Խեցեգործության աշխատարան ՀԳՊԱ-ում
2024-ի մարտի 18-22-ը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հյուրընկալվել էր Իսպանիայի Կաստեյո քաղաքի Արվեստի և դիզայնի դպրոցի կերամիկայի պրոֆեսոր Աննա Էստեվը։ Վերջինս հանդես եկավ շնորհանդեսով, որով ներկայացրեց դպրոցը, այնուհետև ավելի մանրամասն պատմեց իր ամբիոնի կատարած աշխատանքների ու գործունեության մասին։
Ներկայացվեց նաև խեցեգործության փառատոնը, որ ամեն տարի իր շուրջն է հավաքում տարբեր մասնագետների և ուղեկցվում է իսպանական երգ ու պարով և հյուրասիրությամբ։ Դա կարծես մի իսկական տոն լինի, քաղաքի հյուրերի և տեղացիների համար։
Այցի երկրորդ մասը ավելի գործնական էր։ Տիկին Էստեվն իրականացրեց աշխատարան՝ իր շուրջը հավաքելով խեցեգործության բաժնի ուսանողներին, որի ընթացքում ներկայացրեց իսպանական խեցեգործության մի ավանդական տեխնիկա։ Նա գործնականում ցույց տվեց, թե ինչպես են աշխատում այդ տեխնիկայով, ինչից հետո մասնակիցներն անցան գործի։ Նրանք պատրաստեցին իրենց իսկ աշխատանքները՝ կիրառելով նոր տեխնիկան։ Հյուրի այցը եզրափակվեց կլոր սեղան քննարկումով և հյուրասիրությամբ՝ խեցեգործության ամբիոնի ուսանողադասախոսական կազմի անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ։
Աննա Էստեվը և նրա ամուսինը, ով այցի ընթացքում ամենուր ներկա էր և ֆիքսում էր ամեն կատարվող բան, խոստովանեցին, որ հայերի ու Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեին մինչև այստեղ գալը, սակայն այս այցից հետո անհամբեր սպասելու են հաջորդ ընձեռած առիթներին՝ Հայաստանը կրկին ացելելու և կրկին բացահայտելու համար։
Հյուրերը շատ տպավորված հեռացան ոչ միայն ՀԳՊԱ-ի կիրառական արվեստի ամբիոնից ու ուսանողների աշխատանքներից, այլև Հայաստանից, քանի որ այդկարճատև այցի ընթացքում հասցրեցին այցելել նաև Երևանին մոտ որոշ տեսարժան վայրեր։
Շնորհակալություն ենք հայտնում ՀԳՊԱ-ի Կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներին և ուսանողներին ակտիվ մասնակցության համար։
Արտաքին կապերի բաժին