ՀԳՊԱ ուսանողները՝ «Global Game Jam Armenia 2019»-ի հաղթողներ
Հունվարի 25-27-ին Երևանում անց է կացվել «Global Game Jam Armenia 2019» խաղերի հաքաթոնը, որն այս տարի կազմակերպվել էր արդեն երրորդ անգամ: «Noor Games» ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած 48-ժամյա այս մրցույթին մասնակցել է 103 երիտասարդ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները փայլուն ներկայացել են հաքաթոնին:
Միջոցառման շրջանակում ստեղծվել է 26 խաղ, մասնակիցների հետ աշխատել է 17 մենթոր: Հունվարի 27-ին ժյուրին որոշել է մրցանակակիրներին։ «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «The heaviest matter of the universe»-ը (թիմ՝ Ալբերտ Ալեքսանյան, Էլեն Մխիթարյան, Արտավազդ Հովակիմյան)։ «Լավագույն արվեստ» անվանակարգում («Creepy House» խաղի համար) հաղթել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների թիմը, որի կազմում են Գևորգ Օրդակյանը (Համակարգչային գրաֆիկա մասնագիտություն, 3-րդ կուրս), Սուրեն Գրիգորյանը (Համաարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտություն, 4-րդ կուրս), Յուրի Ներսիսյանը (Համաարգչային գեղարվեստական նախագծում մասնագիտություն, 4-րդ կուրս), Հայկ Գալստյանը և Մարկ Ամիրաղյանը։ «Լավագույն իրականացում» անվանակարգում մրցանակի է արժանացել «VIM» խաղը (թիմ՝ Արշակ Կռոյան, Տաթև Ներսիսյան)։
Բացի այդ, «ARLOOPA» ընկերության կողմից «Creepy House», «Piggy family», «Bankaplav» և «Aeneas» խաղերին հանձնվել են խրախուսական մրցանակներ: