«Իտալերեն լեզվի շաբաթը» ՀԳՊԱ-ում
«Իտալերեն լեզվի շաբաթը», որ նշվում է աշխարհի շատ երկրներում, իհարկե նպաստում է իտալական մշակույթի էլ ավելի տարածմանը. լեզուն տվյալ մշակույթի առաջնային կրողն ու ազգային ինքնության հիմքն է։ Ինչպես շատ երկրներում, Հայաստանում նույնպես արդեն տարիներ «Իտալերեն լեզվի շաբաթը» նշանավորում է տարբեր միջոցառումներով, մասնավորապես այն բուհերում, որտեղ ուսուցանվում է իտալերենը։ Եվ իհարկե՝ ի թիվս դրանց, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում:
Երեկ ակադեմիայի դահլիճում տեղի ունեցած «Արվեստը և կայունությունը» խորագրով միջոցառումը «Իտալերենը ողջ աշխարհում» ծրագրի շրջանակներում բովանդակային առումով հետաքրքիր, թեմայի ընտրությամբ թարմ, նաև օգտակար էր, մատուցմամբ՝ հաճելի։ Վաղուց արդեն ակադեմիայում հաջողությամբ իրականացվում է իտալերեն լեզվի ուսուցումը հմուտ մանկավարժ Անահիտ Մկրյանի դասավանդմամբ։ Կամընտրական ֆակուլտատիվի պարապմունքներին մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի տարբեր կուրսերի ուսանողներ, որոնց միավորում է սերը իտալական հարուստ մշակույթի, արվեստի հանդեպ, այն ավելի խորը իմանալու՝ մայրենի լեզվով ճանաչելու ցանկությունը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Ջովանի Նիկոլա Դիոնիզին, դեսպանատան ներկայացուցիչ Աննա Ռոզա Կոլանջելոն, դեսպանատան երկու իտալուհի ստաժորներ։ ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց տարիների արդյունավետ այն աշխատանքը, համագործակցությունը, համատեղ ծրագրերը, որ իրականացվել են Իտալիայի դեսպանատան հետ արվեստի և կրթության ոլորտում։ Այդ ամենի արդյունքում տարեցտարի ավելացել է իտալերեն սովորող ուսանողների թիվը։ Մաղթելով միջոցառման հաջող ընթացք, նա շնորհակալություն հայտնեց փոխդեսպանին, դեսպանատան աշխատակազմին՝ համագործակցության շարունակականությունը և զարգացումը ապահովելու համար։
Փոխդեսպան Ջովանի Նիկոլա Դիոնիզին շնորհակալությամբ դիմեց ներկաներին, ուսանողական թիմին, նկատեց, որ Գեղարվեստի ադեմիայի հետ համագործակցության շարունակելիության հիմնական պատճառն իհարկե իտալերենի դասընթացների կազմակերպումն է այստեղ, այն, որ ուսանողները սիրով են դա անում, գիտակցում այդ լեզվով մասնագիտական կրթությունը խորացնելու անհրաժեշտությունը։ «Դեսպանատունը դրական է ընդունում այն փաստը, երբ որևէ մեկը ցանկություն է հայտնում սովորել իտալերեն և առավելապես երբ նա գիտակցում է այդ լեզվի կարևորությունը, անհրաժեշտությունը մասնագիտական առաջընթացում»,- մասնավորապես նշեց նա։
Ընտրված թեման իսկապես հետաքրքիր էր։ Հագուստի մոդելավորում և Գեղանկարչություն կրթական ծրագրերի ուսանողուհիները ներկայացրեցին բնական հումքով աշխատելու մշակույթ։ Նրանք ցուցադրեցին, թե ինչպես կարելի է վերամշակել և դարձնել օգտակար ոչ պիտանի նկարչական թուղթը, բնական տարբեր միջոցներից, բանջարեղենի, համեմունքների և այլ հումքերի խառնուրդից ստանալ ներկանյութ, ցուցադրեցին կտավի իրենց ստացման եղանակը, ածուխի օգտագործումը նկարչության մեջ։ Տեսահոլովակի միջոցով ներկաներին ծանոթացրեցին, թե ինչպես օգտագործված հագուստից նոր հագուստ կարելի է ստանալ, ինչպես է հնարավոր գործվածքի վրա բնական տերևների և ծաղիկների դաջման միջոցով նոր տեքստուրա, նոր որակ ձեռք բերել։ Արդյունքը՝ ցուցադրված գեղեցիկ շարֆերն ու բարձիկներ էին։
Անահիտ Մկրյանը առանձնահատուկ սիրով է խոսում իր ուսանողների մասին, սիրով է դասավանդում, ասում է, թե որքան տարբեր է մայրենի լեզվի միջոցով տվյալ մշակույթին ինտեգրվել։ Այդ գործընթացին մեծապես աջակցում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։ «Իտալերեն լեզվի ուսումնական ձեռնարկներ, արվեստի մասին անհրաժեշտ գրականություն ստանալու համար դիմում ենք դեսպանատուն. Իտալիայի կառավարությունը դեսպանատան միջոցով է առաքում այն։ Մրցույթներում շահած ուսանողներին տրված է հնարավորություն իտալերեն լեզվի խորացված ուսուցում Պերուջա քաղաքում։ Իտալիայի կառավարությունը Հայաստանում իր դեսպանատան միջոցով իտալերեն սովորող ուսանողներին հնարավորություն է տալիս շարունակել մագիստրատոսական կրթությունը իտալական բուհերում, հարցազրույցը հաջող անցած ուսանողներին ապահովելով կրթաթոշակով»։
Նկատելի գոհունակությամբ հեռացան միջոցառման մասնակից հյուրերը դահլիճից։ Փոխդեսպան Ջովանի Նիկոլա Դիոնիզին դրվատեց լեզվական տիրույթում գործադրած ջանքերի արդյունքը, նկատելով, որ սա երաշխավորում է մասնագիտական հաջող ապագա։
Մելանյա Բադալյան