Մրցանակային ցուցահանդես.
«Հանուն հայի հարատևման»
Հունիսի 14֊ին ՀԳՊԱ «Արամ Իսաբեկյանի» անվան դահլիճում բացվեց ուսանողական մրցանակային ներկայանալի ցուցահանդես` «Հանուն հայի հարատևման» թեմատիկ ուղղվածությամբ։ Սա երկրորդ համատեղ ցուցահանդեսն է Գեղարվեստի պետական ակադեմիայի և «Մեծն Ներսես» հասարակական բարեգործական կազմակերպության համագործակցությամբ։
Սոցիալական ծրագրեր իրագործող «Մեծն Ներսես» ԲՀԿ֊ն անցած տարի իր 30 ֊ամյա հոբելյանի առիթով հիմնական առաքելությանը զուգահեռ Լիլիթ Գալստյանի առաջարկով մտահղացավ բարեգործական սլաքն ուղղել նաև մշակույթի ոլորտին, գործունեության ընդհանուր մթնոլորտին գեղարվեստականության շուք հաղորդելու միտումով նաև։ Այս մասին ցուցահանդեսի բացմանը տեղեկացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Գալստյանը։
Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանի ակտիվ մասնակցությամբ ու առաջարկով սկսված համագործակցությունը արդյունավետ աշխատեց. այս ընթացքում կազմակերպվեց երկու ցուցահանդես` մասնակցությամբ Կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակի բաժնի ուսանողների։
Հասարակական բարեգործական այս կազմակերպությունը համագործակցում է նաև Գրողների միության հետ` խրախուսելու արձակի, պոեզիայի և մանկագրության ասպարեզի երիտասարդ տաղանդավոր գրողներին։
Արամ Իսաբեկյանի շնորհակալական խոսքն ուղղված էր «Մեծն Ներսես» ԲՀԿ֊ ի տնօրինությանը և կազմակերպության հովանավոր Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Անուշավան Արքեպիսկոպոս Դանիելյանին։
Ուսանողների համար նման մրցանակային ցուցահանդեսները միշտ են ոգևորող, էլ ավելի` գումարային մրցանակները, ինչպես այս ցուցահանդեսինը։
«Հանուն հայի հարատևման» թեման մեզ համար միշտ կարևոր, ներկա շրջանում շատ ավելի ակտուալ է։ Սակայն ներկայացված բոլո՞ր աշխատանքներն են արդյոք համահունչ և կամ առնչվում թեմային։ Թերևս սա նկատի ուներ Արամ Իսաբեկյանը, երբ նկատեց. «Դժվարություններ ենք ունենալու, որովհետև թեմայի հետ կապված խնդիրներ կան։
Ամեն դեպքում ցուցահանդեսում լավ աշխատանքներ շատ կան, և ժյուրին կաշխատի լավագույններն ընտրել։ Հուսով եմ` արդար ընտրություն կլինի։ Հունիսի 21 ֊ին վերջնական արդյունքները կամփոփվեն, կհայտարարվեն մրցանակակիրների անունները»։
Մելանյա Բադալյան
ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ
Ամառվա առաջին օրվա ջերմությունը
Հունիսի 1֊ը ամեն տարի մի ուրիշ տոնականություն է բերում «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահին, փոխում մթնոլորտ ու տրամադրություն, միջավայր։ Ցուցասրահի պատերին իհարկե, ինչպես սովոր են տեսնել այցելուները, նկարներ են դարձյալ, սակայն այդ գույների, պատկերների աշխարհում միանգամայն ուրիշ էմոցիաներ, ուրիշ մտքեր ու երազներ կան։
Ասում են` բոլոր երեխաների նկարները նման են իրար, սակայն դա այդպես չէ, հակառակը` դրանք շատ տարբեր են` ինչպես միմյանցից, նաև մեզանից։ Նրանց ու մեր` մեծահասակներիս աշխարհների միջև մեծ, շատ մեծ տարբերություն կա. մենք դա հասկանում ենք շատ ուշ, երբ նա` երեխան, արդեն հասուն տարիքում բացվում ու սկսում է լրջորեն պատմել մանկության տարիների իր ներքին կյանքի, ապրումների մասին։
Երևի շատերը այդ մասին լսելուց հետո մտքերի մեջ ընկեն, թե ինչպես չեն զգացել, չեն նկատել այդ ամենը։ Թերևս պատճառն այն է, որ մեծահասակները այդքան էլ լուրջ չեն ընդունում, չեն խորանում նրանց զգայական աշխարհի մեջ `դե երեխա է, շատ չի հասկանում, ֊ ասում ու անցնում ենք շատ հաճախ։
Իսկ նրանք այն են, ինչ կան, ասում են այն, ինչ մտածում, զգում են, անկեղծ են և նկարում էլ են նույն անկեղծությամբ։ Նրանք դեռ ընտելացված չեն այն աշխարհին, ուր մեծահասակները գծել են սահմաններ ու դրել օրենքներ, հաստատել նրանց դեռևս անհասկանալի կանոններ։ Երևակայությունը նրանց արթուն է, հարցերը բազում, ասես անընդհատ որոնումների մեջ են։ Երևի դրանից է, որ երեխաների նկարները մեզ միշտ զարմանք են պատճառում, որտեղ ծառը ժպտում է, տունը քայլում, արևն իջնում ու իջնում է շատ ներքև, հայտնվում իրենց կողքին…ու լույսը թվում է ավելի ուժեղ, ավելի տաք… Այդ աշխարհը մեզ թվում է անծանոթ. մենք հեռացել ենք այնտեղից, բայց ջանում ենք մերձենալ, վերհիշել, ամուր բռնելով նրանց ձեռքերը, վերստին ուզում ենք ընտելանալ, վերադառնալ, և շատ արագ այն հարազատանում է, որովհետև բնական է, անմիջական, մաքուր է, պարզ ու նույնքան բարդ։
Մի այսպիսի հետաքրքիր ու սիրուն օր էր այս տարվա Հունիսի 1֊ը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում` Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Դեռ վաղուց, գրեթե 15 տարի առաջ ցուցասրահի աշխատակից, ավագ մասնագետ Լիանա Խաչատրյանը առաջարկեց Հունիսի 1֊ը նշել երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսային միջոցառումով։ Ամեն տարի այդ օրը վառվռուն գույների ու ժպիտների տոն է այստեղ, որ տարիների ընթացքում վերածվեց ավանդույթի, ամեն անգամ նորովի մատուցվող` կազմակերպությամբ Լիանա Խաչատրյանի, Իրինա Իսաբեկյանի և իհարկե` աջակցությամբ ՀԳՊԱ Կադրերի հաշվառման և ընդհանուր բաժնի ղեկավար Նորա Կարապետյանի։ Այս տոնականությունը, խանդավառությունը, անկեղծ ուրախությունը կայանում է շնորհիվ ցուցասրահի աշխատակիցների սիրով ներդրած ջանքերի, և ամենամեծ բերկրանքն էլ պատճառում է նախևառաջ իրենց` երեխաներին։ Ոնց են ժպտում նրանց աչքերը, երբ ցուցասրահի պատերին տեսնում են սեփական աշխատանքները։
Դե իսկ քաղցրավենիքի հյուրասիրությունը երեխաների համար մեկ ուրիշ վայելք է։ Այն ինչ պետք է երեխաներին, այստեղ կար` ուշադրություն, ժպիտ, նվեր, ջերմություն, սեր ու դարձյալ սեր։