Տպավորություններ գեղարվեստական կրթության խնդիրներին նվիրված մոսկովյան հանդիպումից
Ապրիլի 25-26-ը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների մշակույթի և արվեստի կրթական ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նունե Մինասյանը։ Հանդիպման կազմակերպիչն ու կորդինատորը Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի տնօրինությունն էր։ Նրանց ներկայացուցիչները ավելի վաղ եղել էին Հայաստանում, համերգներով հանդես եկել կոնսերվատորիայում, վարպետաց դասեր անցկացրել։
Նախորդ՝ 2019-ի նմանաբնույթ հանդիպւմն ավելի ընդգրկուն է եղել մասնակից երկրների առումով. այս տարվանը միջազգային ասպարեզում Ռուսաստանի քաղաքական հայտնի իրավիճակներով պայմանավորված սահմանափակվել էր միայն ԱՊՀ երկրների մասնակիցներով։ Մշակույթի, արվեստի կրթության պայմաններին ու վիճակին էին նվիրված մասնակից երկրների ներկայացուցիչների (Հայաստան, Ղազախստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան) զեկուցում-ելույթները։
Մեր զրույցում Հայաստանի ներկայացուցիչը՝ ՀԳՊԱ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նունե Մինասյանը խոսեց մոսկովյան հանդիպման ընդհանուր տպավորություններից, հյուրընկալ վերաբերմունքից և այն խնդիրներից, որոնք իր զեկուցման մեջ հնչեցրել էր նա։
Իսկ գեղարվեստական կրթության ոլորտում չլուծված խնդիրները քիչ չեն։ Նա անդրադարձել է պրոֆեսորադասախոսական կազմի դժվարություններին, աշխատավարձի սղությանը և որպես հետևանք՝ որակյալ մասնագետների արտահոսքին։ Մասնագիտությունների գծով դիմորդների անհավասարաչափությանը, երբ հիմնական պահանջարկը ժամանակակից մասնագիտությունների գծով են՝ համակարգչային գրաֆիկայի, դիզայնի, հագուստի մոդելավորման։ Մինչդեռ, արվեստաբանության բաժին մեկ կամ երկուսն են դիմում, ինչը կբերի մասնագետների խիստ պակասի։
Հաջորդը դասաժամերի սահմանափակման խնդիրն է, երբ ուսանողը շաբաթական 30 լսարանային ժամից ավելի չի կարող ունենալ, քանի որ պետական ծրագրով պարտադիր առարկաներ կան և մասնագիտական առարկաներին համեմատաբար քիչ ժամեր են մնում։ Գեղարվեստական կրթության վճարովիության հարցը ևս ուշադրության է ներկայացվել։ Շնորհալի շատ ուսանողներ ստիպված են լինում ուսմանը զուգահեռ աշխատել, ինչն ազդում է նրանց առաջադիմության վրա։ Չլուծված է մնում նաև աշխատաշուկայի խնդիրը։ Մինասյանը հղում արեց Բելառուսի ներկայացուցչին, որի խոսքերով այդ երկրում գեղարվեստական կրթությունն անվճար է, և շրջանավարտները ավարտելուց հետո նշանակվում են աշխատանքի։ Արվեստի ասպարեզում արտմենեջմենթային գործունեությունը ևս դիտարկվել է չկայացված։ «Տաղանդավոր շատ նկարիչների գործեր մնում են արվեստանոցներում, չկան պրոֆեսիոնալներ՝ նրանց արվեստը լուսաբանելու, հանրությանը ներկայացնելու»։
Բուհերի վարկանիշավորման ցուցակում առաջատար տեղ զբաղեցնելը նույնպես խնդրահարույց է, քանի որ ըստ վարկանիշավորման ընդունված չափանիշների մի շարք դեպքերում հաշվի չեն առնվել գեղարվեստական կրթության առանձնահատկությունները։ «Դասախոսի հոդվածի վրա հղումների թվի պարագայում մենք ունենք խնդիր, մեր դասախոսները հիմնականում արվեստագետներ են, մեզ մոտ այդ չափանիշը բավարար չի կարող լինել, և վարկանիշավորման ցուցակում կունենանք խնդիր»,- ասում է Նունե Մինասյանը։
Նա անդրադարձավ նաև կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանի բարձրացրած խնդիրներից մեկին՝ կապված գիտական աստիճանների շնորհման մեջ սպասվելիք փոփոխություններին։ «Մեզ մոտ մինչ այժմ դա երկաստիճան է՝ գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր։ Նոր փոփոխություններով նախատեսվում է թողնել միայն վերջինը։ Այսինքն՝ նրանք ովքեր նախկինում թեկնածուական են պաշտպանել, մի՞թե հավասարվելու են դոկտորական մակարդակի»։
Այս և բազմաթիվ այլ խնդիրներ քննարկվել են զեկուցումների ընդմիջումներին, շնորհանդեսներին հետևող տարբեր հանդիպումների ընթացքում, փորձել են մշակել համագործակցության ձևեր, փնտրել լուծման միջոցներ, որոնց հստակեցումը հնարավոր է ծրագրի շարունակականության պարագայում։ Ըստ Նունե Մինասյանի, իր հնչեցրած որոշ խնդիրներ անըմբռնելի են եղել, ինչպես՝ գեղանկարիչ շրջանավարտներին աշխատատեղերով ապահովելու դժվարությունները, ամենայն հավանականությամբ անտեղյակության պատճառով, երբ նկատի չի առնվել տվյալ երկրի հնարավորությունները, աշխատաշուկայի ծավալների տարբերությունները և այլն։
Իհարկե աջակցության առաջարկներ նույնպես եղել են, սակայն ներկա պայմաններում դեռևս անիրականանալի, հնարավոր իրատեսականը միջոլորտային ծրագրերի գաղափարն է եղել, ինչպես՝ գեղանկարիչների, բեմանկարիչների և երաժիշտների համատեղ նախագծերը, չնայած դրանք էլ կարճաժամկետ են, ավելի հպանցիկ։
Իսկ հյուրերին պատշաճ ուշադրության առումով գոհունակության պակաս չի զգացվել։
Մելանյա Բադալյան