Կայացել է 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում երեկ տեղի է ունեցել 2022-ի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:
Հայաստանի բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց շնորհվել է 458 000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանող, որոնք ստացել են 348 000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողի տրվել է 233 000-ական դրամ կրթաթոշակ: Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: ՀԳՊԱ-ի «Համակարգչային գրաֆիկա» մագիստրոսի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը և Դիլիջանի մասնաճյուղի «Դեկորատիվ կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Վարդանյանը մշակույթ-սպորտ ոլորտում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին և 3-րդ տեղերը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար, ասել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը պատվաբեր, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող Է: Նախարարը նաև նշել է, որ ուսումնառության ընթացքում նա ևս արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը, որը շատ պարտավորեցնող է եղել. «Դու գիտակցում ես, որ կարող ես օրինակ լինել մյուս ուսանողների համար, որ այսուհետ քո վարքը լավագույն ուսանողի վարք է և մեծ պատասխանատվություն ես զգում: Իրականում մեզնից յուրաքանչյուրն է ընտրում՝ արժևորելու այս մրցանակի կարևորությունը: Ձեր անձնական և անհատական արժևորումից է կախված նաև, թե դուք այս փոքրիկ հաջողությունն ինչպես կօգտագործեք ձեր հետագա կյանքի մեծ հաջողությունների ճանապարհին: Այս մրցանակը նաև վստահություն կհաղորդի ձեր ուժերի հանդեպ. այն ոչ միայն գիտելիքի գնահատում է, այլև ձեր՝ որպես քաղաքացու, գնահատականն է, ինչն այս մրցույթի կարևոր բաղադրիչներից մեկն է»:
Նախարարն ուսանողներին մաղթել է, որ այս հաղթանակը նրանց մասնագիտական և քաղաքացիական ճանապարհին խթան հանդիսանա առաջ գնալու, նորանոր հաջողություններ ունենալու համար. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր շրջապատում արդեն իսկ ապացուցել է, որ այսօրվա մրցույթի արդյունքը պատահական չէ և օրինաչափ է: Հուսով եմ, որ կշարունակեք նույն ոգով»: