Կարոյ Էստերհազիի անվան Կաթոլիկ համալսարանի դասախոսները հյուրընկալվեցին ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան արդեն հինգ տարի է համագործակցում է Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան Կաթոլիկ համալսարանի հետ և արդեն հասցրել է իրականացնել ուսանողների և դասախոսների փոխանակում Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում։
Այս պահին էլ ունենք երկու ուսանող, որ գտնվում են վերոնշյալ համալսրանում՝ մեկ կիսամյակ կրթաթոշակով ուսանելու և երկուի ուսանող էլ հյուրընկալել ենք միևնույն համալսարանից նույն նպատակով։ Նույն ծրագրի շնորհիվ վերջերս, ապրիլի 25-28-ին, ՀԳՊԱ-ում դասախոսություններով հանդես եկան վերոնշյալ համալսարանի երեք դասախոսներ՝ արվեստաբան-նկարիչներ Լիլի Բորոսը, Յուլյա Էգերվարին և Փիթըր Լիպկովիքսը։
Լիլի Բորոսը հանդես եկավ «Սրբապատկերներից մինչև սյուրռեալիզմ», դասախոսությամբ՝ ներկայացնելով տվյալ ժանրի ամենահայտնի հունգարացի նկարիչ Լայոշ Վայդային, նրա կյանքն ու ստեղծագործություներն իրենց առանձնահատկություններով։ Հաջորդիվ՝ մյուս օրերին, դասախոսություններ կարդացին Յուլյա Էգերվարին՝ «Արվեստը բնության մեջ» («Nature art») թեմայով և Փիթըր Լիպկովիքսը՝ «Աշխատանքի համար ընտրված նյութը և իր ուղերձը», ինչպես նաև «Նյութերի՝ իմ ընտրության գաղափարը» թեմաներով։
Մինչ դասախոսություններին անցնելը հյուրերը փոքրիկ շրջայց կատարեցին ՀԳՊԱ-ի լաբորատորիաներով և արվեստանոցներով, ինչպես նաև այցելեցին ակադեմիայի ետնաբակը, որտեղ քանդակագործության ուսանողները պատրաստվում էին իրենց դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը։ Ի դեպ, շատ հավանել էին տիրող արվեստի մթնոլորտն ու միջավայրը։ Առաջին անգամ լինելով Հայաստանում, հյուրերը տպավորված էին նաև Երևանի թանգարանային ժառանգությամբ և պատրաստվում էին իրենց ազատ միակ օրը նվիրել մոտակա եկեղեցիներ այցելելուն։
Արտաքին կապերի բաժին