ՆԿԱՐԱԶԱՐԴՄԱՆ (ԻԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ VIII ՄՐՑՈՒՅԹ
Նկարազարդման միջազգային VIII մրցույթը նվիրված է պրոֆեսիոնալ նկարիչներին (իլյուստրատորներին), այս մրցույթը անցկացվելու է Իտալիայում , այն կազմակերպվում է (Fondazione Malagutti onlus) հիմնադրամի համագործակցությամբ Ստեղծագործող հեղինակների ասոցիացիայի հետ նպատակ ունենալով խթանելու և պաշտպանելու երեխաների և դեռահասների իրավունքները։
Մրցույթին մասնակցել ցանկացողները ստորև բերված հղումով կարող են ուսումնասիրել հետևյալ կայքը՝
Regolamento 8° Concorso Illustratori
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թվականի սեպտեմբեր 30։
ՀԳՊԱ Արտաքին կապեր
Read More«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» – ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
«Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության և Գեղարվեստի պետական ակադեմիայի համագործակցությամբ Կերպարվեստի ֆակուլտետի` գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակի բաժնի ուսանողների մրցանակային` «Հանուն հայի հարատևման» խորագրով ցուցահանդեսը բացվել էր հունիսի 14 -ին։ Անցած ուրբաթ տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։ Ցուցահանդեսի մասնակից 41 ուսանողները ներկայացրել էին ընդհանուր 54 աշխատանք, որոնցից 16 – ը` «Գեղանկարչություն», 17- ը` «Գրաֆիկա» և 21 գործ «Քանդակագործություն» անվանակարգերում։ Ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Արամ Իսաբեկյանը։ Ծրագրի հովանավոր Միացյալ Նահանգների Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը առողջական պատճառներով չէր կարողացել գալ։ Ներկա էր Առաջնորդարանի դիվանապետ Վարդան Մատթեոսյանը` բանասեր, թարգմանիչ, հայագետ. հեղինակ` հայոց պատմության, գրականության ու լեզվի մասին անգլերեն և իսպաներեն 9 գրքերի («Կոստան Զարեանի շուրջ», «Անվերջ վերադարձ. Հայաստանի ճանապարհները», «Հարաւային կողմն աշխարհի. Հայերը Լատին Ամերիկայի մէջ սկիզբէն մինչեւ 1950», «Շամախեցի պարուհին. Արմէն Օհանեանի կեանքն ու գործը», (համահեղինակությամբ` Արծվի Բախչինյանի)։ Հեղինակ է նաև տասնյակ գրական – բանասիրական ուսումնասիրությունների և թարգմանությունների։ Ներկայացնելով նրա հայագիտական ծավալուն աշխատանքը` ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Ուսանողության ուշադրությունը ուզում եմ հրավիրել իր անվան վրա, որովհետև Վարդան Մատթեոսյանը մեր ամենակարևոր հայագետներից է, որ զբաղվում է մեր գիտության հարցերով, շատ կարևոր աշխատություններ ունի։ Սրանք կարևոր կետեր են ինքներս մեզ հասկանալու, մեր ինքնությունը բացահայտելու, ուսումնասիրող, բանիմաց արվեստաբան լինելու համար։ Նրա աշխատանքները այս առումով կարող են լինել ձեզ համար հիմքեր ինքնաճանաչողության»։ Մրցանակաբաշխության ավարտին Վարդան Մատթեոսյանը շնորհակալական խոսք ուղղեց ցուցահանդեսի աշխատանքը համակարգողներին` «Մեծն Ներսես» կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Գալստյանին, մասնակից ուսանողներին, հանձնաժողովին, և մասնավորապես Գեղարվեստի ակադեմիային, որ «այսպիսի որակի ուսանողություն կպահե իր մեջ»։ Ցուցահանդեսի առաջին` թեկուզ հենց գունային տպավորությամբ երևում է հեղինակներից շատերի տաղանդը, որ է և հույսը վաղվա մեր արվեստի։ «Գաղտնիք մը չէ, – ասաց նա, – որ ամբողջ աշխարհի մեջ արվեստը ճգնաժամի մեջ է` տարբեր իմաստներով, տարբեր պատճառներով` նյութականեն սկսյալ մինչև արվեստի հասկացողություններու կամ տարբեր որակի ընկալումներու, հարցերու կապակցությամբ։ Հայաստանի արվեստի այսօրվա իրավիճակի մասին մանրամասն տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ մեր երկրի ներկա բազմապիսի դժվարությունների ընդմեջեն այսպիսի գործ մը կատարելը և հառաջացնելը և այդ աշխատանքը պահպանելը արդեն հերոսություն կը ներկայացնե և շնորհակալություն հայտնել, որ այս գործը կատարելը առիթ կուտա մեզի փոքրիկ չափով մը օգտակար ըլլալ ձեզի։ Կուզեմ հավատալ, որ առաջիկա տարիներուն եթե կարելի ըլլա այս մրցանակաբաշխությունը պահել, միևնույն և ավելի որակով գործեր պիտի ներկայացվին, որոնք մեզի հույս կուտան, որ Հայաստանի արվեստի վաղվան օրը լավ ձեռքերու մեջ է»։ Մրցանակները բաշխվեցին 12 ուսանողների միջև, մնացածները ստացան մասնակցության վկայականներ։ «Գեղանկարչություն» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Դավիթ Սահակյանը («Գեղանկարչություն» մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրս), Երկրորդ մրցանակը տրվեց Արեգ Վահրամյանին, «Գեղանկարչություն» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրս), Երրորդ մրցանակը` Արման Վարդանյանին, («Գեղանկարչություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս), Խրախուսական մրցանակը` Էլեն Օհանջանյանին, «Գեղանկարչություն» բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս)։ «Գրաֆիկա» անվանակարգում` Առաջին մրցանակ ` Ադելինա Միքայելյան («Գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս), Երկրորդ մրցանակ` Մարիաննա Քոչարյան («Գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս), Երրորդ մրցանակ` Սոնա Ջարահյան («Գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրս), Խրախուսական մրցանակ` Ելենա Եղիազարյան («Գրաֆիկա» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրս)։ «Քանդակագործություն» անվանակարգ Առաջին մրցանակ` Աղվան Սահակյան («Քանդակագործություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս), Երկրորդ մրցանակ` Վահե Եղյան («Քանդակագործություն» մագիստրոսի կրթական ծրագրի 1-ին կուրս), Երրորդ մրցանակ` Նարեկ Ստեփանյան, («Քանդակագործություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրս), Խրախուսական մրցանակ` Անդրանիկ Բաբայան («Քանդակագործություն» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրս)։