Ֆրանկոֆոնիայի գիշեր Ֆրանսիական համալսարանում
Երգ, նկարչություն, խոհարարություն, ֆրանկոֆոն մշակույթ. մարտի 24-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տոնում էր ֆրանկոֆոնիան իր բոլոր դրսևորումներով։ Ֆրանկոֆոնները և ֆրանկոֆիլները՝ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եկել էին միասին ուրախ երեկո անցկացնելու ֆրանկոֆոնիայի արժեքների շուրջ։ «La nuit de la Francophonie» միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը, ով նվերներ հանձնեց մրցույթների հաղթողներին և մասնակիցներին դեսպանության կողմից։
Նկարչության մրցույթում հաղթող ճանաչվեց ՀԳՊԱ-ի Հագուստի մոդելավորում կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի Սյուզն Գրիգորյանը։ Նա վերջերս Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանեց Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանում, իսկ վերադարձից հետո մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցառմանը, որի ժյուրիի անդամներից մեկը ես էի։ Խոստովանեմ, ինձ համար դժվար էր գնահատել ՀԳՊԱ-ի ուսանողին, բայց քանի որ ժյուրիի մյուս անդամների գնահատականները համընկան, առավել ուրախալի է մեր ուսանողուհու հաղթանակը։
Միջոցառումը կրում էր «Խաղաղություն, համերաշխություն, եղբայրություն, բազմազանություն» խորագիրը։ Ուսանողներին առաջարկված էր ստեղծագործել այդ թեմայի շրջանակներում։ Սյուզնի «Եղբայրություն» գործը այնքան բարձր գնահատվեց, որ վերջինս այն նվիրեց Ֆրանսիական համալսարանին։
Մերի Պատվականյան
Արտաքին կապերի բաժնի վարիչ