Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի հաշվետու ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ֆակուլտետների հաշվետու ցուցահանդեսները ուսումնառության ընթացքի լավագույն ցուցանիշներն են. այն տարիների ավանդույթ ունի այստեղ։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ղեկավարությունը վեց տարի առաջ մտահղացավ նման ցուցահանդեսների կազմակերպման, որը հետագայում պարբերական բնույթ կրեց։ Ֆակուլտետի այս տարվա հաշվետու ցուցահանդեսը բացվեց երեկ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։
Բացման խոսքում ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, որն այս գաղափարի մտահղացողներից է եղել, կարևորեց ցուցահանդեսային նման ֆորմատը։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը խոսելով տարեցտարի նկատվող առաջընթացի մասին, անդրադարձավ նման ֆորմատի ցուցահանդեսների հիմքում ընկած հիմնական կոնցեպցիային, այն է՝ «ոչ թե որևէ առաջադրանքի շուրջ՝ կապված բնորդի, միջավայրի հետ, այլ դրանց ազատ, ստեղծագործական բնույթը»՝ որպես արտահայտություն գիտելիքի այն պաշարի, որ ուսանողը ձեռք է բերել այդ 3,5-4 տարիների ընթացքում։ Նա ասաց նաև, որ աշխատանքներն ավելի շատ են եղել, և որ դրանք հնարավորության դեպքում կցուցադրվեն հետագայում։
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը հավելեց, որ նման ցուցահանդեսների ազատ, ստեղծագործական բնույթի նախաձեռնողներից է եղել ամբիոնի նախկին վարիչ Սարո Կալենցը, որտեղ կարևորվել է ուսանողի ստեղծագործական մտածողության զարգացումը՝ ակադեմիական գծանկարչությունից անցումն ազատ, ինքնուրույն մտածողության։ Նա նկատեց, որ ցուցահանդեսի աշխատանքների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ուսանողների, նաև դասախոսների ներդրած ջանքերով՝ սկսած առաջին կուրսից, ակադեմիական գծանկարից, դիմանկարից, բնորդի ուսումնասիրությունից, մինչև դեկորատիվ-ստեղծագործական։ Ընդգծեց յուրաքանչյուր ուսանողի հանդեպ տարվող անհատական մոտեցումը՝ տեսնելու նրա մեջ ամենաբնորոշ որակներն ու զարգացնելու դրանք։
Ցուցահանդեսային աշխատանքները աչքի էին ընկնում բազմազանությամբ, բազմաժանրությամբ, տարաբնույթ լուծումներով՝ պլակատային, կերպարային, միջավայրային։ Ցուցահանդեսի նորությունը՝ «Լավագույն աշխատանք» մրցանակ-վկայագրերի շնորհումն էր՝ ոգևորող, խթանող նշանակությամբ, իհարկե։ Մինչ այդ Վահե Գասպարյանը տեղեկացրեց, որ Գծանկարչության և գունանկարչության ամբիոնը երկրորդ տարին է՝ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի գծանկարի ամենամյա միջազգային մրցույթին՝ շահելով մրցանակային տեղեր․ անցած տարի դեկորատիվ գծանկարչություն անվանակարգում մեր ուսանողները գրավել են առաջին և երկրորդ տեղերը, իսկ այս տարվա մրցույթին ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի մասնակից տասը ուսանողից երկուսը մրցանակային տեղեր են զբաղեցրել՝ առաջինում՝ Լիլիթ Տոնեյանը, երրորդում՝ Լիդա Ավետիսյանը։
Ֆակուլտետի հաշվետու այս ցուցահանդեսի «Լավագույն աշխատանք» վկայագրերին արժանացան Լուսինե Ավետիսյանը, Աննա Հունանյանը, Լուիզա Վարդապետյանը, Մերի Ավետիսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անի Իսաղուլյանը, Սրբուհի Ստեփանյանը, Աննա Հովհաննիսյանը։
Մելանյա Բադալյան