Հայ ժողովրդի հարատևման, առաջընթացի ու ինքնության պահպանման գրավականը հազարամյակների պատմություն ունեցող մշակույթն է, որ դարավոր ճանապարհի ընթացքում ներառել է համաշխարհային քաղաքակրթության ու արվեստի գրեթե բոլոր փուլերը։ Այդ են վկայում Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերված մեգալիթյան հուշարձաններն ու ժայռապատկերները, տարբեր նյութերից պատրաստված տարատեսակ պաշտամունքային ու կիրառական առարկաները, Արարատյան թագավորության, հելլենիստական ու աքեմենյան դարաշրջանների ճարտարապետության ու կերպարվեստի բարձրարժեք կոթողները։ Հայոց մշակույթի և արվեստի հետագա զարգացման շրջադարձային հանգրվանը քրիստոնեության ընդունումն է։ Գրերի ստեղծումից և ինքնուրույն գրականության ձևավորումից հետո, արդեն նոր աշխարհայացքի և գեղագիտական ըմբռնումների վրա խարսխված հայոց դպրության առաջին օջախներում են մշակվել ու կատարելագործվել կրթության և մասնավորապես՝ գեղարվեստական կրթության ավանդույթները։
Միջնադարյան Հայաստանի վանքերում դարերով գործել են մեծ ու փոքր դպրոցներ, որտեղ «յոթ ազատ արվեստներ» կոչվող պարտադիր առարկաներից բացի ուսուցանում էին գրչության ու մանրանկարչության արվեստ, ճարտարապետություն: Տարբեր ժամանակներում մեծ հեղինակություն են վայելել Տաթևի, Նարեկավանքի, Հաղպատի, Սանահնի, Հռոմկլայի, Սիսի ու Դրազարկի, Գլաձորի դպրոցները, ավելի ուշ՝ Վարագավանքի և Բաղեշի կենտրոնները, որոնցից որոշները ոչնչով չէին զիջում եվրոպական միջնադարյան համալսարաններին: Այդպիսի դպրոցներին կից գրչատներում են ստեղծվել մեր մշակույթի գանձեր համարվող շքեղազարդ ձեռագրերից շատերը, ինչպես՝ Էջմիածնի Ավետարանը, Մլքեի Ավետարանը, Մուղնու Ավետարանը, Հեթումի Ճաշոցը, Թարգմանչաց Ավետարանը, Զաքարիա կաթողիկոսի Մաշտոցը:
Հայ Եկեղեցու հայրերը 7-րդ դարից ի վեր նշանակալի ներդրում են ունեցեցել նաև քրիստոնեական արվեստի տեսական մտքի հոլովույթում: Հիշենք, օրինակ, Վրթանես Քերթողի, Ստեփանոս Սյունեցու, Հովհաննես Օձնեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու, Վարդան Բաղիշեցու երկասիրությունները, որտեղ շոշափվում են սրբազան պատկերների,եկեղեցու ճարտարապետական ձևերի, ձեռագրերի նկարազարդումների վերաբերյալ խորհրդաբանական և գեղագիտական հարցեր, քննարկվում են պատկերի ու սկզբնօրինակի, աստվածայինի ու բնականի փոխհարաբերությունները, բացատրվում են դրանց գունային կամ կիրառական իմաստները: Մեզ են հասել գեղանկարչության ուսուցման հատուկ ձեռնարկների հազվագյուտ նմուշներ, սրբերի ու աստվածաշնչյան տեսարանների նախատիպ գծագրեր պարունակող ալբոմներ ու գրառումների տետրակներ, որոնցից հնագույնը՝ «Պատկերուսույց» անվանմամբ, Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում պահվող 15-րդ դարի ոչ ամբողջական ձեռագիրն է (թիվ 1434)։
Սրբազան արվեստի պատկերագրական ընդհանուր կանոնները, որոնք մշակվել են բյուզանդական և ասորա-պաղեստինյան հոգևոր խոշոր կենտրոններում, Հայաստանի տարբեր վայրերում յուրովի մեկնաբանություն են ստացել և միահյուսվել են տեղական վաղեմի գեղարվեստական ավանդույթների հետ: Ապա, վարպետ-աշակերտ սերնդափոխության արդյունքում թրծվելով՝ ձևավորել են ճարտարապետության, քանդակագործության և մանրանկարչության տարբեր դպրոցներ, որոնք ունեն ինքնատիպ ձեռագիր ու ոճ, նախասիրած թեմատիկ շարքեր ու զարդային մոտիվներ: Այդպիսիք են, օրինակ, Անիի, Բարձր Հայքի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի կամ Կիլիկիայի դպրոցները, որոնցից յուրաքանչյուրը հայտնի է մեկ և ավելի տաղանդավոր արվեստագետներով: Հիշենք Մոմիկին, Տրդատին, Մանուելին, Թորոս Ռոսլինին, Սարգիս Պիծակին, Թորոս Տարոնացուն, Գրիգոր Մլիճեցուն, Հովհաննես Խիզանցուն, Մինասին, Զաքարիա Աղթամարցուն:
