Հայ-իրանական ցուցահանդես. «Կամուրջ Արաքսի վրա»
Հայաստանի Հանրապետության համար միջազգային քաղաքական ներկա իրավիճակի առաջնահերթություններից է դիվանագիտական կայուն հարաբերություններ ունենալ, պետականանպաստ կապեր հաստատել մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրների հետ։ Հայ-իրանական հարաբերությունները վաղեմի սկիզբ ունեն՝ ձևավորված հնագույն ժամանակներից, շարունակվող մինչև այսօր։ Այդ հարաբերությունների դրսևորման լավագույն միջոցներից մեկն արվեստի լեզուն է։
Անցած տարի հուլիսին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Կարճ ժամանակ անց այն կյանքի կոչվեց ակադեմիայի դահլիճում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսով, ապա և մեր ուսանողները եղան Թավրիզի համալսարանում, կազմակերպվեց ցուցահանդես, եղան գործնական պարապմունքներ։
Հուլիսի 1-ին Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում բացված հայ-իրանական «Կամուրջ Արաքսի վրա» խոսուն վերնագրով ցուցահանդեսը երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություններից է։ Բավական ծավալուն ցուցահանդեսը ներկայացնում է իրանցի 89 արվեստագետի 160 աշխատանք՝ մասնակցությամբ տասը հայտնի արվեստագետների և հայ արվեստագետների 32 աշխատանք։ Ցուցահանդեսը աչքի էր ընկնում բազմազանությամբ. ներկայացված էին իրանական գեղանկարչության տարբեր շերտեր՝ արևելքի գունային ճոխություններով, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, մասնավորապես կերամիկական, ձեռագործ տարբեր աշխատանքներ՝ պայուսակների, գունագեղ ծածկոցների տեսքով։ Զուգահեռ ՀԳՊԱ-ի ուսանողների գեղանկարչական և քանդակային աշխատանքներն էին։
«Կամուրջ Արաքսի վրա» խորագիրը պատահական չէ, մենք Իրանի հետ խորը պատմական կապեր ունենք՝ մշակութային հենքով։ Եթե մշակութային դիվանագիտությունը ճիշտ է ընթանում, նպաստում է կյանքի մնացած ոլորտների հարաբերությունների զարգացմանը։ ՀԳՊԱ-ի և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև համագործակցության իրականացման մեջ մեծ ներդրում է ունեցել արվեստի մենեջեր Հաբիբ Դիդարը։ Այս օրերին մի խումբ արվեստագետների հետ նա Հայաստանում է և ներկայացնում է իրանական արվեստը։ Մենք ունենք նմանություններ և տարբերություններ, դրանք մեր մշակույթի առանձնահատկություններն են և հարստությունները։
«Ընդամենը գետը՝ Արաքսն է բաժանում երկու պետություններին, բայց մշակույթը միացնում է»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը, խոսքը փոխանցելով Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանիին։ Ողջունելով ներկաներին՝ նա խոսեց հայ-իրանական հարաբերությունների պատմականորեն ձևավորված ամուր հիմքերի, իր ղեկավարած կենտրոնի գործունեության, մասնավորապես հայ-իրանական մշակութային կապերի զարգացմանը նպաստող ծրագրերի մասին. «Դրա լավագույն միջոցը արվեստը, արվեստագետներին փոխադարձ ճանաչելի դարձնելն է։ Անցած տարի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի և Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի միջև կնքված հուշագիրը այսօր մենք գործնական հարթության վրա ենք դնում, այն չի մնում թղթի վրա»։
Նա ներկաներին հրավիրեց Կապույտ մզկիթում կազմակերպված Իրանի տասը նահանգների արվեստագետների ձեռարվեստի ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև հայ արվեստագետներ. «Մենք կարևորում ենք Կապույտ մզկիթի՝ կապող կամրջի, մշակութային երկխոսության կենտրոնի վերածելու դերը։ Մեր պարտականություններից մեկն է նպաստել փոխադարձ համագործակցությանը, նման ցուցահանդեսների հահախակիությանը։ Մենք չենք սահմանափակվում մշակույթի միայն այս ոլորտով, աջակցում, նպաստում ենք արվեստի տարբեր ճյուղերի համագործակցությանը»։
Արվեստի երկու հաստատությունների համագործակցության մեջ դերակատարում է ունեցել ՀԳՊԱ-ի գրաֆիկայի բաժնի նախկին ուսանողուհի Մարիամ Գալստյանը։ 2021-ին նա եղել է Թավրիզում, ծանոթացել է իրանական մշակույթին, նրա հարուստ դասական և ժամանակակից արվեստին, ունեցել է հնարավորություն տեսնելու, համեմատելու հայկական և իրանական մշակույթների առանձնահատկությունները, եղել է Թավրիզի իսլամական արվեստի համալսարանում։ Նա խոսեց համալսարանի նկարչական բաժնի մասին, որն ունի երեք տարվա պատմություն՝ պարսկական նկարչություն, գրաֆիկա, արվեստի տեսություն մասնագիտություններով, 450 ուսանողներով և տասը դասախոսներով, «որոնց աշխատանքը միտված է ոչ միայն արվեստագետ դաստիարակելու, այլև արվեստը ներկայացնելու որպես կյանքի իրական, ամենօրյա մաս»։
Մերի Պատվականյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կտևի 12 օր, շնորհակալությամբ Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանին՝ ցուցասրահի տրամադրման և աջակցության համար։
Մելանյա Բադալյան