Գնահատանք․ Դահլիճ-ցուցասրահի անվանակոչում՝ Արամ Իսաբեկյանի պատվին
Հարուստ պատմությամբ ու անցյալով Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան՝ այն ժամանակ՝ գեղարվեստի ինստիտուտ, հիմնադրվեց երկրի ամենադժվարին շրջաններից մեկում՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, 1945-ին՝ այդ ընթացքում անցնելով բուհական կյանքի բարդ փուլերով։
Երեկ առավոտյան մեր քաղաքը շատ թաց էր. հորդ անձրև էր։ Չգիտես ինչու, ինչ-որ շատ էր դժվարացել տեղաշարժը, բայց քաղաքը մի տեսակ ուրիշ էր, թարմ, օրը՝ գեղեցիկ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներքևի հարկի դահլիճը , որ մի քանի տարի արդեն գործում է, վերջին նորոգումից հետո շատ ավելի ներկայանալի տեսք ուներ։ Եվ օրը նշանավորվեց նրանով, որ դահլիճ-ցուցասրահը անվանակոչվեց ակադեմիան՝ 90-ականներից սկսած բառացիորեն քայքայումից պահպանած, ինչու չէ նաև վերացման վտանգը կանխած, ապա և առաջընթացը, զարգացումն ապահոված՝ շենքային, տեխնիկական և կրթական միանգամայն նոր, ժամանակակից պայմանների մեջ դրած բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանի պատվին։
Այդ դժվարին ճանապարհը նա անցավ իր շուրջը հավաքված համախոհ մարդկանց, նվիրված աշխատակիցների հետ միասին։
Ելույթ ունեցավ Ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Նա արդեն 12 տարի աշխատում է Արամ Իսաբեկյանի հետ՝ գաղափարակից նրան. ընդհանուր ներկայացրեց Իսաբեկյանի անցած ճանապարհը 70-ականներից սկսած, երբ նա ուսանող էր, ապա երբ անցավ դասավանդման աշխատանքի, իսկ 90-ականներից՝ այն ժամանակ միացյալ գեղարվեստաթատերականի պրոռեկտոր՝ փաստացի ղեկավարելով բուհը, որովհետև ռեկտորն աշխատանքի չէր ներկայանում։ Բուհերի անջատումից հետո, 1994-ից արդեն Գեղարվեստի ինստիտուտի ռեկտորն էր։ Այվազյանը խոսեց այդ տարիներին տեղի ունեցած մեծ փոփոխություններից․ ինչպես է քայքայված, քանդված վիճակներից բուհը դուրս եկել, զարգացել, ծավալվել, առաջընթաց ապահովել։ Այդ ամենը Իսաբեկյանի և համախոհ մարդկանց ջանքերի շնորհիվ։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ուսանելով ակադեմիայում, այժմ դասավանդում է այնտեղ, նաև մանկության, պատանության տարիների հիշողություններն է պահպանում, քանի Սաֆարյան և Իսաբեկյան ընտանիքները բարեկամական կապեր ունեն. ինչպես ասում է՝ կյանքային շատ բաներ, նիստուկաց ու շատ հմտություններ սովորել է Արամ Իսաբեկյանից։ Ջերմորեն խոսեց այն նվիրվածության ու ջանքերի մասին, որ ներդրել է ռեկտորը՝ նախ բուհը պահպանելու, ապա և հիմնովին վերափոխելու, զարգացնելու. «Շատ մարտահրավերների է դիմակայել, շատ դժվարություններ հաղթահարել աշխատակազմի հետ միասին. սիրո և համախմբվածության շնորհիվ է դա եղել։ Մեր բուհը տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն և արվեստագետին։ Ուրախ եմ, որ արվեստագետին կարողանում ենք գնահատել իր կյանքի օրոք. կարևոր է, որ լուրջ վաստակ, ներդրում ունեցող մարդը, հետք թողած մեր կերպարվեստում, հենց իր կյանքի օրոք արժևորվի։ Ցուցասրահի այս կարևոր անվանակոչումը դրա վկայությունն է»։
Ստեղծագործական վերելքների, առողջ կյանքի մաղթանքով վստահ է, որ նա նոր ուժ ու եռանդ կներդնի բուհի կողքին լինելու։ Որովհետև՝ «Ձեզ հետ միասին պատրաստ ենք դիմակայելու նոր մարտահրավերների, իրականացնելու տարբեր նախագծեր»։
Իհարկե ավելի լավ և ավելի հանգամանորեն ակադեմիայի այս երեսուն և ավելի տարիների անցած ճանապարհը գիտի Արամ Իսաբեկյանը. նա բավական համառոտ ներկայացրեց այն։ Երկրի դժվարին շրջան՝ երկրաշարժի ու պատերազմի, փլուզված տնտեսություն ու կրթական համակարգ, որպես երիտասարդ պրոռեկտոր իր դժվարությունները, Գեղարվեստի ինստիտուտին տրված նոր շենք և անհասկանալիորեն այդ ժամանակի ռեկտորի կողմից շենքի վերադարձը և պետհամալսարանին տալը։
Ապա իր ռեկտորական շրջանը՝ բուհի հաստատման, կառուցելու, ընդլայնվելու ժամանակները` կիսաքանդ շենքի հիմնավերանորոգումով, նոր մասնաշենքի ձեռք բերումով, Դիլիջանի և Գյումրու մասնաճյուղերի, նոր ամբիոնների, ցուցասրահի, դահլիճի բացումով, ուսանողների թվի քառապատկումով, տեխնիկական վերազինումով, Ակադեմիայի հաստատման փաստով և շատ այլ ծրագրեր։
«Այս ամենը իմանալ ու գնահատել է պետք։ Գնահատականի մի դրսևորմանը ներկա ենք հիմա, և ես շնորհակալ եմ։
Ինձ համար ավելի սիրելի ժողովուրդ, քան Գեղարվեստի ակադեմիայի կոլեկտիվը, ներկայի ու անցյալի ուսանողությունը, չկա։ Կյանքիս մեծ մասն այստեղ եմ անցկացրել, իմ երազանքներն այստեղի հետ են կապված եղել, Ակադեմիայի բոլոր ուրախությունները, տխրությունները իմն են եղել, պայքարը իմն է եղել և իհարկե նաև իմ համախոհներինը։ Ես շատ ուրախ եմ, որ Ակադեմիան այսօր ամուր հիմքերի վրա է։ Ցավոք սրտի, մենք միշտ ունենում ենք պայքարելու պատճառ։ Եթե մենք չենք ստեղծում, ուրիշները մեզ համար ստեղծում են այդ խոչընդոտները։ Ապագայում էլ այդ ընթացքը կլինի, շատ կուզենայի այն միջուկը, որ սիրում է Ակադեմիան և շարունակում է լինել նրա ջատագովը, դիմանա բոլոր դժվարություններին։
80-ամյակը մեր Ակադեմիայի կլրանա հաջորդ տարի, ու դեռ շատ ու շատ ութսունամյակներ է ունենալու։ Կերպարվեստի ոլորտի մարդկանց հիմնական մասը այստեղի կրթությունն են ստացել, նրանց մի մասը դրսում, աշխարհի տարբեր երկրներում է ստեղծագործում, շատերն այստեղ են, իհարկե։ Տա Աստված, որ հարատևի Գեղարվեստի մեր սիրուն Ակադեմիան…»։
Մելանյա Բադալյան