ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ՀԳՊԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի գեղարվերստի պետական ակադեմիան Էրազմուս+ “DeSIRe” դրամաշնորհային ծրագրի շրջանակում Իսպանիայի Գրանադայի համալսարանի աջակցությամբ անցկացրեց քառօրյա սեմինարներ ակադեմիայի անձնակազմի և ուսանողների համար: Սեմինարների այս շարքն ընդգրկում էր հետևյալ թեմաները՝ «Մեդիագրագիտություն և թվային գրագիտություն», «Ներառականություն, բազմազանություն և սոցիալական արդարություն», «Ձեռնարկատիրական հմտություններ» և «Ռեֆլեկտիվ մտածողություն»: Այս նախաձեռնությունը միտված է զարգացնելու ակադեմիայի աշխատակիցների և ուսանողների փափուկ հմտությունները, որոնք հետագայում ներգրաված կլինեն վերոնշյալ թեմաների շուրջ անցանց և առցանց մոդուլներ կազմելու գործընթացում: Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ՝ ներառելով փափուկ հմտություններ զարգացնող այլ ուղղություններ ևս:
“DeSIRe”-ը («Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում») եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի բուհերում փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված մեթոդաբանության մշակմանը, որոնք միտված կլինեն 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսանողների կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը, կզարգացնեն ձեռնարկատիրական հմտություններ, կխթանեն դիմակայելու մասնագիտական աշխարհի ժամանակակից մարտահրավերներին:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի, Վրաստանի և Եվրոպայի բարձրագույն ուսումնական հաստատությունների և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ և Վանաձորի պետական համալսարանի համակարգմամբ:
Read MoreՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ
Նոյեմբերի 21-ին ՀԳՊԱ-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ բուհի ուսանողների և դասախոսների շարժունության ծրագրի մասնակիցների հանդիպումը, տպավորությունների շնորհանդեսը։
Բուհի Արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպվող նմանատիպ հանդիպումները մշտական բնույթ են կրում և արդեն ավանդական են դարձել։
Հանդիպմանը մասնակցում էին տվյալ` 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ընթացքում շարժունության ծրագրին մասնակցած ուսանողներն ու դասախոսները՝ կիսվելով իրենց ունեցած կարճաժամկետ աշխատարանից, վերապատրաստման դասընթացից կամ դասախոսությունից:
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը Իսպանիայի Մալագայի համալսարանում և Լիլի Զաքարյանը Իսպանիայի Կաստելո քաղաքի Արվեստի և Դիզայնի դպրոցում մեկշաբաթյա դասախոսությունից հետո ներկայացրեցին իրենց տպավորությունները։
Շվեյցարիայի Բազել քաղաքի թվային հաղորդակցությունների ինստիտուտ կատարած այցից հետո ՀԳՊԱ պատվիրակությունը՝ կազմված 9 ուսանողից և 1 դասախոսից, ներկայացրեց իր ունեցած փորձառությունը, խոսեց Բազելում անցկացրած աշխատարանից։
Պատվիրակությունը ղեկավարում էր դասախոս Լուսինե Պետրոսյանը, որը նույնպես կիսվեց իր դիտարկումներից։
Մասնակից ուսանողներից մեկը Ներսես Թովմասյանը պատրաստել էր շատ գունեղ տեսահոլովակ, որն իր մեջ ամբողջությամբ ամփոփում էր աշխատանքային պրոցեսը նաև այցելությունները ժամանցային վայրերը՝ թանգարաններ, պատկերասրահներ։ Մեր պատվիրակությունը կարողացավ նաև մասնակցել Գրաֆիկական պոստերների միջազգային հավաքին, որի ժամկետները հաճելիորեն համընկել էին մեր խմբի այցի ժամկետների հետ։
Այնուհետև Հագուստի մոդելավորում կրթական ծրագրի բակալավրի 4-րդ կուրսի ուսանողներ՝ Մերի Թովմասյանը և Սյուզն Գրիգորյանը շնորհանդեսի տեսքով ներկայացրեցին իրենց տպավորություններն ու ձեռք բերած գիտելիքները Անկոնայի Պոլիարտե Դիզայնի (Իտալիա) ինստիտուտում երկշաբաթյա ինտենսիվ դասընթացներից հետո։
Վերջում հանդես եկավ Ղրղզստանի կողմից կազմակերպված ամենամյա պլեներին մասնակցած գեղանկարչություն բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Գաբրիելյանը՝ կիսվելով իր արձանագրած տպավորություններով։
Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ անմիջական մթնոլորտում և ուղեկցվում էր հարց ու պատասխաններով։
Մասնակիցները, գործընկեր բուհերում իրենց ունեցած փորձառությունից հետո, կիսվեցին նաև իրենց առաջարկներով, որոնք կցանկանային տեսնել նաև իրենց մայր բուհում՝ ՀԳՊԱ-ում։
Դիտարկումներ եղան ՀԳՊԱ-ի լաբորատոր պայմանների բարելավման, հագեցվածության պակասի վերաբերյալ։ Մեկնաբանություններ եղան, որ պլաստիկի օգտագործումը սահմանափակելու ուղղությամբ ակադեմիան նույնպես կարող է հանդիպումների կամ նիստերի ժամանակ օգտագործել ապակյա շշեր ու բաժակներ, այլ ոչ թե թղթե կամ պլաստմասե։
Անկոնայի կարճատև դասընթացներին մասնակցած ուսանողները իրենց փորձառությունից հետո տպավորված էին և նշեցին, որ շատ կցանկանային, որպեսզի ակադեմիայում նույնպես կազմակերպվեն կարճատև դասընթացներ (մեկշաբաթյա կամ երկշաբաթյա) գործընկեր հաստատությունների ուսանողների համար։
Արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի մասնակիցները իրենց բոլոր առաջարկները գրավոր ներկայացնեն․ կազմակերպենք քննարկումներ այդ առաջարկները իրական ծրագրերի վերածելու և բուհի բարելավմանն ուղղելու համար։