Հանդիպում առաջին կուրսեցիների հետ
Եվս մեկ սեպտեմբերի 1 և նոր ուսանողներ։ Կյանքի նոր փուլ նրանց համար, նոր միջավայր ու հնարավորություններ, որոնց օգտագործման արդյունավետությունը շատ առումներով կուրվագծի, ինչու չէ՝ կկանխորոշի նրանց ապագան։ Այս ուսումնական տարվա առաջին օրը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա ընդունված ուսանողների համար սկսվեց բուհի ղեկավարության հետ դահլիճում կազմակերպված հանդիպումով։
Ողջունելով նրանց մուտքը բուհական միջավայր, ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը ուսանողներին ներկայացրեց բուհի ղեկավարներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Եկատերինա Կաշինային, ֆինանսա-տնտեսական գծով պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանին, Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետների դեկաններ Էդիկ Վարդանյանին և Ավետիք Ավետիսյանին, ամբիոնների վարիչներին։ Նա տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվա հանդիպումներին հանգամանորեն կծանոթացնեն ուսումնական ծրագրերին, նաև՝ կամավորական, բուհում գործող ուսանողների աջակցության կենտրոնին, բոլոր այն հնարավորություններին, որոնք հարմարավետ ու արդյունավետ կդարձնեն ուսումնառության ընթացքը։
«Առաջին քայլերն եք անում բարձրագույն կրթության ճանապարհին, ամենակարևոր գործընթացը, որ կազդի ձեր ապագայի վրա՝ կախված նրանից, թե որքան լավ կաշխատեք եկող չորս տարիներին, որքան լավ մասնագետ կլինենք և ինչ հաջողություններ կունենաք ձեր մասնագիտական կարիերայում։ Ձեր ձգտումը պիտի լինի դառնալ մասնագետներ, որոնք ավելի լավ, հարմարավետ ու գեղեցիկ կդարձնեն մարդկանց կյանքը, որովհետև դիզայնի, ընդհանրապես արվեստի նպատակը դա է»,- ասաց Այվազյանը։
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը, Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը ողջունելով ուսանողներին, խոսեցին նրանց պարտականությունների, պատասխանատվության մասին, համառոտ ծանոթացրեցին ֆակուլտետի կառուցվածքին և հնարավորություններին։
Արամ Իսաբեկյանը, որ ներկայում ղեկավարում է Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնը, ողջունեց երիտասարդների այս ընտրությունը, որովհետև Գեղարվեստի ակադեմիան, ինչպես ինքն ասաց, փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի միակ բուհն է երկրի, գործում է 1945 թվականից, Հայաստանի պրոֆեսիոնալ նկարիչների 95 տոկոսը սովորել է այստեղ, լավագույն արվեստագետները դասավանդում են ակադեմիայում, որոնք ունեն մանկավարժական հմտություններ և լուրջ փորձ։ Իր անձնական փորձառությունից է նա ասում այս ամենը, քանի որ կյանքի մոտ 5 տասնամյակ անցել է այս բուհում, ուսումնառությունից մինչև ռեկտորական աշխատանք։ «Միակ նպատակը եղել է ուսանողների համար ստեղծել հնարավոր ամեն հարմարությունները՝ արդյունավետ սովորելու, աշխատելու համար»,- նշեց նա։
Իսաբեկյանը ընդգծված ողջունեց հատկապես նրանց , ովքեր իսկապես գիտեն, թե ինչու են ընտրել ՀԳՊԱ-ն․ «Սա պիտի լինի ներքին համոզմունքների արդյունք, որովհետև սա մաքառումների ճանապարհ է։ Արվեստը շատ կարևոր ճանապարհ է մարդու զարգացման, ինքնազգացողության համար, բայց և դաժան է. ով ունի շնորհք ու չի օգտագործում, պատժվում է…»։
Նորեկ ուսանողներին նա մաղթեց ընտելանալ արագ, զգալ իրենց ակադեմիական ընտանիքի անդամ. «Կյանքը փոփոխական է, այսօրվա ուսանողը հետո դառնում է կոլեգա, ընկեր, միասին ցուցահանդեսներ ենք անում. մենք ապրում ենք մի կոլեկտիվի պես։ Բարով եք եկել»։
Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը ակադեմիայում սովորելու ուսանողների ընտրությունը համարեց վստահության արտահայտություն, վստահություն բուհին, դասախոսներին։ «Ակադեմիական կրթությունը պարտադիր է, բայց վերջնական չէ, պետք է աշխատենք ձեր վրա, համագործակցեք ընկերների հետ. սովորում են ոչ միայն դասախոսներից, նաև՝ միմյանցից։ Մենք ձեզ ենք փոխանցում այն գիտելիքը, որ տարիներով կուտակել է մեր ավագ սերունդը, և վստահությունը շատ կարևոր է։ Մենք բոլորս պատրաստ ենք աջակցելու ձեզ»,- ասաց նա։
Մելանյա Բադալյան