Գեղարվեստական կրթության միջնադարյան ավանդույթները հայկական հոգևոր կենտրոններում շարունակվում են մինչև 17-18-րդ դարերը՝ միաժամանակ աստիճանաբար հարստանալով եվրոպական նոր շրջանի արվեստի ձեռքբերումներով: Եվրոպական ոճական արձագանքները հայ գեղարվեստական միջավայր են ներթափանցում հատկապես տպագրության տարածման շնորհիվ. հայ առաջին հնատիպերում հանդիպող պատկերները հիմնականում կատարվել են եվրոպացի փորագրիչների ձեռքով, կամ կրկնօրինակել են եվրոպական ստեղծագործությունները: Այս շրջանից հայտնի են Բիթլիսի, Լիմ անապատի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հովհաննավանքի, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցները։ Մեծ հեղինակություն է վայելել Ամրդոլու վանքի դպրոցը, որ հատկապես Վարդան Բաղիշեցու գործունեության տարիներին վերածվել է համալսարանի, ուր դասավանդել են մանրանկարչություն և սրբանկարչություն։
Պատմական իրադարձությունների բերումով 17-18-րդ դարերում հայ հոգևոր կյանքն ու մշակույթը առավելապես զարգացում են ապրել բուն Հայաստանի տարածքից դուրս, աշխարհով սփռված գաղթօջախներում: Այստեղ ստեղծված արվեստի նմուշները, կրելով ու փոխանցելով բազմազան գեղարվեստական ազդեցություններ, արժեքավոր աշխուժություն են հաղորդել հայ մշակույթի դարավոր դիմագծին և նախապատրաստել նրա անցումը Միջնադարից դեպի Արդի ժամանակներ:
19-րդ դարի երկրորդ կեսից սկսած պարբերական մամուլում բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել, որտեղ հայ մտավորականները մտահոգություն են հայտնում հայ ժողովրդի ինքնության պահպանման, նրա մշակութային արժեքների գնահատման ու աշխարհին որպես քաղաքակիրթ ազգ ներկայանալու հրամայականների առնչությամբ: Ազգային խնդիրների լուծման գործում նրանք հատկապես կարևորում են կրթության ու դաստիարակության առաջնային դերը, որի անբաժանելի մասն է գեղարվեստական կրթությունը:
Հայոց ազգի բնաւորութեան մէջ կայ այն ազատ ոգին, որ նպաստաւոր է այնքան՝ գեղարուեստի համար»,- ավելի ուշ գրում է Վարդգես Սուրենյանցը` «Հայկական ճարտարապետութեան տեղը գեղարուեստի պատմութեան մէջ» հոդվածում, որով մեծ նկարիչը փորձ է անում ցույց տալ, «թէ մեր գեղարուեստը ինչ տեղ է բռնում ընդհանուր գեղարուեստի պատմութեան մէջ, թէ նա ինչ նշանակութիւն ունի մեզ համար և թէ ինչու մենք այժմ քան երբէք պարտական ենք նրան պահպանել անաղարտ և յարգել»:
Սակայն 19-րդ դարի կեսերին կրթական ծրագրեր իրագործելու անհրաժեշտ պայմաններ ու միջոցներ չկային, անգամ՝ հայության կյանքի համար առավել ապահով համարված Ռուսական կայսրությունում։ Ավելին, կայսերական իշխանությունների կողմից չէր խրախուսվում նույնիսկ մասնավոր նկարչական դպրոցների հիմնադրումը:
