ բարենպաստ: Իսկ տանը, ընտանիքում հայրը ահա 5-6 տարեկան զավակների համար Շեքսպիր էր կարդում:
Վիգեն Ղազարյանի խոսքը անցած կյանքի յուրատեսակ մի վերարժևորում, վերագնահատում էր՝ մանկությունից, երիտասարդական տարիներից մինչև ներկա պահը և եզակի վերաբերմունք հնչեցրեց նա՝ գոհունակություն ապրած կյանքից՝ չնայած բազում դժվարություններին: Գոհունակությունը կյանքի բոլոր էտապներից էր, կյանքի զանազան դպրոցներից, ուսանողության տարիներից, աշխատանքային փորձից, արտերկրյա ուղևորություններից ու գիտաժողովներից, իր ժամանակի օտարերկրյա մասնագետների հետ շփումներից, հայ մշակույթն ուսումնասիրող գերմանացի ուսանողների հետ աշխատելուց, որոնք ինչպես ինքն ասաց, «գոնե մարդու արտաքին կուլտուրայի վրա ազդող հանգամանքներ են», և հատկապես աշխատանքային երկու՝ Արվեստի ինստիտուտի և Գեղարվեստի պետական ակադեմիայի միջավայրերից և դրանց ղեկավարներից՝ Արարատ Աղասյանից և Արամ Իսաբեկյանից, իր նկատմամբ ունեցած հարգանքից, նաև այդ օրվա վերաբերմունքից, մթնոլորտից, ինչը նաև պարտավորեցնող է, մղելու ավելի բարձր որակի աշխատանքի և ստեղծագործության:
Մելանյա Բադալյան
Հ.Գ. Ավարտին կարևոր առաջարկություն արվեց Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակից Պողոս Դիզչեկենյանից, որը Մատենադարանում աշխատելիս ծանոթանալով հայ ժամանակակից արվեստաբանական մտքի մի շարք դրսևորումներին՝ Վիգեն Ղազարյանի, Հրավարդ Հակոբյանի, Վարազդատ Հարությունյանի աշխատություններին, դրանք համարելով թաքնված գանձեր, խոսեց օտարալեզու, մասնավորապես անգլերեն թարգմանության անհրաժեշտության մասին, որով հայ ժամանակակից արվեստաբանական միտքը կինտեգրվի աշխարհի մշակույթի մեջ: