Բացահայտվել է Ռեմբրանդի կտավների պայծառության գաղտնիքը
Հոլանդացի և ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են Ռեմբրանդի յուրահատուկ իմպաստո տեխնիկայի հիմք հանդիսացող գաղտնիքը։ Այս բացահայտումը կարևորագույն նշանակություն կունենա ապագա սերունդների համար նկարչի գլուխգործոցների պահպանման գործում։
Ռեմբրանդի ժառանգությունն ուսումնասիրող գիտնականների խումբը նրա ներկերի մեջ հազվագյուտ բաղադրիչ է հայտնաբերել՝ պլումբոնակրիտ (լատիներեն «plumbo»՝ կապար և «nacre»՝ սադափ, հանքանյութ, որը պարունակում է ածխածին, ջրածին, կապար և թթվածին): Մինչ օրս բաղադրիչը հայտնաբերվել էր միայն XX դարի արվեստի գործերում, և Վինսենտ վան Գոգի մեկ կտավում։ Այս մասին գիտնականները հոդված են հրապարակել «Agnewandte Chemie» գիտական ամսագրում, նշելով, որ այն կենսական կարևորություն ունի ոչ միայն Ռեմբրանդի ստեղծագործական ժառանգությունը հասկանալու, այլ նաև այն վերականգնելու և գալիք սերունդներին փոխանցելու գործում։
«Մենք որևէ միտում չունեինք հայտնաբերելու այս բաղադրիչը, քանի որ որ հին վարպետներն այն երբեք չեն օգտագործել,- բրիտանական «The Daily Mail» թերթին բացատրել է հոդվածի համահեղինակներից մեկը՝ Վիկտոր Գոնսալեսը:- Ավելին, մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ բաղադրիչի առկայությունը պայմանավորված չէ պատահականությամբ՝ օրինակ, աղտոտմամբ։ Ընդհակառակը, այն հատուկ սինթեզի հետևանք է»։
Ուսումնասիրության համար գիտնականները ներկի 0,1 մմ-անոց նմուշներ են վերցրել Ռեմբրանդի «Մարտին Սոլմանսի դիմանկարը» (1634), «Բերսաբե» (1654) և «Շուշան» (1636) կտավներից։ Հետազոտություններն անց են կացվել ֆրանսիական Գրենոբլ քաղաքի «Synchrotron» լաբորատորիայում։ «Վերլուծելով պատմական տեքստերը, մենք եկանք նման եզրակացության. Ռեմբրանդը ներկերին կապարի օքսիդ էր ավելացնում, ոդպեսզի դրանք մածուկանման դառնան»,- ասում է արվեստի գործերի պահպանման էքսպերտ Մարին Կոտտեն։
Այժմ գիտնականների առջև խնդիր է կանգնած ուսումնասիրել Ռեմբրանդի և նրա ժամանակակիցների այլ կտավներ։ «Մենք հիպոթեզ ունենք, որ Ռեմբրանդը կարող էր օգտագործել և այլ բաղադրատոմսեր։ Հետևաբար, ուսումնասիրելու ենք ինչպես նրա, այնպես էլ XVII դարի հոլանդական արվեստի հսկաների՝ Յան Վերմեերի, Ֆրանս Հալսի ու Ռեմբրանդի հետևորդների կտավները»,- ասում է Ռեյկսմուզեումի աշխատակից Անելիս վան Լոնը։
2019-ին լրանում է Ռեմբրանդի մահվան 350-ամյակը, որի կապակցությամբ աշխարհի տարբեր թանգարաններ ու պատկերասրահներ պատրաստվում են ներկայացնել նրա կտավների ցուցահանդեսները։ Ռեյկսմուզեումի ցուցահանդեսն ամենամասշտաբայինն է. այն այցելուների ուշադրությանն է ներկայացնելու Ռեմբրանդի կտավների ու փորագրությունների իր հսկա հավաքածուն։ Նման էքսպոզիցիա դեռևս չի եղել, և հավանական է, որ այլևս երբեք չլինի, կարծում են արվեստի գիտակները։