Դրությունը փոխվում է 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայ որոշ գաղթօջախներում և բուն Հայաստանում բացվում են մի շարք հոգևոր ճեմարաններ և աշխարհիկ վարժարաններ, ինչպես Էջմիածնի Գևորգյան բարձրագույն ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան միջնակարգ վարժարանը և Գայանյան օրիորդաց դպրոցը, Երևանի գիմնազիան, Գավառի, Ղրիմի, Նախիջևանի, Ախալցխայի գավառական դպրոցները, Շուշիի ռեալական դպրոցը: Այս կրթարանների ուսումնական ծրագրերում ընդգրկվում են նկարչություն, երաժշտություն, գեղագիտություն առարկաները:
Այդուհանդերձ, գեղարվեստական կրթությունը, հատկապես գավառական դպրոցներում, տարրական գիտելիքներից այն կողմ չէր անցնում: Պատճառը, թերևս, մասնագետների պակասն էր, նաև՝ հասարակության կյանքում արվեստի նվազագույն պահանջարկը։ Ականատեսների վկայությամբ՝ 19-րդ դարի կեսերին Երևանում բնակվող մեկ-երկու նկարիչների գործը սահմանափակվում էր տների ու կրպակների ձևավորումներով, որոնք պատկերում էին ծաղիկներ, թռչուններ, երբեմն՝ բնության տեսարաններ։
Կերպարվեստի նկատմամբ սեր ու հակում ունեցող հայ երիտասարդները մասնագիտական կրթությունը ստանում էին Վրաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում: Նոր ու նորագույն շրջանի հայ արվեստագետների մի ամբողջ սերունդ է սովորել Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, Մոսկվայի Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում, կամ Փարիզի Գեղեցիկ արվեստների բարձրագույն դպրոցում, Մյունխենի, Վիեննայի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիաներում, և այլ մասնավոր հաստատություններում: Այսպես, հայ նոր արվեստի տարբեր ժանրերի հիմնադիր տաղանդավոր գեղանկարիչներ Հակոբ Հովնաթանյանը, Ստեփանոս Ներսիսյանը, Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Գևորգ Գրիգորյանը (Ջոտտո), քանդակագործներ Երվանդ Ոսկանը, Անդրեաս Տեր Մարուքյանը, Միքայել Միքայելյանը, Երվանդ Քոչարը, նոր թեմաներով ու ձևամտածողությամբ հարստացրին հայ արվեստը, արձագանքեցին արևմտաեվրոպական անցյալ ու ժամանակակից ոճական հոսանքներին, իրենց բազմակողմանի գործունեությամբ և լավագույն ստեղծագործություններով հայ ազգային կերպարվեստը բարձրացրին համաշխարհային մակարդակի ու ճանաչման։ Այնպես, ինչպես կես դար առաջ հայ ժողովրդի մշակութային զարգացման համար նախանշել էր հայ մեծ մտավորական Ստեփանոս Նազարյանցը ազգային բարերար Լազարևին ուղղված նամակում. «Պետք է մեր հայացքն ուղղենք Արևմուտք և ճանաչենք ինքներս մեզ»:
Նրանցից շատերը դասավանդել են հայկական գաղթօջախների նորաբաց հանրակրթական դպրոցներում ու ճեմարաններում, աջակցել մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնադրմանը, կազմել են կրթական ծրագրեր և մշակել նկարչության դասավանդման մեթոդներ, հրատարակել են առաջին դասագրքերը: Այսպես, Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, հայ նոր շրջանի քանդակագործության հիմնադիրներից Երվանդ Ոսկանի (1855-1914) ջանքերով Կոստանդնուպոլսում 1883-ին բացվել է Թուրքիայում առաջին՝ Օսմանյան գեղարվեստի վարժարանը (այժմ՝ Գեղարվեստի ակադեմիա), Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի շրջանավարտ, կենցաղային ժանրի հիմնադիրներից և օֆորտի վարպետ Հարություն Շամշինյանի (1856-1914) հեղինակությամբ Թիֆլիսի դպրոցների համար հրատարակվել է «Գծագրության և հեռանկարի տարրական դասընթաց» ձեռնարկը: 20-րդ դարի սկզբին արդեն գեղարվեստական կրթությունը հասարակական պահանջարկ էր վայելում, որի վկայությունը, թերևս, հայաշատ Ամասիա քաղաքում 1911-ին օրիորդաց Գեղարվեստի վարժարանի գոյությունն է:
Իսկ ահա հաջորդող սերնդի արվեստագետները, ինչպես՝ Ստեփան Աղաջանյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հակոբ Կոջոյանը, Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Արա Բեքարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, տասնամյակներ հետո հայրենի երկրում պետք է դնեին գեղարվեստական կրթության հիմքերը։
19-20-րդ դարերի սահմանագծին հրապարակ են գալիս արվեստագիտական առաջին պարբերականները՝ «Գեղարվեստ», «Արաքս», «Գեղունի», «Անահիտ», «Մեհյան», որոնցում արծարծվում էին արվեստի բոլոր ճյուղերին վերաբերող պատմական և տեսական հարցեր, ներկայացվում էին գեղագիտական և արվեստի փիլիսոփայության տեսակետներ, քննարկվում էին նաև գրականությանն ու գրականագիտությանը նվիրված նյութեր: Այս թերթերն ու հանդեսները կարևորագույն ներդրում ունեն վերածնված ազգային մշակույթի ինքնահաստատման ճանապարհին՝ հայ արվեստի պատմական ուսումնասիրության և վերարժևորման, գեղարվեստական քննադատության, գեղագիտական ճաշակի ձևավորման առումով: Բացի այդ, կերպարվեստի բազմազան խնդիրներն ու բանավեճերը լուսաբանող հոդվածները խթանիչ ազդակ էին բուն արվեստագետների միջավայրում ստեղծագործական ներուժի հարստացման, նոր արտահայտչամիջոցների որոնման համար: Գարեգին Լևոնյան, Վարդգես Սուրենյանց, Գևորգ Բաշինջաղյան, Գարեգին Հովսեփյան, Արշակ Չոպանյան, Ռաֆայել Շիշմանյան. այս պարբերականներում աշխատակցած հեղինակներ, որոնց անվան հետ է կապված նաև հայ ստեղծագործական առաջին ակումբների, ընկերությունների ու միությունների գործունեությունը։
Գեղարվեստական կրթության հաջորդ փուլը կապվում է Առաջին հանրապետության ստեղծմամբ հայոց պետականության վերականգման, ապա՝ խորհրդային կարգերի հաստատման հետ։ Նոր հայրենիքը կառուցելու գերագույն նպատակի կանչով տարբեր երկրներից, ի թիվս շատերի, Հայաստան ժամանեցին նաև գիտության, մշակույթի ու արվեստի գործիչներ, որոնք ժամանակի ռուսական ու եվրոպական համալսարանների լավագույն ավանդույթներով զինված՝ լծվեցին հայ կրթական ու գիտական հաստատությունների վերալիցքավորման, նորերի ստեղծման ու կայացման դժվարին գործին:
Խորհրդային Հայաստանում նկարչական առաջին կրթարանները բացվեցին 1921-ին. Գյումրիի ստուդիան, որ 1936-ից դարձավ քառամյա նկարչական դպրոց, իսկ 1947-ից՝ ստացավ Ս. Մերկուրովի անունը, և Երևանի Գեղարդ գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանը, որ 1930-ին վերածվեց գեղարվեստական մանկավարժական ուսումնարանի և 1941-ից կոչվեց Փանոս Թերլեմեզյանի անվան, (այժմ՝ գեղարվեստի պետական քոլեջ)։ Գյումրիի դպրոցի առաջին ուսուցիչներն էին Գևորգ Բրուտյանը, Ստեփան Ալթունյանը, Հմայակ Ավետիսյանը, իսկ Երևանում՝ Փանոս Թերլեմեզյանը, Ստեփան Աղաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Արա Սարգսյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը, Վրթանես Ախիկյանը, որոնց ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքը ժամանակաշրջանի մշակութային կյանքին նոր որակ ու լիցք էր հաղորդում։ Այս դպրոցների քառորդ դարյա գործունեությունն էլ հիմք հանդիսացավ մասնագիտական բարձրագույն կրթօջախի ստեղծման համար։